Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարականի արտառոց պահանջ Գյումրիում․ «Սամվել Բալասանյանը որոշել է անվստահություն հայտնել ինքն իրեն»

Մայիս 14,2018 18:30

Գյումրու «ԳԱԼԱ» խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարկեց մի փաստաթուղթ, համաձայն որի՝ ավագանու «Բալասանյան դաշինքի» 10 անդամներ, որոնցից շատերը խիստ մտերմիկ հարաբերությունների, բիզնես շահերի մեջ են գտնվում Գյումրու քաղաքապետի հետ, հրավիրում են ավագանու նիստ՝ նրան անվստահություն հայտնելու։

Ըստ այդ փաստաթղթի, նրանք քաղաքապետի պաշտոնում առաջադրում են իրենց թեկնածուին՝ դարձյալ «Բալասանյան դաշինքի» անդամ Տիգրան Հովհաննիսյանին, որն աշխատում է Բալասանյաններին պատկանող գարեջրի գործարանում ու, ըստ որոշ տեղեկությունների, նրա որդու մոտ ընկերն է։ «Բալասանյան դաշինքի» անդամների ստորագրությանը միացել էին նաև ավագանու երկու անդամներ՝ ԲՀԿ-ից և մեկը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից։

Ինչևէ, հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են պարոն Բալասանյանի մտերիմները որոշել նրանից «ազատվել», քաղաքապետարանի պաշտոնական էջից վերցրեցինք այդ նախաձեռնության տակ ստորագրած ավագանու անդամների հեռախոսահամարները հերթով զանգահարելով նրանց։ Ավագանու անդամները հեռախոս չէին վերցնում: «Բալասանյան դաշինքից» միակը, որը վերցրեց հեռախոսը, Մխիթար Սահակյանն էր։ Մեր հարցին՝ ո՞րն է պատճառը Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու, ավագանու անդամն անկեղծորեն ասաց․ «Հեչ մի պատճառ էլ չկա»։

Դիտարկմանն՝ այդ դեպքում ինչո՞ւ եք անվստահություն հայտնում, մտերիմ չե՞ք պարոն Բալասանյանի հետ, Մխիթար Սահակյանն ասաց․ «Սաղ ուզում են անել, մենք էլ ուզեցինք, մերը հայկական վարիանտ է, ասում են՝ ինչխ օր սաղ ծաղկի խանութ կդնեն, մենք էլ կդնենք։ Մենք էլի լավ հարաբերությունների մեջ ենք, Բալասանյանն էլի կաշխատի»։ Ճշտող հարցին ՝ բա ինչո՞ւ եք այդ մարդուն անվստահություն հայտնում, նիստ չե՞ք գումարելու, Մխիթար Սահակյանը պատասխանեց․ «Իրեն ոչ մի բան չենք անում․ մարդիկ կան մի բան անում են, մի տարի հետո են փոշմանում, վեց ամիս հետո են փոշմանում, երկու տարի հետո են փոշմանում, մենք էլ կարող է երկու օր հետո փոշմանենք»։ Այսինքն՝ նիստն եք չեղյալ համարո՞ւմ, մեր զրուցակիցն ասաց․ «Չէ, ինչո՞ւ, կարող է Տիգրան Հովհաննիսյանին չուզենք, թողնենք Բալասանյանին»։

Այս թեմայի շուրջ մենք զրուցեցինք Գյումրու «ԳԱԼԱ» խմբակցության ավագանու անդամ Քրիստինե Մկրտչյանի հետ, որը ևս հայտնեց, որ առաջադրվող թեկնածուն գարեջրի գործարանի աշխատակից է և Սամվել Բալասանյանի տղայի մոտ ընկերը։

«Ես կարծում եմ քաղաքական իրավիճակ է փոխվել երկրում, և Սամվել Բալասանյանը նպատակ ունի ամրացնել իր տեղը, մտավախություն ունի կորցնելու և դրա համար այս գործընթացն է սկսել։ Այն ես կանվանեմ այսպես՝ Սամվել Բալասանյանը որոշել է անվստահություն հայտնել Սամվել Բալասանյանին։ Սա իր խաղն է, սա իր նախաձեռնությունն է և անվստահություն հայտնելով՝ ուզում է ձեռք բերել լրացուցիչ վստահություն։ Այսինքն ի՞նչ է արվելու, ըստ էության, օրենքը 11 հոգուց է պահանջում ստորագրություն, բայց 13 հոգուց հավաքվել է ստորագրություն, որից երկուսը, եթե չեմ սխալվում, ԲՀԿ անդամ են, մեկը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից։

Անվստահություն հայտնելու հարցը կդրվի, արդյունքում Սամվել Բալասանյանը լրացուցիչ վստահություն ձեռք կբերի, այսինքն՝ նոր թեկնածուին, որն առաջադրվում է, բնականաբար, իրենք կմերժեն, և Սամվել Բալասանյանը վստահություն ձեռք կբերի։ Սամվել Բալասանյանն, ըստ էության, նորից կվերանշանակվի կամ ավելի վստահություն կունենա։ Ինչի՞ համար են սա անում․ ՏԻՄ օրենքով սահմանված է, որ այդ հարցը քննարկելուց հետո առնվազն մեկ տարի հետո միայն կարող են անվստահություն հայտնել քաղաքապետին։ Եվ քանի որ այս ամենից առաջ նման հարց քննարկվեց․ Հովհաննես Մարգարյանն այս մասին հեռուստաընկերությամբ հայտնեց, ասաց, որ հնարավոր է 11 հոգու ստորագրությամբ անվստահություն հայտնեն Բալասանյանին, իրենք որոշեցին այդ գործընթացներից առաջ ընկնել, իրենք հայտնեն անվստահություն, այդ անվստահության գործընթացով վստահությամբ օժտել Բալասանյանին։

Սերժ Սարգսյանը գնաց, բայց իր խոսքերը մնացին, սա նմանվում է կրկեսի, փորձում են կրկեսի վերածել քաղաքապետարանը և շատ անհետաքրիքր խաղ է ստացվելու, շատ վատ խաղ են նախաձեռնել։ Եվ մենք կոչ ենք անում իրենց, որ նման մանր խաղեր չխաղալ, որովհետև առաջիկայում իսկապես անխուսափելի են լինելու լուրջ փոփոխությունները, երկրում իրավիճակ է փոխվել, օրենսդրական փոփոխություններ են լինելու, արտահերթ ընտրություններ են լինելու։ Մենք գիտենք՝ ինչպես են անցել Գյումրիի ընտրությունները և առհասարակ բոլոր ընտրությունները՝ խախտումներով, ընտրակեղծիքներով, գումարած նաև բոնուսների միջոցով երկու մանդատ նվիրելով։ Ամբողջ ընտրություններն են կեղծված և Գյումրուն նոր ընտրություն է պետք։

Հիմա նոր խաղ մոգոնել և մյուս կողմերին ներքաշել խաղի մեջ, անօգուտ է։ Մենք նպատակ չունենք ներքաշվել այս խաղի մեջ՝ եթե իրենք ակնկալում են, որ մեր թեկնածուն առաջադրենք կամ այլ թեկնածու առաջադրենք, սա անօգուտ է, եթե Բալասանյանը նպատակ ունի գոնե մեկ տարով իր թիկունքն ամրացնել, չի ստացվելու, կրկնում եմ առաջիկայում լուրջ գործընթացներ են սկսվելու, նոր ընտրություններ են ակնկալվում։

Այնուամենայնիվ ամսի 16-ին շատ հետաքրքիր կլինի լսել թեկնածուին՝ Տիգրանին Հովհաննիսյան, որը մեր կողքին է նստած եղել, բայց այսքան ժամանակ իրենից որևէ բառ չենք լսել և շատ կուզենաք լսել, թե ինչ է ասելու, ինչ է խոսելու, ինչ է ներկայացնելու։ Ես վստահ եմ, որ մինչև Հովհաննիսյան Տիգրանին գտնելը Բալասանյանը մի քանի ուրիշ մարդկանց էլ է առաջարկել, սակայն բոլորը հրաժարվել են, թե ինչու են կանգ առել իրենց միջի ամենախեղճ կամ, միգուցե ամենահամեստի վրա, կարողացել են համոզել, այնուամենայնիվ կարծում եմ վիրավորական է իրեն նման դերում հայտնվելը, ինքը ի սկզբանե գիտի՝ ինքը լինելու է թեկնածու, որին մերժելու են և շատ կուզենայի պատկերացներ խաղը, ինչի մեջ ինքը ներքաշվելու է։

Քիչ հավանական ենք համարում, որ իրեն ընտրեն, ինքը դառնալու է գործիք, որով Բալասանյանը խաղալու է մեկ տարի շարունակ։ Կոչ ենք անում իրեն սթափ լինել, լավ կլիներ ինքն էլ հրաժարվեր այդ խաղը խաղալ։ Կուզենայինք լսել «Բալասանյան դաշինքի» այն անդամներին, որոնք նախաձեռնել են անվստահության գործընթացը, ինչո՞ւ են դժգոհ Բալասանյանից, հետաքրքիր է՝ իրենց ո՞ր հույսերը չեն արդարացել, որ որոշել են անվստահություն հայտնել։

Նրանք այն մարդիկ են, որոնք ոչ միայն դեմ չեն քվեարկել Բալասանյանին տարիներ շարունակ, այլ տարբեր բիզնես գործարքների մեջ են եղել իր հետ, և ընտրությունների ժամանակ իրենք են եղել ձայներ ապահովողը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031