Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Աբրահամին ձեռքով արեցինք՝ շան տեղ չդրեց». ինչ գրառումներ է արել սփյուռքի նոր նախարարը՝ ֆեյսբուքում (Ֆոտոշարք)

Մայիս 12,2018 16:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նշանակված սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանը հայաստանյան հանրությանը հայտնի է բողոքի մի քանի ակցիաներից:

Նա Խորենացիում է եղել ՊՊԾ գնդի գրավման դեպքերին հաջորդած փողոցային պայքարի ժամանակ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ակտիվիստներից է, «Քայլ արա» շարժման առաջին օրերից ուղեկցել է Նիկոլ Փաշինյանին, մինչ այդ եղել է Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի անդամ, թուրքագետ է, նորարարական մի շարք ծրագրերի է մասնակցել:

Քանի որ շատ տեղեկություններ չկային երիտասարդ նախարարի մասին, մենք ուսումնասիրեցինք նրա ֆեյսբուքյան էջը, գրառումները՝ փորձելով հասկանալ, թե ինչով է զբաղված եղել Մխիթար Հայրապետյանը, ինչ հետաքրքրություններ ունի եւ այլն:

Նա «Համշեն Տուրի» համահիմնադիրներից է, ֆեյսբուքյան լուսանկարներից, գրառումներից դատելով՝ բավականին շատ ճամփորդել է: Երբեմն նա հանդես է եկել հետաքրքիր վերլուծականներով, որոնք հրապարակվել են նաեւ Aravot.am-ում:

Ուշագրավ է, որ ապրիլի 21-ին նախարարը մի գրառում է նվիրել ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին. «Քիչ առաջ տեսա, որ Շմայսը, որը, ի միջի այլոց, լավագույնս է մարմնավորում ՀՀԿ-ն, մեր պայքարը որակեց որպես հիմարություն, ու որոշեցի մի 2-3 րոպե ծախսել իր վրա: Գիտեք, երբ Շմայսն իր կարիերայի ընթացքում ամեն անգամ հերթական էշությունն էր դուրս տալիս կամ անում, շրջապատումս մարդիկ ներվայնանում էին, քֆրտում, ասում էին՝ որ օրը իրենց ձեռքն ընկավ, սատկացնելու են, մինչդեռ ես շարունակ պնդում էի՝ թեթև տանեն՝ համոզելով, որ ոչինչ, նա անգամ արժանի չէ, որ իրեն շան տեղ դնենք: Բայց… Մարկ Տվենը գրումա մի հոդված, որտեղ տառացիորեն կարդում ենք հետևյալ խոսքերը. «Միստեր ”S”-ը (իրեն ժամանակակից մեծահարուստներից մեկն էր) արժանի չէ, որ մենք թքենք նրա երեսին»: Վերոնշյալ անձը դատիա տալիս Տվենին և պահանջում, որ վերջինս ներողություն խնդրի իրենից: Դատարանը մեղավորա ճանաչում Մարկ Տվենին և պահանջում ներողություն խնդրել Միստեր ”S”-ից: Տվենը կանգնումա ամբիոնի մոտ և ասում. «Ես ներողություն եմ խնդրում Միստեր ”S”-ից հետևյալ խոսքերն ասելու համար` նա արժանի չէ, որ մենք թքենք նրա երեսին, և պնդում եմ ճիշտ հակառակը…»: Ասածս ինչա, ես էլ եմ ներողություն խնդրում ու պնդում ճիշտ հակառակը՝ Շմայսն արժանիա»,- գրել է նախարարը:

Իսկ 2017-ի սեպտեմբերին արված գրառմամբ Մխիթար Հայրապետյանը պատմում է մի շատ ուշագրավ դրվագ. «Եթե Գերմանիա տեղ ասում եք՝ Արմենիայից եք եւ շշմած ձեզ վրա են նայում՝ Ռումինա-Ռումինա կրկնելով, ձեզ մի կորցրեք, անմիջապես տվեք, անմիջապես տվեք Արթուր Աբրահամի անունը, ստեղ պատ ա ծակում: Կամ էլ իսկապես տեղն են բերում մեր երկիրը, կամ էլ ուղղակի վախից են ասում՝ ա՜, Արմենիա՜, բա ոնց չգիտենք:

Հ. Գ.- Իմիջիայլոց, հենց երեկ Բեռլինի Կուդամ պողոտայում տեսանք իր շքեղ մեքենայով անցնող Արթուրին, շատ հաճելի զգացողություն էր, ձեռքով արեցինք, շան տեղ չդրեց»:

Գրառումներից մեկում էլ նախարարը դժգոհում է «Զվարթնոց» օդանավակայանի տաքսիստներից:

Մանրամասները՝ սքրինշոթերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նորանշանակ նախարարն ասել է, որ Սփյուռքի հետ աշխատանքը իր համար նոր չէ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը ղեկավարել է «ՔՊ» Սփյուռքի հետ կապերի բաժինը։ Չնայած երիտասարդ տարիքին՝ վստահ է, աշխատանքի շնորհիվ կապացուցի, որ արժանի է լինել այդ տեղում. «Պատասխանատվությունը սարսափելի մեծ է` անկախ տարիքից։ Մենք ստանձնել ենք քաղաքական պատասխնատվություն հանրության, ժողովրդի առաջ։ Չունեմ մտավախություն կապված վարչական կառավարման փորձի պակասի հետ, քանի որ տարիներ շարունակ համակարգել եմ կուսակցության Սփյուռքի հետ կապերը։ Տեղյակ եմ ոլորտի խնդրիրներին։ Նախընտրական շրջանում այս ոլորտում մեր ծրագիրը մշակողներից մեկն եմ եղել։ Պատկերացում ունեմ լուծման տարբերակների մասին։ Իհարկե, նախարարության գործունեության ընթացքում դրանք նաեւ կփոփոխվեն, որովհետեւ մենք մտադիր ենք ավելի սերտ համագործակցել Սփյուռքի հետ, ուշադիր ենք լինելու նրանց առաջարկներին։ Ես հաստատակամ եմ, վճռական, վստահ թե՛ իմ սեփական ուժերի, թե՛ իմ թիմի վրա։ Այս պաշտոնը ստանձնելու վերաբերյալ նախնական քննարկումներին տվել եմ իմ համաձայնությունը, որովհետեւ, ըստ իս, իմ քաղաքական թիմի համար ամենաբարդ փուլը նոր է սկսվում։ Այս իմաստով քաղաքական պատասխանատվություն ստանձնելն ինձ համար սկզբունքային հարց էր։ Չեմ խուսափում պատասխանատվություն ստանձնելուց։ Հիմա մեր պետության համար թեւակոխում ենք բեկումնային շրջան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    զարմանալի է որ գիտեք Մարկ Տվենին, բայց չգիտեք Արամաիս Սահակյանին,որը մի անգամ ազգային ժողովում ասաց.Մեր պատգամավորների կեսը անգրագետ էն, և պատգամավորներից ոմանք պահանջեցին անմիջապես հերքում տալ և Սահակյանը հանգիստ հերքեց. Մեր պատգամավորների կեսը ահգրագետ չէն

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031