Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Սփյուռքի նոր նախարարը ժամանակին խոստացել էր Մարտի 1-ը բացահայտել 1 օրում

Մայիս 11,2018 19:40

Ինչպես հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով մի քանի նախարարներ արդեն նշանակվել են, այդ թվում՝ Հրանուշ Հակոբյանին փոխարինողը՝ Մխիթար Հայրապետյանը:

Վերջինս Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի փոխնախագահն էր եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է միացել 2015-ին: Մինչ այդ մասնակցել է Մարտի 1-ն նախորդած բողոքի ցույցերին՝ լինելով ուսանող: Նա սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում:

Նա Մարտի 1-ի հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնում ելույթ ունեցավ եւ այսպիսի պատասխանատու հայտարարություն արեց. «Մարտի 1-ի գործով շատ բան ասել չենք կարող, որովհետեւ որեւէ մեկի համար գաղտնիք չի, անգամ մարտի 2-ին գաղտնիք չէր, թե ով է կանգնած այդ ոճրագործության հետեւում:

Այլ բան է, որ մենք խնդիր ունենք պատասխանատվության մասով՝ իրական մեղավորներին պատժելու մասով: Որեւէ մեկը այս դահլիճում, անգամ դահլիճից դուրս ինձ չի կարող ասել, որ անհրաժեշտ քաղաքական կամք եւ ցանկություն դրսեւորելու դեպքում անգամ 1 օրը բավարար չէր լինի, որ իրական մեղավորները դատարանի առաջ կանգնեին եւ իրական պատիժները կրեին: Հետեւաբար, այն իշխանությունները, որոնք գնացին այս ճանապարհով ունեին կաշկանդվածություն»:

Ըստ նրա, եթե իշխանության լինեն մարդիկ, որոնք չունենան այդ կաշկանդվածությունը եւ ունենան քաղաքական կամք, դա կբացահայտեն, ընդ որում, նախարարը վստահ է՝ 1 օրը դրա համար բավարար է:

Խոսելով Մարտի 1-ի մասին՝ նա ասել էր. «Այնտեղ պայքարի ելածները դուրս չէին եկել հանուն անձի կամ անձերի, մենք փորձում էինք շտկել, ուղղել մի բան, ոը մեզ չէր հաջողվել ավարտին հասցնել 96-ի սեպտեմբերին: Ընդ որում, հանուն արդարության, մենք մեր հիշողությունից ամենեւին էլ չէինք հանել, թե ով էր կանգնած 96-ի այդ նույն չարաբաստիկ իրադարձությունների հետեւում…2008-ին Ազատության հրապարակում պայքարի ելածները իրենց վճռական ձայնով, ազատ մտքով ստացան բացառիկ հնարավորություն պայքարել ու ՀՀ-ին բերել առաջին անգամ այդքան ցանկալի ու սպասված իշխանափոխության ֆենոմենը:

Վստահաբար պնդում եմ, որ ժողովուրդը դուրս չէր եկել ու չէր էլ գնալու բռնության ճանապարհով: Դա, կարծում եմ, թավշյա հեղափոխության ճանապարհով, սցենարով ընթացքող մի շարժում էր, որը բոլորովին չէր մտնում ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ իշխանությունը նրանից ժառանգություն ստացած Սերժ Սարգսյանի ծրագրերի մեջ: Ստացվում է, որ 2008-ին ՀՀ իշխանությունը չներեց ՀՀ արժանապատիվ քաղաքացուն՝ նրա մղած ազնիվ ու համարձակ պայքարի համար ու կրակեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031