Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի~նչ անեմ… հայությունն առկա է իմ գեներում». Թուրքիայի համշենահայ բլոգերի անդրադարձը ԴՆԹ թեստերին և իր հայկական արմատներին

Մայիս 10,2018 17:00

Akunq.netը թուրքերենից թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է ծագումով Թուրքիայի Ռիզե նահանգից համշենահայ բլոգեր Դենիզ Բուրջայի հրապարակումը` համշենահայերի հայկական արմատների վերաբերյալ:

Դենիզ Բուրջայ

«Իրականում վերնագիրն այդկերպ գրեցի, որպեսզի մի փոքր էլ խայթող լինի, և որպեսզի ամեն մի գործողությանս դեպքում, համշենցի լինելուս պատճառով, իմ արածների դեմ «Կանի, բա հայ չի՞» ասողներին հետևյալ պատասխանը տամ. «Այո՛, ի~նչ անեմգեներիս մեջ կա»:

Հայությունը որպես հայրենիքի դավաճանություն համարողները և դա որպես վիրավորանք օգտագործողները թող իմանան, որ ես անձամբ այն երբեք վիրավորանք չեմ ընկալել: Եվ քանի որ մեր հայկական արմատների մասին իմանալուց առաջ էլ ոչ մի ատելություն չեմ տածել որևէ ցեղի հանդեպ, հետևյալ կերպ եմ արձագանքել. «Հետո ի՞նչ: Ի՞նչ է եղել, որ հայ եմ»:

Նախ նշեմ, որ սույն հոդվածս համշենական ԴՆԹ-ին մոտենալու է ոչ թե գիտական, այլ` տրամաբանական ձևով: Եթե գիտական ուսումնասիրություն եք որոնում, ապա արդեն իսկ համացանցում բազմաթիվ աղբյուրներ կարող եք գտնել: Ես անձամբ ընտանիքիս (հորական կողմից) ԴՆԹ-ին տրամաբանական կերպով մոտենալով` ցանկացա ձեզ հետ կիսվել իմ այս մտորումներով:

Ես ոչ ցեղապաշտ եմ, ոչ էլ ԴՆԹ-ի նման գիտական ուսումնասիրություններն եմ ցեղապաշտություն համարում: Սոցիալիստական շրջանակները կտրականապես դեմ են ԴՆԹ թեստերին, սակայն չեմ կարծում, թե սոցիալիզմը հանդես է գալիս գիտության դեմ: Նմանապես հարգանք եմ տածում այն անձանց նկատմամբ, ովքեր սույն հարցին մոտենում են «Ինձ համար կարևոր չէ, թե ով եմ» տրամաբանությամբ: Սակայն լավ կլինի, եթե ինձ հարգանքով մոտենան նաև նրանք, ովքեր ասում են, թե «ԴՆԹ-ն ոչ մի բան չի կարող ապացուցել, թո՛ղ այդ հարցերը»: Գիտական առումով, այո՛, ԴՆԹ-ն չի կարող ապացույց լինել, քանի որ ԴՆԹ թեստում էական է, թե որքան ես հետ գնում: Եթե 8000 տարով հետ գնանք, արդեն իսկ բազմաթիվ ցեղեր նույն ԴՆԹ-ն կունենան: Այդ պատճառով ես ձեզ հետ կիսվելու եմ ներկայիս և ոչ հեռավոր անցյալի հետ կապված թեստերի արդյունքներով:

Թեստի կառուցվածքը բավականին դյուրին է: Մուտք գործելով ‘Familytreedna.com’ հասցեն` թեստ եք պատվիրում: Արդեն իսկ տվյալ կայքէջում մանրամասն կերպով ներկայացված է, թե ինչպես պետք է ձեր բերանից նմուշ վերցնելով` ուղարկեք այն:

Ես չեմ ցանկանում թեստի արդյունքների թվային տվյալները հրապարակել: Որպես Y-ԴՆԹ-ի հապլոխումբ երևում է G-M201-ը: Համառոտ ակնարկով անդրադառնանք այդ հապլոխմբի վերաբերյալ համացանցում առկա մանրամասներին և այդ ԴՆԹ-ն ունեցող գերդաստանների կապերին:

Այդ ԴՆԹ խմբի մեջ ընդգրկված գրեթե բոլոր մարդիկ համշենահայ են, արտագաղթած կամ դեռ մեր շրջաններում ապրող Խոփայի և Ռիզեի համշենցիները:

Նրանց ազգանունները թաքցնելու նկատառմամբ չեմ ցանկանում ազգանունների ցանկը հրապարակել.

Կարծում եմ` վերոհիշյալ ցանկը բավարար կլինի վերլուծության համար: Երբ անդրադառնում ենք G հապլոխմբի մեջ ընդգրկված անձանց, տեսնում ենք, որ նրանք բոլորն էլ կամ Համշենի, կամ էլ Անատոլիայի հայեր են: Կարմիրով նշված` ինձ պատկանող համարի արդյունքներն են (Ռիզե/Փազար/Խաչափիթ), իսկ կապույտով նշվածները` այլ` G-M201 գենին պատկանող և այդ թեստը պատվիրած անձանց:

Այս ցանկին նայելիս հանդիպեցի՞ք արդյոք որևէ միջինասիական թյուրքի: Ես ցանկում տեսնում եմ ոչ թե Ասլանբեյ կամ Թիմբիրլենք տիպի, այլ` միայն հայկական անուններ: Այսինքն` երբ ազգակցական կապի առումով ենք անդրադառնում, դրանք բոլորն են համշենական կամ հայկական են դուրս գալիս: Ուշագրավ է, այնպես չէ՞, որ համշենցիներն ընդհանուր ԴՆԹ ունեն ոչ թե միջինասիական թյուրքերի, այլ` հայկական գեներ կրողների հետ: Ոմանք անընդհատ ասում են, թե «Մենք հայերենը հայերից ենք սովորել, բայց հայերն այս վայրերից հեռացել են. մենք որևէ կապ չունենք նրանց հետ»: Լա՛վ, ընդունենք` իբր հայոց լեզուն հայերից ենք սովորել, սակայն մի՞թե հայերը հեռանալիս մեր գեներում թողել են նաև հայկական գեներ: Իմ ԴՆԹ թեստում այդ ինչպե՞ս է պատահում, որ ես Աբխազիայի կամ Ռուսաստանի մյուս համշենցի հայերի հետ ազգական եմ դուրս գալիս: Կամ Իսպիրից(ՍպերԱկունքի խմբ.) գաղթած հայերի հետ եմ ազգական դուրս գալիս: Ի դեպ, արդեն իսկ հայտնի փաստ է, որ Իսպիրը համշենցիներով է բնակեցված եղել:

«G հապլոխումբ» նախագծի անվան տակ հրապարակված https://sites.google.com/site/haplogroupgproject/g-m201 կայքում թարգմանաբար հետևյալն է նշված G-M201-ի մասին. «Հայտնի է, որ G հապլոխմբի` աշխարհում եղած կենտրոնը գտնվում է Հարավարևմտյան Ասիայում, և որ այդ խմբին պատկանող մարդիկ մինչ այս պահը միշտ ունեցել են հայկական ծագում»:

Ներքոհիշյալ բլոգում ներկայացված է 3 հայկական ԴՆԹ: Սույն ցանկում, չգիտես թե ինչու, 3 հապլոխմբից մեկը` G-ն, տիպիկ համշենական ԴՆԹ է:

Կայքէջում, ընդհանուր առմամբ, գրված է հետևյալը.

3) G2

«Գ հապլոխումբը բնութագրվում է որպես M201-ի մուտացիա, որն ունեցած` գիտությանը հայտնի առաջին մարդն ապրել է 30 հազար տարի առաջ (1200 սերունդ), ամենայն հավանականությամբ, Կովկասյան լեռնաշղթայի, Վանա լճի կողմերում»:

«Այդ հապլոխմբի մայր հայրենիքը, ենթադրաբար, եղել է Արևելյան Անատոլիան, Հայաստանը և Արևելյան Իրանը»:

«Մեր ենթադրություններով, Գ հապլոխմբի աշխարհագրական տարածքը գտնվում է Արևելյան Անատոլիայում, Հայաստանում կամ Արևելյան Իրանում»:

Ամենայն հավանականությամբ, ինձ վրա հարձակումներ կլինեն` այս ամենը հրապարակելուս պատճառով: Սոցիալիստ համշենցիները կասեն` «Ի՞նչ կարիք կար»: Եթե որոշ հայեր կուրախանան, հայերի մի մասն էլ կասի` «ԴՆԹ-ն ոչ մի բան չի ապացուցում», իսկ իրենց թուրք լինելը պնդող համշենցիներն ու ազգայնամոլ հատվածն ինձ հայհոյելով` «հայրենիքի դավաճան» կհռչակի:

Այո՛, ԴՆԹ-ն թերևս որևէ բան չի ապացուցում, սակայն առնվազն հարկ է շեշտել, որ երբ անդրադառնում ենք մեր ազգակցական կապերին, տեսնում ենք, որ թյուրքական ծագմամբ մեկն իսկ չի հանդիպում, և մեր ազգականներից գրեթե բոլորը հայկական արմատներ ունեն: Արդեն ձեր գործն է` դա որպես ապացույց ընդունե՞լ, թե՞ ոչ:

Ինչպես գիտական առումով ասացի, մեր հայկական կապերը կարող են փոխվել` ըստ այն բանի, թե որքան ենք հետ գնում: Սակայն ներկա պահին G հապլոխումբ ունեցող մեր գրեթե բոլոր ազգականները հայկական ծագում ունեն:

Չի կարող պատահական լինել այն փաստերը, որ հայերեն ենք խոսում (անցյալում կամ մեզնից ոմանք` նաև ներկայում), և որ հայերի հետ նույն գեներն ենք կրում: «Հայերը գնացել ենք, մենք ենք եկել» թեզն էլ լիովին կորցնում է իր հիմնավորումը այս ԴՆԹ թեստի շնորհիվ: Եթե մենք հայ չենք, այդ ինչպե՞ս է պատահում, որ հեռացած հայերի հետ ազգական ենք դուրս գալիս:

Դժվար է իրականությունն ընդունել: Եթե անգամ ամեն տեսակի ճանապարհով էլ ապացուցվի, միևնույնն է, դեռ կհայտնվեն մարդիկ, ովքեր կասեն` «Մենք հայ չենք, թյուրքական ծագում ունենք»: Կամ կհանդիպեն ձախակողմյան հայացքներ ունեցողներ, ովքեր համառորեն կվիճեն ինձ հետ, թե «Ցեղը նշանակություն չունի: Մեզ իրար դեմ մի՛ հանիր»:

Յուրաքանչյուր ոք ազատ է իր իմացածով կիսվելու հարցում: Ես էլ իմ անձնական բլոգում հրապարակում եմ իմ տեղեկությունները:

Այս հրապարակումիցս հետո թերևս առաջինը հենց մոտ ազգականներիցս բացասական արձագանք ստանամ: Կարող էի տարիներով դա թաքցնել, բայց ցանկացա իմ ներդրումն ունենալ վերջերս հրապարակված անհիմն պնդումները ժխտելու գործում:

Թող որ այս ցանկը և մեզ հետ նույն ԴՆԹ-ն ունեցող հայերը մտնեն այն բոլոր կույրերի աչքը, ովքեր չնայած համացանցի զարգացմանը և դրա` բոլորին հասանելի լինելուն` ուսումնասիրելու փոխարեն հավատում են կամ նախընտրում են հավատալ 100-ամյա ստերին:

Վերոհիշյալ ցանկից բացի` իմ 3 մոտ ազգականներից 2-ը հայ են և հայկական ազգանուն են կրում, իսկ մեկը Ռիզեի համշենցիներից է:

Իմ սիրելի համշենցի եղբայրնե՛ր, ցավում եմ, որ մեր ազգականները կիրգիզական գյուղերից չեն ծագում:

Խնդրում եմ, բացե՛ք ձեր աչքերը և օգտագործե՛ք ձեր ուղեղները:

Հարգանքներով` Դենիզ Բուրջայ»

https://denizburcay.wordpress.com/2018/05/07/ne-yapayim-ermenilik-genlerimde-var/

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031