Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրում ենք ալեկոծ մի շրջան, ուր անկյունադարձային փոփոխությունները պիտի բերեն կայունություն եւ արդարություն»

Մայիս 07,2018 11:00

Համոզված են արտասահմանում ստեղծագործող հայ երաժիշտները

Աշխարհի լավագույն եւ առաջատար նվագախմբերի հայազգի երաժիշտներ Համահայկական նվագախմբի (տնօրեն՝ Ռուզաննա Սիրունյան) կազմում ելույթ կունենան մայիսի 9-ին Ստեփանակերտում եւ 14-ին՝ Երեւանում: Համերգներին իրենց մասնակցությունը կունենան հայաստանյան եւ Արցախի երգչախմբեր, ինչպես դասական, այնպես էլ փոփ երաժշտության ճանաչված կատարողներ: Դիրիժորական վահանակի մոտ կկանգնեն Էդուարդ Թոփչյանը, Կոնստանտին Օրբելյանը, Սերգեյ Սմբատյանը, Գեւորգ Մուրադյանն ու Վահան Մարտիրոսյանը: «Առավոտը» ներկայացրել է արտասահմանից ժամանած մեր երաժիշտներից մեկ-երկուսին: Հիշեցնենք, որ նվագախմբում ընդգրկված է 21 երկրից 87 երաժիշտ:

Այս անգամ զրուցեցինք ֆրանսաբնակ ջութակահարուհի Սաթենիկ Սմբատյանի հետ, որին ժամանակին ներկայացրել էինք («Առավոտ», 31.07.2007թ.), կապվեցինք նաեւ կանադաբնակ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի եւ բելգիաբնակ ջութակահար Հրաչյա Ավանեսյանի հետ:

Երեւանի եւ Վերսալի կոնսերվատորիաներում ուսանած Սաթենիկ Սմբատյանն ասաց, որ 2011թ. Փարիզում հիմնել է «Արամ» քառյակը, որի կազմում են ռումինացի Լիլիանա Մանյուն (երկրորդ ջութակ), ռուս Օլգա Զիրյանովան (ալտ) եւ ֆրանսաբնակ թավջութակահար Պարույր Շահազիզյանը: Համերգներով հանդես են եկել նաեւ Մոնակոյում, ձայնագրել CD՝ բաղկացած տեղի կոմպոզիտոր Մարկ Ջիակոնեի ստեղծագործություններից: 1995թ. Փարիզում ապրող եւ ստեղծագործող արվեստագետը կամերային տարբեր կազմերով ելույթներ է ունեցել եվրոպական երկրներում, համագործակցել է ճանաչված երաժիշտներ՝ ջութակահարներ Վադիմ Չիժիկի, Նիկոլա Ֆրոմաժոյի, Օրիելո Պերեսի եւ այլոց հետ, ընդ որում՝ հեղինակավոր փառատոների համերգներում:

Սաթենիկ Սմբատյանին հանդիպել ենք երեւանյան բեմերում թավջութակահար Արամ Թալալյանի, դաշնակահար Հայկ Մելիքյանի ընկերակցությամբ: Տարիներ առաջ Սաթենիկ Սմբատյանը Երեւանում հանդես եկավ գերմանացի թավջութակահար Յորիկ Աբելի հետ: Վերջինս նաեւ վարպետության դասընթացներ անցկացրեց մեր երաժիշտների հետ: Ջութակահարուհու հրավերով Արամ Թալալյանը քանիցս մասնակցել է Փարիզում եւ Բուրգունդիայում կայացած համերգների. «Արամի հետ Երեւանում իրականացրել ենք նաեւ ձայնագրություններ Վահրամ Բաբայանի, Գագիկ Հովունցի ստեղծագործություններից: Վերջիններս տեղ կգտնեն առաջիկայում Ֆրանսիայում թողարկվելիք CD-ում: Ժամանակին մեզ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը տեղեկացրել էր, որ իր «Սոնատ-պոեմ ջութակի եւ դաշնամուրի համար» երկը Սաթենիկ Սմբատյանի եւ դաշնակահարուհի Նաիրա Իսրայելյանի մեկնաբանությամբ համալրել են ՀՀ հանրային ռադիոյի ֆոնդը»: Մեր զրուցակիցը նշեց, որ Radio France-ում հայտնի երաժշտագետ Վերոնիկ Սոժեի հեղինակային հաղորդումներից մեկը՝ նվիրված Կոմիտասին, որի ընթացքում իր կատարմամբ հնչել են Վարդապետի ստեղծագործություններից, որպես բարձրարվեստ թողարկում, որոշում է ընդունվել այն պահպանել ֆոնդում: Այս պահին երաժիշտը դասավանդում է Իսիլեմոլինոյի կոնսերվատորիայում:

Պետրոս Շուժունյանը

Կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանը («Առավոտ», 09.04.2018) խոսեց իր առաջիկա ծրագրերի մասին: Նա նշեց, որ 2019թ. մարտին Կանադայում Լավալ սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա վերջերս ստեղծած իր երկու ստեղծագործությունների կատարումով՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-րդ տարեդարձին, հետո էլ մանրամասնեց. «Կոմիտասի յոթ ստեղծագործություններ, ավելի ստույգ՝ յոթ պարերը, որոնք հայտնի են դաշնամուրի համար փոխադրություններով, վերածել եմ կոնչերտոյի, իսկ եռաձայն պատարագի մեծ գլուխները՝ սիմֆոնիկ սյուիտի: Կարճ ասած՝ նպատակս է Կոմիտասին «բարձրացնել սիմֆոնիկ բեմ», որի մասին նա այնքան երազել էր…»:

Հրաչյա Ավանեսյանը

Ջութակահար Հրաչյա Ավանեսյանը 15 տարի առաջ է հայտնվել Բելգիայում, ուսանել Բրյուսելի կոնսերվատորիայում Իգոր Օյստրախի դասարանում: 2006թ. 19 տարեկանում հաղթել է աշխարհի ամենահեղինակավոր՝ Մենուհինի անվան մրցույթում. «Ուրախ եմ, հիացած Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Դիանա Ադամյանի արվեստով, որը 12 տարի անց նույնպես առաջինն էր Մենուհինի անվան մրցույթում»: Հրաչյա Ավանեսյանը հանդես է եկել հեղինակավոր նվագախմբերի, այդ թվում՝ Տոկիոյի, Լոնդոնի, Մետրոպոլիտենի, դիրիժորներ Քրիստոֆեր Բորենգրինի, Դանիլ Ռայսկինի եւ այլոց ընկերակցությամբ: Շրջագայելով աշխարհում, կամերային երեկոների ընթացքում նրա գործընկերներն են եղել Մաքսիմ Վենգերովը, Մարիա Ժոաու Պիրեսը եւ այլ աշխարհահռչակ դեմքեր:

Ջութակահարը մեկ անգամ՝ 2010թ., «Վերադարձ» փառատոնի շրջանակներում է ելույթ ունեցել Երեւանում, օպերային թատրոնի նվագախմբի հետ, Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Ներկայումս նա Նամուր քաղաքի կոնսերվատորիայի պրոֆեսոր է: «Թողարկել ենք 5 CD: Վերջերս բելգիաբնակ գործընկերոջս՝ դաշնակահար Աշոտ Խաչատրյանի հետ նոր CD ենք ձայնագրել, որտեղ ընդգրկված են Բրամսի բոլոր սոնատները: Ցանկություն ունենք CD-ի շնորհանդեսը իրականացնել Երեւանում»,- փոխանցեց երաժիշտը:

Հայաստանյան վերջին իրադարձությունների հետ կապված մեր զրուցակիցները հետեւյալ կարծիքի են. «Ապրում ենք ալեկոծ մի շրջան, ուր անկյունադարձային փոփոխությունները պիտի բերեն կայունություն եւ արդարություն: Սա, բնականաբար, Հայաստանում եւ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր արվեստագետի ցանկությունն է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Սաթենիկ Սմբատյանը

«Առավոտ»

05.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031