Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական ռեկտորն, ըստ Անահիտ Ֆարմանյանի, վրեժխնդիր է լինում

Մայիս 04,2018 17:41

«Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրեժխնդիր է լինում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց այս բուհից հեռացված ռեկտորի տեղակալ Անահիտ Ֆարմանյանը:

ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանը, մինչ այս էլ բուհից հեռացրել էր պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանին, նույն ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանին:

Անահիտ Ֆարմանյանի պատմելով՝ ռեկտորը ծանուցում է ուղարկել, թե կառուցվածքային փոփոխություններ է կատարել, ինչի արդյունքում էլ Ֆարմանյանի մասնագիտական հմտությունների կարիքը չկա:

«Սերժ Սարգսյանի հրաժարականի երեկոյան ինքը կառուցվածքային փոփոխություններ է անում, որովհետեւ հրատապ վրեժխնդրության խնդիր էր դրել: Ասում է՝ իմ մասնագիտական պատրաստվածության եւ պաշտոնին համապատասխան այլ աշխատանք չենք կարող առաջարկել: Ասեմ, որ նույն բուհի հավատագրման հիմքում ես ինքս եմ կանգնած եղել, ու բուհը շատ փայլուն, բարձր մակարդակով կարողացել է իր առջեւ դրված խնդիրներն իրականացնել: Մեկ տարում 2-րդ անգամ է կառուցվածքային փոփոխություն անում: Սա դարձրել է զուտ վրեժխնդրության գործիք»,-ասաց Ֆարմանյանը, որը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է:

Թե որն է ռեկտորի վրեժխնդրության պատճառը, մեր այս հարցին ի պատասխան տիկին Ֆարմանյանն ասաց. «Ես բացահայտ պաշտպանել եմ բուհից հեռացված 2 տղաներին՝ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին: Ռեկտոր Մինասյանը տարբեր օղակներում ասել է, որ հաջորդը տղաներին պաշտպանողներն են դուրս գալու գործից»:

Մեր հարցին՝ արդյոք Ֆարմանյանի համակարգող ոլորտի կարիքն այլեւս բուհում չկար, վերջինս պատասխանեց. «Ես զբաղեցրել եմ արտաքին կապերի գծով ռեկտորի տեղակալի պաշտոնը: Այսինքն, ոլորտը՝ գիտության եւ կրթության միջազգայնացումն է: Սրանք հետադիմական ուղղություններ չէին, որ վերցնեն կրճատեին: Ու, ասենք, դրա փոխարեն կարող է լինել աշխատակազմի գծով պրոռեկտոր»:

Տիկին Ֆարմանյանը վստահեցրեց՝ դատական կարգով վերականգնելու է իր աշխատանքային իրավունքները: Ֆարմանյանը նաեւ վստահեցրեց, որ ինքը կուսակցական չէ, եւ քաղաքական որեւէ գործընթացներում ներգրավված չի եղել:

Մենք փորձեցինք այս առնչությամբ պարզաբանում ստանալ նաեւ ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանից, որը նաեւ ՀՀԿ-ի Շիրակի կառույցի ղեկավարն է: Սակայն, նա Aravot.am-ի թղթակցի բազմաթիվ հեռախոսազանգերին չպատասխանեց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Անահիտ Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031