ԵՍ եմ լավ Հովիվը. լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար: Իսկ վարձկանը, որ հովիվ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է: Եւ գայլը հափշտակում է նրանց ու ցրում է. քանի որ վարձկան է եւ ոչխարների համար հոգ չի անում: ԵՍ եմ լավ Հովիվը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից:
Հովհաննեսի 10 (11-13)
Հայ ժողովրդի համար խիստ բախտորոշ այս օրերին, երբ հիմնականում երիտասարդներով հեղեղված են մեր մայրաքաղաքի հրապարակներն ու փողոցները, չափազանց կարեւոր է ամեն մի հայ մարդու քաղաքացիական բարձր գիտակցության դրսեւորումը:
Օրվա գերխնդիրը` մեր ապագան է, ի՞նչ ճանապարհով ենք գնալու, ի՞նչ նպատակներ ենք հետապնդելու, ինչպե՞ս ենք պատկերացնում դրանց հասնելու տարբերակների ընտրությունը:
Հայոց Առաքելական մեր սուրբ եկեղեցին իր պատմության ողջ ընթացքում միշտ եղել է իր ժողովրդի ոչ թե կողքին, այլ նրա ավանգարդում: Առաջնորդել, ուղղորդել, խրատել է իր հոգեւոր հոտի անդամներին` ինքն էլ իր համար առաջնորդող ունենալով մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ Խոսքն ու Պատվիրանները:
Հաճախ,երբ պատմական որեւէ ժամանակահատվածում ի հայտ են եկել որոշակի հակասություններ հոգեւոր եւ աշխարհիկ կյանքի դրսեւորումներում ու փոխհարաբերություններում, մեր եկեղեցու հովիվները առաջնորդվելով Աստվածաշնչով ու Ավետարանով, միշտ էլ կարողացել են ճշմարիտ լուծումներ տալ եւ հոգատար ու բարի հովիվների պես խնամել ու պահպանել ՏԻՐՈՋ կողմից իրենց խնամքին վստահված հոտը եւ ողջ ժողովրդին:
Խոսքը չի վերաբերվում միայն եկեղեցու կաթողիկոսին, ումից իհարկե, միշտ էլ շատ ավելին է ակնկալվում: Տեղին է հիշել հենց սուրբ Ղեւոնդ երեցին, ով եղավ Վարդանանց շարժման հիմնական ոգեշնչողը եւ առաջնորդը: Նրա ազդեցիկ եւ Սուրբ Հոգով տոգորված խոսքին էին ականջալուր լինում թե՛ հոգեւոր եւ թե՛ աշխարհիկ մեր առաջնորդներն ու ժողովուրդը: ՏԻՐՈՋ Արդարության Խոսքը նրա շուրթերից էր հնչում:
Հարկ է հիշել փոխհարաբերությունների հետեւյալ շարքը` սբ. Գրիգոր Լուսավորիչ եւ սբ. Տրդատ արքա, սբ. Հուսիկ եւ Տիրան, սբ. Դանիել քորեպիսկոպոս եւ Տիրան, սբ. Ներսես Մեծ եւ Արշակ 2-րդ, սբ. Սահակ Պարթեւ եւ հայ իշխաններ, Խորեն Մուրադբեկյան եւ կոմունիստական իշխանություն, Գեւորգ Չորեքչյան եւ Ստալին, երբ մեր հոգեւոր հայրերն ու հովիվներն իրենց հստակ, արդարախոհ, հոգատար ու հաճախ նաեւ խիստ հանդիմանական խոսքով, ընդհուպ նահատակության հասնելու պատրաստակամությամբ պահպանել են ժողովրդի մեջ Տէրունական Արդարությունն ու Ճշմարտությունը:
Քահանաներն իրենց թվի համեմատ մեղք գործեցին ԻՄ նկատմամբ, նրանց փառքը անարգանքի կվերածեմ: ԻՄ ժողովրդի մեղքերով կուռճանան եւ իրենց անիրավությամբ կհարստացնեն իրենց անձերը: Ինչպես ժողովուրդը, այնպես էլ քահանան կլինի, եվ ես կպատժեմ նրան, նրա ճանապարհների եւ նրա խորհուրդների համաձայն կհատուցեմ նրան, կուտեն եւ չեն հագենա, կպոռնկանան, հաջողություն չեն գտնի, քանի որ լքեցին ՏԻՐՈՋԸ` ամբողջապես պոռնկանալու համար:
Օսէէի 4(7-10)
Այսօրվա մեր սիրելի հոգեւոր հայրե՛ր, ու՞ր եք դուք, ինչի՞ եք սպասում, չէ ո՞ր դուք նախ եւ առաջ ՔՐԻՍՏՈՍԻ եկեղեցու եւ ՏԻՐՈՋ հոտի հովիվներն եք եւ ոչ թե մի որեւէ՝ թեկուզ իշխանավոր, բայց, մահկանացու մարդ արարածի: Մի՞թե չեք տեսնում մեր հայրենիքում տեղ գտած անարդարությունները եւ չե՞ք նկատում, որ հենց ձեր հավատավոր հոտի անդամներին են ճռաքաղ անում, մասնատում, արժանապատվությունն են ոտնահարում, նսեմացնում, մեր հակառակորդներին ու թշնամիներին համահավասար, մեր ազգակից իշխանավորներն են մեզ թալանում ու հոշոտում: Մի՞թե դուք եւս չեք հավատում, որ ի վերջո այդ հոտի յուրաքանչյուր անդամի համար պատասխան եք տալու ՆՐԱ Ատյանի առջեւ: Մի՞թե ձեզ չի անհանգստացնում այն միտքը` թե կկարողանա՞ք արդյոք ըստ Ավետարանի հայտնի խոսքերի դուք էլ ասել. «ՏԷՐ իմ եւ ԱՍՏՎԱԾ իմ, ահա ես ու իմ մանուկները, որ ինձ տվեցիր եւ սրանցից ոչ մեկին չկորցրեցի, բացի նրանցից, ովքեր խոտորվեցին ՔՈ խրատներից եւ նախընտրեսին մնալ կորստի մեջ»:
Այժմ մենք ազգովի` հավաքականորեն եւ ամեն մեկս առանձին` մեր խղճի հետ մնալով շատ հստակ հասկանում ենք, որ այսպես այլեւս չի կարելի շարունակել այն ընթացքը, որը մեզ ինքնաոչնչացման է տանում, եւ ինչպես ժողովրդական խոսքն է ասում` կապ չունի, մի տնից չենք, բայց մի հալից ենք, եւ թե՛ հարուստ, թե՛ աղքատ, թե՛ աշխատող, թե՛ գործազուրկ, թե՛ կուշտ, թե՛ սոված, միասին ենք գահավիժում:
Պարզից էլ պարզ է դարձել, որ մեր շուրջը չկան մարդկային միս ու արյունից բաղկացած ոչ մի անհատականություն, կազմակերպություն, իշխանություն եւ պետություն կամ որեւէ այլ ուժ, որ մեզ աջակցեն, սատարեն, օգնեն եւ հովանավորեն արդարության, ճշմարտության ու մարդասիրության մղումներից: Մարդկային կեցության ներկա պայմաններում բացառապես նեղ ու սահմանափակ, եսակենտրոն շահերն են թելադրողն այդ ուժերի գործունեության: Եվ առավել շոշափելի է զգացվում ՏԻՐՈՋ Աջակցության անհրաժեշտությունը, ՆՐԱ բացառիկ Զորության առկայությունը:
Ինչո՞ւ մինչեւ հոգևորականի սքեմ հագնելը ԱՍՏԾՈՒՑ եք երկյուղում, իսկ հոգեւորականի աստիճան ստանձնելուց հետո այդ երկյուղը վերածվում է վախի` միայն կաթողիկոսի հանդեպ:
Մինչև ե՞րբ սիրելի քահանաներ, աբեղաներ, վարդապետներ, եպիսկոպոսներ, թեմակալ առաջնորդներ, դուք միայն որպես դիտորդներ եք հետեւելու ՏԻՐՈՋ ժողովրդի այս փոքրիկ հոտի վերջին մնացորդի հալվելուն ու սպառվելուն: Մինչեւ ե՞րբ:
Եթե ոչ ձեզ, ապա ու՞մ է վերագրվում քաջ հովիվ լինելու ազնիվ կոչումը եւ մի՞թե կարող է լինել հովիվ առանց հոտի: Ո՞ւր են ձեր նվիրյալ աղոթքները, որին որպես նեղության ժամանակ հնչած աղերսի` միշտ ականջալուր է լինում մեր ՏԷՐՆ ու ՓՐԿԻՉԸ:
Ահա ԵՍ մի տգետ հովիվ եմ դնելու այս երկրի վրա: Նա չի հոգալու նիհար ոչխարների համար, ցրվածին չի փնտրելու, վիրավորվածին չի բուժելու, առողջին չի խնամելու, այլ ուտելու է ընտիր ոչխարների միսը եւ փշրելու նրանց ոտքերի ոսկորները: Վա՛յ քեզ, ո՛վ անարժան հովիվ, որ աչքաթող ես անում քո հոտը: Թող սուրը կտրի նրա բազուկը, թող հանի նրա աջ աչքը: Թող անպատճառ չորանա նրա բազուկը, Թող անպայման կուրանա նրա աջ աչքը:
Զաքարիայի 11(16-17)
Ինչո՞ւ եք լռում, երբ բացահայտ տեսնում եք, թե ինչպես են ձեր ժողովրդին կեղեքելու եւ կողոպտելու իրավունք ձեռք բերելու համար` Աստվածաշնչյան Իսրայելի Հերոբովամ արքայի նման նրան մղում գայթակղության ու մոլորության ճանապարհով:
Ո՞ւր եք հովիվնե՛ր: Մինչեւ ե՞րբ եք վախի մեջ ապրելու եւ մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍԻՑ հենց դուք չեք աղերսելու, որ ՆԱ ԻՆՔԸ` մեր սբ. Լուսավորչի եւ սբ. Տրդատ արքայի գահերին նստեցնի նրանց արժանավոր ժառանգներին, ինչպես որ հայտնված է սբ. Սահակ Պարթեւի տեսիլքում:
Մարդո՛ւ որդիներ, քուրձե՛ր հագեք, ողբացե՛ք քահանանե՛ր, սգացե՛ք, խորանի՛ պաշտոնյաներ, մտե՛ք, ննջեցե՛ք, քուրձ հագած ԱՍՏԾՈՒ՛ պաշտոնյաներ, քանի որ ձեր ԱՍՏԾՈՒ տնից պակասեցին զոհերն ու զենումը: Ծոմի օ՛ր նշանակեցեք, աղո՛թք կազմակերպեցեք, հավաքեցե՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր ԱՍՏԾՈՒ Տանը եւ աղոթեցե՛ք ՏԻՐՈՋԸ անկեղծ սրտով:
Յովելի 1(13-14)
Հիմա է անհրաժեշտ, որ մենք համախմբվելով վեր առաքենք մեր միասնական աղոթքները, եւ խնդրենք մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ, որպեսզի ՆԱ լինի մեզ Ապավեն եւ Խափանի չարի ու նրա բոլոր կամակատարների դավերն ու ծրագրերը, որ փորձում են իրականացնել ՏԻՐՈՋ այս փոքրիկ հոտի դեմ: Եվ թո՛ղ ամոթահար ու խայտառակ լինեն բոլոր նրանք, ովքեր ՏԻՐՈՋ Անսահման Զորությանն ու Նախախնամությանը կասկածելով, չվստահելով ու չհավատալով, չարին են զինվորագրվում, նրա կամակատարներն են դառնում ու նրան ծառայում եւ թո՛ղ նրանց այդ ամոթն ու խայտառակվելն իրենց դարձի գալու առիթ հանդիսանան: Ամեն:
Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Կէսը դասական ուղղագրութեամբ գրած, կէսը՝ այժմեան: Սա ի՜նչ փնթիութիւն է: Մէկն էլ լինի քեզ ահազանգի,,
Aravot.am սենց խավարամիտ երկար-բարակ տեքստերն ինչի՞ համար եք լցնում ձեր կայքը: