Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ «Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամի՝ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած ուժային տարբերակը անթույլատրելի է, կասկածի տակ է դնում վարչապետի ընտրության լեգիտիմությունը, իսկ երկրին լուրջ հետևանքներ են սպասվում, այդ թվում արտաքին քաղաքականության ոլորտում»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երբեք ճգնաժամի լուծման ուժային տարբերակի կոչ չի արել, ավելին, բազմիցս հայտարարել է, որ անհնազանդության գործողությունները խաղաղ են, բաց ձեռքերով:
«Չի կարելի նման ձևով գալ իշխանության, քանի որ հետո այդ վարչապետի լեգիտիմությունը կասկածի տեղիք կտա,- ասել է Ջաբարովը:- Իրադարձությունների նման զարգացումը երկրի համար հղի է լուրջ հետևանքներով ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում. Երևանն ունի թշնամիներ, որոնք կշտապեն օգտվել այդ իրավիճակից»:
Հիշեցնենք նաև, որ շարժման առաջնորդները բազմիցս հայտարարել են, որ չպետք է խոչընդոտել ԱԻՆ, Փրկարար ծառայության աշխատակիցների, բժիշկների, հրշեջ և շտապ օգնության, ինչպես նաև ՊՆ համարանիշներով մեքենաների տեղաշարժը:
Հայաստանում առաջացած իրավիճակը Ջաբարովը գնահատել է որպես «շատ տագնապալի»: «Այն բանից հետո, երբ Փաշինյանն անհնազանդության ցույցի կոչ արեց՝ արգելափակել կենսական կարևորության զարկերակները, կտուկ աճում է ընդդիմության առաջնորդի համախոհների և ոստիկանության հետ բախումների հավանականությունը»,- ասել է նա:
Ջաբարովը կողմերին բանակցությունների կոչ է արել և հույս հայտնել, որ վերջին հաշվով կհաղթի ողջամտությունը: Նա կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է անհապաղ անցկացնել խորհրդարանական ընտրություններ և փոխել վարչապետի ընտրության ընթացակարգը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ջաբարովի գնահատականի անհամապատասխանություը Հայաստանում տիրող իրադրությանը որտե՞ղ է: Փաստացի պատերազմող երկրի իշխանությունը երկիրը հանձնել է ,,կայֆ անողՙՙ երեխաներին, փոխանակ լորջ մարդկանց հետ քննարկելու և վիճակը կայունացնելու: Սա է 5000–10000 դրամով գնված ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ կարողությունը: Ջամբարովը չափից ավելի կոռռեկտ է արտահայտվել Հայաստանին չվիրավորելու նպատակով: