Aravot.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը որոշ մանրամասներ հրապարակեց Նուբարաշենի կալանավայրում տեղի ունեցած նախօրեի միջադեպից:
Նրա խոսքով, այդ կալանավայրում պահվում են մոտ 30 ազգությամբ իրանցի բանտարկյալներ, որոնք զբոսանքի ժամանակ շատ անսպասելի բացել են խցերի դռները եւ կոտրատված հայերենով ասել են՝ մենք անարդար ենք այստեղ պահվում եւ ուզում ենք գնանք միանալ ցուցարարներին: Իրանցի կալանավորները բացել են նաեւ «Սասնա Ծռերի» խցերի դռները:
Սյուզան Սիմոնյանի խոսքով, «Սասնա Ծռերի» տղաները մի պահ դուրս են եկել բանտախցից, հետո մտել են ներս՝ մտածելով որ հնարավոր է նրանց դեմ սադրանք կարող է լինել. «Նրանք այնքան լուրջ մարդիկ են, որ չեն տրվել այդ ալիքին եւ հակառակն՝ իրենք են սաստել, ասել են գնացեք ներս մտեք, նման բան չպետք է անեք»:
Տիկին Սիմոնյանի խոսքով իրանցիները զբոսանքի ժամանակ հսկիչին կարողացել են մի քանի հոգով մեկուսացնել եւ բանալիները խլել. «Բայց ես գիտեմ, որ այդտեղից փախնել հնարավոր չէ, որովհետեւ մի քանի դուռ պետք է բացեն: Եվ չի բացառվում, որ այդ քայլը «Սասնա Ծռերին» վնասելու միտում ունի:
Կամ մտածում էին, որ նրանք կտրվեն սադրանքի փախուստի կդիմեն եւ այդ պահին, որպես փախուստի դիմող անձանց, կոչնչացնեին կամ էլ փախուստի դիմելու համար նրանց կրկնակի դատական գործ կբացեին: Եթե որպես քաղբանտարկյալ արդարացվեն, ապա նրանց ազատությունից կզրկեն կարգ խախտելու, փախուստի փորձ անելու համար»:
Սյուզան Սիմոնյանը կասկածներ ունի, որ այդ միջադեպը կապված է այս օրերին ընթացող գործընթացների հետ. «Ինչո՞ւ հենց համընկավ այս իրադարձություների հետ: Իհարկե, չեմ կարծում, որ այնտեղի ղեկավարությունն արած լինի: Շատ հավանական է այլ ձեւերով կազմակերպված լինի, այնտեղ գողական աշխարհն է շատ ուժեղ վերահսկում եւ այլն, ես չգիտեմ ումից ստացած կլինեն այդ հանձնարարությունը, բայց որ հանձնարարություն է, դրանում ոչ մի խոսք»:
Քրեակատարողական հիմնարկների պատասխանատուների պարզաբանումը կներկայացնենք առաջիկայում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ