Երեկ՝ ապրիլի 25-ին, «Իմ քայլը» շարժման անդամների բազմահազարանոց հանրահավաքում «Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի արտահայտություններից մեկը դժգոհության առիթ է տվել «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանին:
Նա սոցցանցի իր էջում գրել է. «Շատ վատ է, երբ հրապարակը թնդում էր «Սասնա Ծռեր» վանկարկումներով, և Արմեն Գրիգորյանը կրկնեց «Սասնա Ծռեր», իսկ Սասուն Միքայելյանը մոտեցավ Արմեն Գրիգորյանին, վերցրեց բարձրախոսը և ասաց՝ «էդ ինձ նկատի ունեն»։
Այսինքն, ուզում էր ասել, որ ժողովուրդը «Սասնա Ծռեր» չէր գոռում, այլ Սասուն էր գոռում, կամ էլ «Սասնա Ծռեր» ասելով՝ իրեն նկատի ուներ։ Տեղի ունեցավ առաջին կեղծիքը։ Եթե Սասուն Միքայելյանը սրան այլ բացատրություն կտա, ապա սիրով կլսենք։ Բայց եթե հենց այս մտքով է ասել, ուրեմն հազար ամոթ իրեն»:
Aravot.am-ի հետ զրույցում էլ տիկին Սիմոնյանը նշեց. «Ամենևին նկատի չունենալով պայքարը, կամ նրա այլ մասնակիցներին, և չցանկանալով որևէ կերպ վնասել այն, ես, այո, կրկին պնդում եմ, որ չափազանց տգեղ քայլ է կատարվել բանտում գտնվող իմ ընկերների նկատմամբ։ Ի՞նչ է նշանակում ժողովրդի վանկարկումները սեփականաշնորհել։ Իսկ եթե դա ընդամենը կատակ էր, ապա ասեմ, որ չափազանց անհաջող կատակ էր։ Չի կարելի կորցնել զգոնությունն այս բարդ իրավիճակում եւ նման «կիքսեր» բաց թողնել։ Ես սա իմ կողմից եմ ասում։ Չի կարելի այդքան կարճ հիշողություն ունենալ։ Այսքան ժամանակ լռել եմ, իրենց բոլոր նախապայմաններն ընդունած՝ գիշեր ցերեկ իրենց եմ քարոզել, մեկ էլ արի ու տես՝ արդեն չափն անցնում են։ Չի կարելի, տղերք, չի կարելի։ Դեռ երկար ճանապարհ ունեք անցնելու, մաքուր անցեք այդ ճանապարհը»:
Սասուն Միքայելյանի հեռախոսահամարը հասանելի չէր, իսկ «Իմ քայլը» շարժման մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը մեզ հետ զրույցում միայն հետեւյալն ասաց. «Մեր շարժումը «Սասնա ծռերի» հետ կապ չունի: Այն հիմնված է ոչ բռնի, խաղաղ միջոցներով թավշյա հեղափոխություն իրականացնելու նպատակի վրա: Այսինքն, «Սասնա ծռերի» մեթոդաբանության հետ այն կապ չունի: Չեմ կարծում, որ այդ վանկարկումներն այս պահին տեղին են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Իշխանության եք ձգտոմ, բոլոր մեթոդներուց ու մի գիշեր հետո արդեն 3 անգամ ուրացաք ձեր “հիսուսին”
էհ, հիմա նոր «հիսուս» եկաւ… Երկրորդ Գալուստ… (մեղա, Տէր)