Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է լսեն հայ ժողովրդին և կատարեն հայ ժողովրդի կամքը՝ ընտրելով ժողովրդի թեկնածուին: Այնուհետև, դիմելով հրապարակում հավաքվածներին, կոչ արեց վանկարկել ժողովրդի թեկնածուի անունը: Բոլորը գոչեցին՝ Նիկոլ:
Պարոն Ավինյանը կոչ արեց հստակ գիտակցել ու արձանագրել, որ ՀՀ-ում տեղի են ունենալու ԱԺ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, ինչը չի կարող կազմակերպվել ՀՀԿ գեթ մեկ անդամի կողմից. «Այդ ընտրությունների արդյունքում ունենալու ենք իշխանություն, որը ՀՀ-ն դարձնելու է հզոր երկիր, ինչպիսին իր ժողովուրդն է: Կան ՀՀԿ-ական բազում պատգամավորներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել քվեարկել վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին»:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ մանրամասներ ներկայացրեց այն հանդիպումից, երբ իրենք գտնվում էին անազատության մեջ, և Կարեն Կարապետյանը եկել էր իրենց հետ հանդիպման. «Մենք պայմանավորվեցինք, որ երկու ժամվա մեջ Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական տա, ինչը եղավ, որ ապրիլի 24-ը լինելու է ապրիլի 24, և պայմանավորվեցինք՝ ապրիլի 25-ի առավոտյան պիտի հանդիպենք բանակցելու, և դրանից ժամեր անց, երբ մենք նրան ներկայացրինք մեր բանակցային կազմը՝ Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Արարատ Միրզոյան և առաջարկեցինք՝ երեքն էլ գան իրենցից, Կարեն Կարապետյանը հրաժարվեց և դուրս եկավ բանակցություններից: Կարեն Կարապետյանն ուզում էր այդ բանակցություններին գալ մենակ, նա ուզում էր մեզ ցույց տալ, թե վայելում է ՀՀԿ-ի աջակցությունը, նա ուզում էր ՀՀԿ-ին ցույց տալ, թե իբր նա է միակ մարդը, ում հետ ուզում ենք խոսել և միակ մարդն է, որ կարողանում է ՀՀ-ում իրավիճակին տիրապետել: Ակնհայտ է, որ դրանից ոչ մեկին նա չի տիրապետում»:
Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ Կարեն Կարապետյանն ունի ՀՀԿ-ի փոքր աջակցություն: Այնուհետև հավաստիացրեց՝ Հայաստանում ՀՀԿ-ի իշխանություն չի լինելու:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ