Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել». Ռոբերտ Աբաջյանի պապը զայրացել է, իր անունից հանրահավաքում ելույթ են ունեցել

Ապրիլ 24,2018 12:37

Երեկ հանրահավաքի ժամանակ Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապի անունով ներկայացած մեկը բարձրացավ հարթակ եւ ելույթ ունեցավ: Նա պատմեց, որ երազում Ռոբերտին է տեսել, վերջինս ուզել է մասնակցել հանրահավաքի, ասել է՝ մի օրով եկել եմ:

Այդ ելույթը լսելուն պես Ռոբերտ Աբաջյանի իրական պապն ու հարազատները խիստ բարկացել են՝ իրենց անունից ինչ-որ մեկը փորձում է խաղ խաղալ:

Aravot.am-ի հետ զրույցում Ռոբերտ Աբաջյանի եղբայրը՝ Ռուբենն ասաց. «Աբսուրդ է դա: Հանրահավաքից հետո գնացել եմ այնտեղ, դերասան Հայկոն էր այնտեղ, ասել եմ՝ դա իրենց կողմից բացթողում էր: Հարցրեցի՝ դրա համար պատասխանատու մարդ կա՞ր, ասացին՝ չէ: Ես չգիտեմ իմաստը որն էր դրա, PR ինչ-որ շոու-մոու են ուզում արդեն կազմակերպեն, բայց դե սիրուն բան չեն անում համենայնդեպս»:

Մենք նաեւ զրուցեցինք Ռոբերտ Աբաջյանի իրական պապիկի՝ Գեւորգ Աբաջյանի հետ: Նա ասաց. «Շատ վատ եմ վերաբերվում, որ իմ անվան տակ ելույթ են ունենում: Ես ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել, այս մի քանի օրվա իրադարձությունները, այդ ելույթն ինձ շատ վատ վիճակի մեջ էին գցել»:

Հարցին՝ սա միտումնավո՞ր են արել, ըստ Ձեզ, նա պատասխանեց. «Ես չեմ իմանում, ով է նա, ինչ է, չգիտեմ: Ինձ համար անակնկալ էր, ես տանը նստած՝ կինս ասում է՝ արի տես, դու հրապարակում հիմա խոսում ես, ելույթ ես ունենում: Ջղայնացա: Այսօր պաշտպանության նախարարությունից էլ էին ինձ հետ կապվել»:

Նա ասաց, որ ինքը հանրահավաքին, ցուցարարներին միանալու միտում չի ունեցել, որովհետեւ առողջական խնդիրներ ունի, տանից դուրս չի գալիս:

Գեւորգ Աբաջյանը մտավախություն ունի, որ նույն մարդը իր անունից այլ տեղերում էլ է ներկայանում եւ այլ քայլերի է դիմում. «Չի բացառվում, որ կարող է նման բաներ էլ արած լինի: Կարող է միտում ունի, կարող է ուզեցել է ժողովրդի հայրենասիրական ոգին արթնացնի, ոգեւորի, ժողովուրդը գիտեք ինչքան է սիրում Ռոբերտին: Երեւի օգտվելով առիթից՝ մարդն ուզեցել է իրեն ցույց տա: Բայց նեղվելը որն է, եթե ձեր անունից մեկը փորձի խոսել, դուք ի՞նչ կզգաք: Ես կեսից ջղայնացա, չէի էլ ուզում լսել ինչ է ասում, կարող է այնպիսի բաներ է ասել, որոնք ես կյանքում չէի ասի, սխալ բաներ: Ասում է՝ Դավիթը ավագ որդին է, Ռոբերտի Եղբայրը, մենք Դավիթ չենք ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. «Երեկ երեկոյան մենք այդ տեղեկությունն ունեցանք, որ ելույթ ունեցողը Ռոբերտ Աբաջյանի պապիկը չի եղել. ինչ-որ արվել է, սրիկայություն է, եթե դա Ռոբերտ Աբաջյանի պապիկը չէ և նրա անունից ելույթի հնարավորություն խնդրեց։ Հանրությունը գնահատական կտա այդ մարդու գործողություններին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ կազմակերպչական լարված իրավիճակ է եղել, հնարավոր չի եղել ստուգել. «Ստուգելու խնդիր էլ չենք ունեցել, որովհետև հավատացել ենք այդ տարեց մարդու խոսքին։ Բայց նման ստոր արարքը պետք է դատապարտվի։ Կփորձենք պարզել, թե ով է այդ մարդը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    “հեղափոխական” ստախոսները գերակատարել են ամերիկյան դեսպանատան առաջադրանքը

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30