Այսօր Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ երգ-պարով՝ համերգով, գյումրեցուն հատուկ հումորային ելույթներով էին նշում իրենց հաղթանակը, նրանց միացավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ու Շիրակի թեմի մյուս հոգևորականները։ Սրբազանը ժողովրդին ողջունեց՝ 3 անգամ կրկնելով․ «Քրիստոս հարյավ ի մեռելոց», որին ժողովուրդն արձագանքեց․ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի», այնուհետ միասին աղոթեցին Նոր Հայաստանի համար։
Միքայել Սրբազանը շնորհակալություն հայտնեց այն սքանչելի երիտասարդներին, որոնք անշահախնդիր պայքարեցին Նոր Հայաստանի համար։ « Նրանք պաշտոնի համար չէին պայքարում, փողի համար չէին պայքարում, պայքարում էին նոր Հայաստանի համար, սքանչելի Հայաստանի համար, հզոր Հայաստանի համար, անարատ Հայաստանի համար, Հայաստանի համար, որտեղ չկա գողություն, որտեղ չկա անառակություն, որտեղ չկա սուտ, չկա կեղծիք, որտեղ չկա քծնանք, որտեղ չկա շահադիտություն և շահամոլություն։ Այսպիսի Հայաստան ենք ուզում՝ հզոր, լուսավոր, հոգևոր»։
Սրբազանի ելույթը բուռն ծափահարություններով, բացականչություններով ընդունվեց։ Միքայել Աջապահյանը պայքարող երիտասարդներից բացի շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով, որ նա իր հաղթանակը սկսեց Գյումրիից ու հասավ հաղթական ավարտին։
«Հաճախ ասում են մի մարդը բան չի փոխում, բայց տեսաք մի մարդը, եթե ունի կամք, զորություն, եթե ունի հավատ, եթե ունի նպատակ,և եթե ունի իր նպատակին հասնելու ձգտում, հասնում է իր նպատակին։ Երբեք մի ասեք՝ մի մարդը չի կարող փոխել, մի մարդը կարող է շատ բան փոխել և ահավասիկ մեկը սկսեց և նրան միացան հարյուրներ, հազարներ, տասնյակ հազարներ և սկսվեց Նոր Հայաստանի սկիզբը։ Աստված օրհնի այս սկիզբը», -ասաց Սրբազանը։
Նա նաև հորդորեց, որ վրեժխնդրական մոտեցումն ու հաշվեհարադարը բացառել ու միայն սեր տածել միմյանց նկատմամբ։ «Ոչ մեկը չփորձի այս հաղթանակը սեփականացնել, այս հաղթանակը բոլորինս է։ Բոլորս ունենք մեր բաժինը և հետևաբար այս հաղթանակի մեջ յուրաքանչյուրը պետք է իր լուման դնի, իր մասնակցությունը դնի, և ինքը վերափոխվի իրենով, ոչ թե որպես հին մարդ մտնի այս նոր սկզբի մեջ, այլ ինքը վերափոխվի, որովհետև այն Հայաստանը, որ այս երիտասարդներն ուզում են, միայն այդպես կարող է ստեղծվել։ Հանեք ձեր միջից հին մարդը և նոր մարդ հագեք, այնպես, ինչպես Սուրբ Ավետարանն է ասում», ասաց Սրբազանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ