Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ սթափության կոչ է ուղղում իշխանություններին: Նրա խոսքով` շարունակվող ձերբակալություններն ու մարդկանց մասսայական բերման ենթարկելը վտանգավոր են. «Արժի մեկ-երկու օր կանգ առնել, նման զգացմունքային քայլեր չանել»:
Նա նաեւ հավելեց. «Կոչ եմ անում, որ Սերժ Սարգսյանը նորից երկխոսության փորձ անի Նիկոլ Փաշինյանի հետ: Ոչ ոք չի ասում, թե առաջին հանդիպման ժամանակ պետք է փաթաթվեին, համաձայնեին միմյանց հետ…Եվ եթե այդքան մարդ կա հրապարակում, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ունի լուրջ մանդատ ժողովրդի շրջանում: Ժողովուրդը խաղաղ ցույցեր է անում, հետ չի կանգնում, ինչը վկայում է, որ վիճակը շատ լուրջ է»:
Ստեփան Գրիգորյանի խոսքերով՝ վաղը տարբեր միջազգային տարբեր հարթակներից կլսվեն գնահատականներ, իր ձեւակերպմամբ՝ այն էլ շատ լուրջ մարդկանց կողմից:
«Ես չեմ ուզում, որ վարկաբեկվի մեր պետությունը, կրկնում եմ՝ իշխանությունները մեծ սխալ են անում մարդկանց մասսայական բերման ենթարկելով: Ի դեպ, անգամ ոստիկաններն էին հիացած, թե ինչ պատրաստված երիտասարդներ ունենք, որոնց չէին կարողանում հիմնավորել, թե ինչու են բերման ենթարկել»,-հայտնեց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ