Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ոստիկան Աշոտը՝ Բաղրամյան պողոտայում նկարահանված հայտնի տեսանյութի հասցեատերը, աշխատանքից հեռացվել է իր հարազատների՝ ցույցերին մասնակցելու պատճառով:
Aravot.am-ը այս տեղեկությունը ճշտեց ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից: Նա հերքեց այդ լուրը:
«Դա զանգվածային միջոցառումների եւ անկարգությունների ժամանակ կիրառվող բավական հին, այլեւս չաշխատող տեխնոլոգիա է, խնդրում եմ լուրջ չվերաբերվել անլուրջ ասեկոսեներին ու հայտարարություններին: Նույն հաջողությամբ երիտասարդը կարող էր օգտագործել Արմեն, Արթուր անունները, այդքան ոստիկաններից մեկը հաստատ կլիներ: Դա պրիմիտիվ եւ հին տեխնոլոգիա է»,- ասաց պարոն Ահարոնյանը:
Ըստ նրա՝ ցուցարար երիտասարդը Աշոտին ուղղված կոչով նպատակ է ունեցել «իբր հոգեբանական ճնշում գործադրել ոստիկանի վրա». «Հին է, չաշխատող ու բավական պրիմիտիվ»:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում, երբ ոստիկանները փշալարերով ու ոստիկանական շղթայով արգելում էին ցուցարարներին բարձրանալ դեպի ԱԺ, մի երիտասարդ, դիմելով ոստիկաններից մեկին՝ իր հարեւան Աշոտին, ամոթանք էր տալիս ու հայտնում, որ նրա հայրն ու տատը նույնպես ցույցերին են մասնակցում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ