«Ատոմ Էգոյանը բավական թափանցիկ ակնարկներ է արել: Առաջին ակնարկն այն է՝ ինչո՞ւ եք հիմա զարմացել, որ Սերժ Սարգսյանը վարչապետ է դարձել, եթե մեկ տարի առաջ դա պարզ էր: Երկրորդը՝ ինչո՞ւ բողոքի ակցիաներն այն ժամանակ չեք կազմակերպել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն անդրադառնալով աշխարհահռչակ հայ արվեստագետ Ատոմ Էգոյանի արձագանքին՝ Նիկոլ Փաշինյանի՝ շարժմանը միանալու կոչերին:
«Փաստացի, եւ ուշացած լինելու գնահատական կա, եւ մի տեսակ տարակուսանք՝ ինչո՞ւ է մի բան արվում այժմ, երբ կարող էր արվել մեկ տարի առաջ»,- ասում է մեր զրուցակիցը:
Ստեփան Սաֆարյանը պատկերացնում է ի՞նչ «շոկ են ապրել» սփյուռքահայ հայտնի դեմքերը մեկ տարի առաջ, երբ Հայաստանում դիտարկում էին ընտրությունների ընթացքը: «Ժողովրդավարական հասարակություններում ապրած մարդիկ ականատես են եղել թե ինչպե՞ս են մարդկանց խմբերով բերում, ասում էին, որ քվեի մասսայական վաճառք է եղել… եւ առավել, քան հիասթափեցնող պետք է եղած լինի, երբ դրան չեն հետեւել որեւէ քաղաքական ուժի եւ հասարակության կողմից բողոքի ակցիաներ: Քաղաքական ուժերը փաստացի համակերպվեցին եւ ճանաչեցին իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա»,- ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով էլ Երեւանի փողոցներում դեռեւս ընթացող ցույցերին, մեր զրուցակիցն ասաց՝ ի՞նչ զարգացումներ եւ ի՞նչ ժամկետներում կլինեն՝ ժամանակը ցույց կտա: Նա կարեւոր է համարում, որ երիտասարդների այս ըմբոստությունն ու պատրաստակամությունը վերածվի քաղաքական կապիտալի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գալիս է նաև սխալները ուղղելու ժամանակը