Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր բլոգում գրառում է հրապարակել «Խաղալիք հեղափոխություն Երևանում» վերտառությամբ՝ փորձելով մեկնաբանել Երևանում ընթացող բողոքի ցույցերը, և դրանք որակել է որպես ցուցադրական շոու՝ առանց գաղափարի:
«Երևանցի ընկերներս ինձ ասացին, որ ես Երևանում եմ հայտնվել Հայաստանի համար ճակատագրական պահի, երբ ժողովուրդը փողոց է դուրս եկել՝ ի նշան Սերժ Սարգսյանի վերընտրման դեմ բողոքի և ասելու է՝ ոչ։ Բայց զբոսնելով քաղաքով՝ ես բոլորովին այլ պատկերի ականատես եղա։ Մարդիկ շատ էին, և բացարձակ մեծամասնությունը երիտասարդ աղջիկներ ու տղաներ էին, որոնց համար «հեղափոխությունը» ընդամենը ինքնադրսևորման ձև էր։ Նրանք քայլում էին, շատերը գրկախառնվում էին, համբուրում իրենց ընկերուհիներին, ծաղիկներ նվիրում։ Ընդհանուր առմամբ տրամադրությունը բարձր էր։
Երևանցիներն ու զբոսաշրջիկները լուսանկարվում էին հսկայական շախմատի ֆիգուրների կողքին, որոնցով փակել են Աբովյան փողոցը։ Դրան գումարած լավ եղանակը՝ ստանում ենք խաղալիք-հեղափոխություն, որը միայն ավտոսիրողներին է խանգարել, ովքեր երկու օր է՝ չեն կարողանում աշխատանքի հասնել։
Ես շատ հեռու եմ ցանկացած քաղաքականությունից։ Լինելով 3 երկրի քաղաքացի՝ ես ոչ մի անգամ ոչ մի ընտրության չեմ մասնակցել և դժվարանում եմ հիշել Ուկրաինայի վարչապետի անունը, մի երկրի, որի քաղաքացու անձնագիրը հիմա գրպանումս է։ Չեմ հիշում նաև Իսրայելի նախագահի անունը, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին գիտեմ միայն այն պատճառով, որ նա պաշտպանում էր ինձ, երբ Կասպից սուլթան Ալիև ջանը փորձում էր ինձ գողանալ ու տանել իր Բաքուն։ Սա ասում եմ, որպեսզի ինձնից Հայաստանի քաղաքական կյանքի մասին վերլուծություններ չսպասեք։ Ես բացառապես կողմնակի դիտորդ եմ։ Իմ զգացողությունն այնպիսին է, որ սա ցուցադրական շոու է՝ վերածված ժողովրդական տոնախմբության։
Երևանի փողոցներում շփվելով երիտասարդների հետ՝ ես չտեսա ո՛չ ընդհանուր գաղափար, ո՛չ նպատակ, ո՛չ էլ ընկալում այն բանի, թե ուր են գնում իրենք, և ով է իրենց առաջնորդը։ Ինչ-որ մեկն ուղղակի ոգևորել է երիտասարդներին, առաջ հրել դեպի բարիկադներ, իսկ ինքը քայլում է նրանց մեջքի հետևից, որպեսզի հանկարծ Աստված չանի՝ մեջքին մահակով հարված չստանա։
Մարդիկ ուղղակի հոգնել են ձգձգվող լճացումից։ Նրանք ցանկանում են ինչ-որ բան փոխել, բայց չեն հասկանում, թե կոնկրետ ինչ և ինչ միջոցով։
Ոստիկանությունն արգելափակել է պետական հաստատությունները, սակայն դեմ չէ հայտնվել զբոսաշրջիկների կադրերում, որոնք լուսանկարվում են ռետինե մահակով ու սաղավարտներով խստաբարո տղաների ֆոնին։ Շատ հաստատությունների աշխատակիցներ պարզապես չեն կարողացել աշխատանքի հասնել։ Այդ պատճառով շատերն անսպասելիորեն հանգստյան օր ունեցան շաբաթվա կեսին։ Շատերին դա նույնիսկ ուրախացրել է։
Ամենից շատ տուժել են ավտոսիրողները։ Անհասկանալի է, թե ինչ նպատակով են ցուցարարներն արգելափակել Երևանի բոլոր գլխավոր փողոցները։ Վրդովված վարորդները կոնֆլիկտի մեջ են մտնում հեղափոխականների հետ՝ բացատրելով, որ նրանց հիմար հեղափոխությունների պատճառով իրենք չեն կարողանում երեխաներին մանկապարտեզից տուն տանել։ Իսկ հեղափոխականներն էլ նրանց բացատրում են, որ վերջիններս ոչինչ չեն հասկանում հեղափոխությունից, որ այդպես իրենք Սարգսյանին ցույց են տալիս, որ նա վատն է»։
Եզրափակելով գրառումը՝ բլոգերը նշել է, որ միևնույնն է Երևանը հիանալի քաղաք է, իսկ երևանցիները՝ ընտիր մարդիկ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ