Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Դավիթ Հարությունյանը թող մեկ թեկնածուի անուն տա

Ապրիլ 12,2018 18:05

«Ես չգիտեմ՝ ո՞վ ի՞նչ է հայտարարել եւ ո՞վ՝ ո՞ւմ հետ ի՞նչ է քննարկել, կամ որտե՞ղ է քննարկել, բայց ես արձանագրել եմ փաստը. ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց, մինչ օրս, քննարկել է միայն երեկ՝ ԳՄ նիստի ընթացքում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, երեկ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ քննարկել են Կարեն Կարապետյանի առաջարկը՝ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին եւ որ այլ կարծիքներ չեն հնչել: Մինչդեռ, այսօր, կառավարության նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք վարչապետի թեկնածուներ են եղել: Դավիթ Հարությունյանը, սակայն, անուններ չէր հրապարակել:

Էդուարդ Շարմազանովը մանրամասնում է՝ Կարեն Կարապետյանի կողմից Սերժ Սարգսյանի թեկնածության առաջարկը պաշտպանել են բոլորը, առանց բացառությունների, այդ թվում նաեւ Դավիթ Հարությունյանը. «Բացառությամբ երեկվա նիստից, պաշտոնական որեւէ քննարկում չի եղել: Ոչ ԳՄ, ոչ խորհրդի նիստերում, ոչ էլ ՀՀԿ խմբակցության նիստերում վարչապետի թեկնածուի հարցի որեւէ քննարկում չի եղել: Երեկ մենք քննարկել ենք մեկ թեկնածություն եւ բոլորը, միահամուռ կերպով, բարձր գնահատելով Սերժ Սարգսյանի ծառայությունները, նրա փորձը, իմաստնությունը, մարտահրավերներին դիմակայելու ճկունությունը, անվտանգության համակարգին լավագույնս տիրապետելու հմտությունները, կողմ են արտահայտվել ու պատրաստվում ենք շաբաթ օրը՝ խորհրդի նիստում, առաջադրել մեր կուսակցության նախագահի թեկնածությունը: ԳՄ բոլոր անդամներն արտահայտվել են այդ հարցի շուրջ եւ ես վերահաստատում եմ՝ այլ առաջադրում չի եղել, ավելին, այլ թեկնածուի քննարկում չի եղել, նույնիսկ ակնարկ չի եղել այլ թեկնածուի վերաբերյալ: Եթե իմ հարգարժան գործընկերն ասում է, որ թեժ քննարկումներ են եղել, այլ թեկնածուներ են եղել, թող մի քանի թեկնածուի կամ մեկ թեկնածուի անուն տա»:

Դիտարկմանը՝ Դավիթ Հարությունյանը միգուցե փորձել է փրկել ՀՀԿ-ի դեմքը՝ ցույց տալով, որ իբր ժողովրդավար կուսակցություն եք, քննարկումներ են լինում, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց՝ ՀՀԿ-ն ժողովրդավար կուսակցություն է, ոչ թե ժողովրդավարության իմիտացիա անող. «Ժողովրդավարությունն էլ չի նշանակում, որ պետք է ձեւական 20 թեկնածու առաջադրենք, հետո ասենք՝ այս մեկին ենք ընտրում: Ոչ միայն ՀՀԿ-ում, այլ ՀՀ-ում Սերժ Սարգսյանի փորձն ու իմաստությունն ունեցող, գործադիր մարմինը ղեկավարելու համար արժանի ոչ միայն հավասար, այլ մոտ կանգնած գործիչ չկա: Բոլորի նկատմամբ խորը հարգանք տածելով՝ սա ոչ միայն իմ գնահատականն է, այլ այսօրվա իրականությունը: ՀՀԿ-ն կայացած քաղաքական, լուրջ, տարբեր ոլորտներում վաստակ ունեցող գործիչների կուսակցություն է, որտեղ կա մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30