Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտադիր ա մինը շիֆաներկումդ շռի՞, որ պատիվդ բարձրանա»

Ապրիլ 11,2018 13:30

Աստ հանգչի գրախոսության փորձն այս

Լեւոն Ջավախյանի «Ծնկան ծերին» ժողովածուն կարդացվում է մեկ շնչով: Պատճառը պատումի զուլալությունն է ու աննախադեպ անկեղծությունը: Հեղինակն իր գրածը սուպերռեալիզմ կամ լուսանկարչական արտանկարում չի համարում, ասում է` իրապատում է:

Լեւոն Ջավախյանն իր «Ծնկան ծերինը» գրել է` առանց օսլայած, սիրունիկ բառերի ու պուպուշ արտահայտությունների, իր խոսքով, որտեղ մուսան բռնացրել է, «չոքացրել» է իրեն, ու այդպիսով ծոր է տվել ջավախյանական գրականությունը: Նա պատահական չի գրում, թե իր ծննդավայր Շնողը իր երազանքի գագաթն է ու այնտեղից ավելի շատ բան է երեւում, քան աշխարհի որեւէ այլ գագաթից: Դրա համար էլ, ով ասես կա Ջավախյանի գրքում` սկսած Հենրիխ Մխիթարյանից ու նրա երկրպագուներից, Մերուժան Տեր-Գուլանյանից, պառաված կույսից, վերջացրած «հայկական սեքսի» դրոշակակիրներով ու Մովսես Խորենացի մեդալի առիթով իրեն թուքումուր տվողներով: Իմիջիայլոց, ինքը մարդու մասին լավ կարծիքի է: Ասում է՝ վատ մարդ չկա, քանի որ ամեն ինչ հարաբերական է, ու մեջբերում Լեւոն Ներսիսյանին. «Տվեք ինձ ողորմելի, թշվառական մարդու անուն, եւ ես նրա մասին լավ բաներ կպատմեմ»:

Գրողը նաեւ փաստում է, որ քաղաքացի լինելը մայրաքաղաքում ծնվելով չի, իր կենսակերպով ու գրականությամբ բազմաթիվ երեւանածիններից ավելի երեւանցի է, ու դրանում նաեւ կինն է մեղավոր: Թե ինչո՞ւ, չեմ ասի. գնացեք կարդացեք «Ծնկան ծերինը» եւ իմացեք:

Անչափ հուզիչ է Լեւոն Ջավախյանի մոր` իրեն ուղղված նամակը, որը գրքում զետեղված է գրեթե անփոփոխ, թերեւս բացի վերնագրից: «Քու մերը անգրագետ կնիկ չի, թերթ էլ ա կարդում, գիրք էլ ա կարդում, ռադիո էլ ա լսում, հլա դեռ քո գրածներն էլ եմ կարդում…Դու մե-մեն պետռ, պետռ, անամոթ բաներ ես գրում…Բա քեզ սազում ա՞, որդի, բա Թումանյանը թենց էր գրո՞ւմ…է՜, ոնց մտածում եմ, ես եդ-եդ եմ գնում, դու` առաջ, էսենց որ գնա, մեր պոեզը տեղից շարժվիլ չտի…Էլի եմ ասում, գործդ դրսում ա, տաք հագնվի, որտքերդ չսառչի, էս է նամակիս հետ բրդի գուլպեք եմ ղրգում, քեզ ու երեխանց համար էլ` մի-մի ջուխտ ոչխարի բրդից գործած սպիտակ ձեռնոցներ»,- որդուն ուղղված նամակում գրում է նրա մայր Անիկը: Ու գրողը վերստին փաստում է, որ սերերից ամենաանձնուրացն ու ազնիվը մայրականն է:

«Որդի, դու քեզանով կարում չե՞ս գրող դառնաս….պարտադիր ա մինը շիֆաներկումդ շռի՞, որ պատիվդ բարձրանա…Մնում էր հավատալ սեփական ուժերին: Ինքնուրույն գրում, ինքնուրույն տպագրվում էի, էդպես էլ ճանաչված մարդ դարձա: Բայց մայրս էլ վերեւ չէր նայում, նա ոչ գոհ էր, ոչ էլ դժգոհ, թեեւ ես իր երազի պտուղն էի: Նրան պետք չէ՛ր, որ ես գրող եմ, պետք չէր, թե ես ճանաչում ունեմ, պետքն էլ չէր, որ նշանավոր եմ…Գրողն ուրիշինն էր, նրան իր որդին էր…

-Ղեկավարությանը դեմ ես գնում որդի…Գլխիցդ ձեռ քաշած` տելեվիզըրումը շատ ես խոսում, թերթերումը գրում…Բա որ հանկարծ մի ուգլումը գաղտումդ տվի՞ն…Քու տերն ո՞վ ա»,- մոր խոսքերն է հիշում գրողը:

Ջավախյանը այլ բնույթի մարդկանց էլ է անդրադարձել. «Մենք ապրում ենք մեծ աշխարհի պռնկին: Մեծ աշխահում ապրում էին գողեր, բոզեր, գյոթեր, ավազակներ, թալանչիներ, կաշառակերներ, կաշառատուներ, կոռումպացվածներ, կավատներ, արկածախնդիր սրիկաներ…Նրանց գրքում գրված էր` սիրեցէք զմիմեանս»: Ու թեեւ նմաններից շատ բան է կախված, բայց մեկ է` նրանց վերջն էլ է գալիս:

Ամեն դեպքում, ինքն ուզում է, որ բոլորն ազատվեն չարություն ու նախանձ կոչվող կերակուրից, որպեսզի կարողանա ի վերջո ոգեղեն տաճար կառուցել, թե չէ սին մտածումներով ու լալագին հառաչանքով ստիպված է լինելու ողորմելի տապանաքար շինել, վրան էլ իր խոտոր ձեռքով գրել. «Աստ հանգչի անկատար պատմվածքն այս»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

10.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Հա, ոնց խոսում է, այդպես էլ գրում է…

Պատասխանել