«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօրվանից ու յոթ օր շարունակ Ազատության հրապարակում հացադուլ կանցկացնի՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հնարավոր վերարտադրության:
Նա այսօր անդրադառնալով չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման ստանձնմանը, կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի բերած մարդիկ, առավել եւս Արմեն Սարգսյանը, որեւէ բան չեն կարող երկրում փոխել:
«Այն, որ նա խելոք, համեստ նայում էր, թե ինչպես են իր լիազորությունները կրճատվում, իր պահվածքն ու կենսագրությունը, որպես քաղաքական գործիչ, որ ինքը չկա, հուշում են, որ հնարավոր չէ, որ ինչ-որ բան կանի:
Տարբեր վարկածներ կան, մեկի համաձայն՝ Սերժ Սարգսյանի բիզնեսները Արմեն Սարգսյանի անունով են, մյուս վարկածի համաձայն՝ Ամուլսարի հետ կապված ատկատներ են եղել, անգլիացիները Արմեն Սարգսյանին ուղարկել են այստեղ, որ տեր կանգնի այդ ատկատներին»,- ասաց Արամ Հարությունյանը:
Մեր դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանը շատ վաղուց արդեն հերքել է, որ ինքը որեւէ կապ չունի Ամուլսարի հետ, Արամ Հարությունյանը շարունակեց. «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռնաշխարհ, բայց Արմեն Սարգսյանը Չարլզի հետ բարձրացավ Ամուլսար, Արմեն Սարգսյանն է Չարլզին բերել Ամուլսար… շատ կարեւոր է անձի քաղաքական գործունեությունը, տեսե՞լ եք՝ մի անգամ Արմեն Սարգսյանն ընդվզի, տեսնողներ են չէ եղել, վկաներ են եղել, որ Վազգեն Սարգսյանը ժամանակին նրան ասել է՝ գնա, գնացել է, հիմա էլ ասել են՝ արի, եկել է, շատ էլ որ Վազգեն Սարգսյանի եղբայրները հերքեցին ու հայտարարեցին, որ իրենց տանը կերել-խմել է: Ես չեմ հավատում այն մարդուն, որի ընտանիքն Անգլիայում է, երեխաները Անգլիայի քաղաքացիներ են, իրենց համարում են կիսով չափ բրիտանացի, կիսով չափ հայ չի լինում: Հույս ունենալ, որ Սերժ Սարգսյանի բերած մարդն ինչ-որ բան կփոխի, անիմաստ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ