– Ինչ սիրուն անուն ունես, ո՞ւմ անունն են դրել:
– Տատիկիս/պապիկիս:
Եթե կար ժամանակ, երբ երեխայի անվան ընտրությունը կապվում էր տատիկ-պապիկի անվան կամ մականվան հետ, ապա այսօր մի փոքր այլ է, ծնողները բավական ժամանակ են ծախսում իրենց դեռ չծնված երեխայի համար յուրօրինակ անվանում ընտրելու համար։ Ապագա հայրիկ-մայրիկները գործի են դնում իրենց ողջ երեւակայությունը։ Իհարկե, շատ ծնողներ էլ առաջնորդվում են տատիկ-պապիկների անուններն իրենց երեխաներին փոխանցելու «պապենական ադաթով»:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տեղեկությունների՝ վերջին 4 տարիների ընթացքում աղջիկ երեխաներին առավել հաճախ անվանում են Անգելինա, Միլենա, Անահիտ, Սոֆի, Յանա, Մարիամ, Մարիա, Մանե, Էլեն, Անի, Աննա, Նարե: Վերջին 2 տարիների ընթացքում մեզ մոտ շատացել են Արինա եւ Արիանաները, եթե 2013 թվականին ունեինք 41 Արիանա եւ 86 Արինա, ապա 2016 թվականին ունենք 163 Արիանա անուն ունեցող փոքրիկ եւ 255 Արինա։
Ազգագրագետ Նիկոլ Մարգարյանի խոսքով՝ տարօրինակ անունների թիվը պակասել է, բայց պատմում է, որ Լոռու մարզում մի ընտանիք, 11 աղջիկ ունենալուց հետո, 12-րդը նոր տղա էին ունեցել եւ հայրը երեխայի անունը դրել էր Զոռով։
Անգելինա, Անահիտ, Մարիա, Մանե, Անի, Աննա, այս վեցյակը իր դիրքերը չի զիջում. 2015-2016 թվականին ունեցել ենք հետեւյալ պատկերը՝ Անգելինա՝ 513-492, Անահիտ՝ 500-512, Մարիա՝ 608-746, Մանե՝ 565-656, Անի՝ 512-523, Աննա՝ 362-367:
24-ամյա Տաթեւը, ով մեկ ամիս առաջ է մայրացել, ասում է, որ դժվարությամբ են ընտրել փոքրիկի անունը. «Ուզում էինք այնպիսի անուն, որ շատ չհանդիպեր, գեղեցիկ հնչեր, փոքրիկին համահունչ լիներ ու ծնվելուց հետո 3 օր էլ մտածեցինք եւ մեր արքայադստերը Մարիաննա անվանեցինք»։
Մերի, Նարե, Մարի եռյակը մի փոքր նվազել է, 2013-2014-2015-2016 թվականների տվյալներով՝ ավելի քիչ են ցանկացել անվանել իրենց փոքրիկներին այս անուններով, սակայն շարունակում է ամենահաճախ տրվող անունների ցուցակները գլխավորել. Մերի՝ 379-351-295-262, Նարե՝ 955-866-740-708, Մարի՝ 813-700-634-551։
Ապագա մայրիկները հաճախ ասում են, որ եթե իրենց երեխայի տատիկն ունենա գեղեցիկ անուն, ապա նրանք չեն հրաժարվի իրենց երեխային նույն անունով կոչել։
Մելինե, Շուշան, Ռիտա, Քրիստինե, այս անունների տեր փոքրիկների քիչ կհանդիպենք, 2016 թվականին ունեցել ենք 12 Քրիստինե եւ ավելի քիչ Մելինե, Շուշան եւ Ռիտա։
Անկախ նրանից, թե ինչ մեթոդով է կատարվում ընտրությունը եւ որ տարբերակին է տրվում նախապատվությունը, երեխայի անունը դառնում է նրա կյանքի մշտական ուղեկիցն ու այցեքարտը:
ԳՈՀԱՐ ԱԹԱԲԵԿՅԱՆ
«Առավոտ»
29.03.2018