ԱԺ-ում քննարկվում է ՀՀ-ում էներգետիկ համակարգի հիմնախնդիրները, որի հետ կապված «Ելք» խմբակցությունը հարցապնդում էր արել: «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը խոսեց վարչապետի եւ «Գազպրոմի» հարաբերությունների, շահերի բախման մասին, ասաց, որ «լեւի գազի» խնդիր կա, մարդիկ կան՝ միլիոնատեր են դարձել «լեւի գազով»:
Մարուքյանը նաեւ նշեց, որ «Լուսավոր Հայաստանի» ավագանիները ուսումնասիրել են քաղաքապետարանի կողմից վճարվող էլեկտրաէներգիայի վարձը եւ պարզել են, որ ցերեկային ժամերին վճարվող եւ գիշերային ժամերին վճարվող կիլովատները չեն համապատասխանում: Գիշերը ավելի էժան սակագնով է, բայց ավելի շատ է քաղաքապետարանը վճարել երկար տարիներ, այսինքն՝ ինչ-որ մարդիկ, ինչ-որ թալանչիների խմբավորումներ ինչ-որ տեղ միացրել են, օգտագործել են եւ քաղաքապետարանը վճարել է: Երկրորդ տարբերակ՝ քաղաքապետարանը վճարել է գումարը տվյալ համակարգին, այնտեղից ատկատը հետ են տվել իրենց: Սա էլ տարբերակ բ-ն է»:
Մարուքյանն ասաց, որ հաղորդում են այս մասին ներկայացրել գլխավոր դատախազություն որեւէ տեղեկություն չունեն, արձագանք չկա: Ըստ Մարուքյանի, սա համակարգային խնդիր է, մարդիկ միլիարդատերեր են դարձել՝ այս չարաշահումների արդյունքում. «Նայեք այդ մարդկանց ունեցվածքը, հետո էլ ասում են՝ աշխատավարձերը գաղտնիք է: Խոսում են կրթական համակարգի կոռուպցիայից, այդ կոռուպցիան ծիծաղելի է՝ այս համակարգի հետ համեմատած, հումոր է ուղղակի»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր ելույթում դժգոհեց, որ հարցապնդումը լավ ձեւաչափ է, բայց գուցե կանոնակարգ օրենքում փոփոխություն անեն, այնքան ժամանակ տրամադրեն, որ բոլոր խնդիրները խորությամբ քննարկեն, ոչ թե միայն թալանչիների մասին լսեն ու գնան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ