«Առավոտ»-ը ՀՀ ապագա վարչապետի աշխատակազմի կառուցվածքի և հաստիքների վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանից:
-Պարո´ն Գևորգյան, Հայաստանի Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ առաջիկայում նախատեսված կառուցվածքային փոփոխությունների համատեքստում, ի՞նչ փոփոխություններ են սպասվում Հանրապետության նախագահի աշխատակազմում, բացի նստավայրի փոփոխությունից:
-Այո, հիմնական փոփոխությունը, որ վերաբերել է ՀՀ նախագահի աշխատակազմին, նստավայրի փոփոխությունն է: Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենքն ընդունվելուց հետո Հանրապետության նախագահը ապրիլի 9-ից սկսած կաշխատի Մաշտոցի 47 հասցեում գտնվող վարչական շենքում: Այդ համալիրը և՛ խորհրդային տարիներին, և՛ Հայաստանի անկախության տարիներին մշտապես ծառայել է որպես պետական և ներկայացուցչական միջոցառումների վայր: Ըստ էության՝ այն ծառայել է նաև որպես վարչական շենք: Այսօր այնտեղ որոշակի փոփոխություններ են կատարվում անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովելու համար:
Ինչ վերաբերում է բուն աշխատակազմին, ապա հիմնական փոփոխություններն իրականացվելու են աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի մասով: Առաջարկվում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքային միավորների թիվը չգերազանցի 155-ը: Ապագա կառուցվածքից բացակայելու են որոշ ստորաբաժանումներ՝ պայմանավորված նոր Սահմանադրությամբ նախատեսված՝ նախագահի լիազորությունների փոփոխությամբ: Մասնավորապես, ապագա աշխատակազմում բացակայելու են այնպիսի ստորաբաժանումներ, ինչպիսիք են վերահսկողական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը, Հանրային խորհրդի գրասենյակը: Ըստ էության՝ աշխատակազմի կառուցվածքն ամբողջովին համապատասխանեցվելու է ապրիլի 9-ից լիովին ուժի մեջ մտնող ՀՀ Սահմանադրության պահանջներին: Միաժամանակ, կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, որ Հանրապետության նախագահը իրականացնի պետության գլխի գործառույթները, ինչպես նաև Սահմանադրությամբ իրեն լիազորված այլ գործառույթներ:
-ԱԺ-ում 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, Դուք ընդհանուր առմամբ ներկայացրել եք նախագահի աշխատակազմում և կառավարության աշխատակազմում նախատեսվող բարեփոխումների արդյունքում հաստիքների փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն: Այժմ այդ հաստիքային միավորները ամրագրված են օրենքով, կարո՞ղ եք ներկայացնել` ի՞նչ տրամաբանությամբ են ձևավորվել այդ թվերը:
-Ազգային ժողովում 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ես տեղեկացրի, որ այդ պահի դրությամբ դեռևս շարունակվում են ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի կառուցվածքների և հաստիքների վերաբերյալ քննարկումները: Այսօր, երբ Ազգային ժողով են ներկայացվել համապատասխան օրենքների նախագծերը, կարող եմ տեղեկացնել, որ դրանցում արտացոլված լուծումները բխել են հետևյալ մոտեցումներից՝
1) ձևավորվում է նոր պետական կառույց՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ինչը ենթադրում է, որ կառավարության աշխատակազմը լուծարվելու է, այսինքն` լինելու է մեկ վարչական կառույց, որը սպասարկելու է վարչապետին, առաջին փոխվարչապետին, փոխվարչապետներին և ընդհանուր առմամբ՝ կառավարությանը, որպես կոլեգիալ մարմնի: Մամուլում հանդիպել եմ այս թեմայի վերաբերյալ տարբեր մեկնաբանությունների: Ուզում եմ խորհուրդ տալ դրանց հեղինակներին՝ կարդալու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթները, որտեղ իմ նշած մոտեցումները հստակ ամրագրված են,
2) ՀՀ նախագահի աշխատակազմի և վարչապետի աշխատակազմի հաստիքների (155 + 600) սահմանման հիմքում ընկած են հետևյալ մոտեցումները՝
– ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքների առավելագույն թիվը 2016 թվականին եղել է 411, այնուհետև իմ առաջարկությամբ 2 անգամ ՀՀ նախագահը կրճատել է այն՝ հասցնելով 330-ի` նպատակ ունենալով այդ անցումային ժամանակաշրջանում ավելի արդյունավետ օգտագործել պետական միջոցները,
– կառավարության աշխատակազմի հաստիքների թիվը կազմում է 298, այսինքն՝ 411 + 298 = 709,
– բացի այդ, եթե նկատել եք, վերոհիշյալ օրենքի նախագծով նախարարությունների թիվը 18-ից դարձել է 17` կրճատվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որտեղ հաստիքների թիվը այսօր 37 է: Միաժամանակ, քաղաքացիական ծառայության բարեփոխումների արդյունքում լուծարվելու է Քաղաքացիական ծառայության խորհուրդը և նրան սպասարկող աշխատակազմը՝ 7 + 70 հաստիքներով,
– վերջին երկու հանգամանքները կարևոր են այն իմաստով, որ չնայած լուծարվում են պետական կառույցներ, այդուհանդերձ, այդ գործառույթները փոփոխված ծավալով և լիազորություններով իրականացվելու է վարչապետի աշխատակազմի կողմից, այսինքն, եթե հանրագումարի բերենք այսօրվա գործող 411 + 298 + 37 + 77 = 823 հաստիքների թիվը, ապա փոփոխությունից հետո գործելու է 755-ը՝ 68-ով պակաս:
-Ի՞նչ տարբերություններ են լինելու այսօրվա կառավարության աշխատակազմի և ձևավորվելիք վարչապետի աշխատակազմի միջև:
-Վարչապետի աշխատակազմի մասին խոսելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ իմ արտահայտած բոլոր մտքերը կրում են խիստ նախնական և փորձագիտական կարծիք արտահայտող բնույթ, քանի որ այդ հարցերը առավել որոշակի կդառնան, երբ վարչապետը հաստատի իր աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը:
Այնուամենայնիվ, նախնական ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում կարող եմ ասել, որ վարչապետի աշխատակազմն ունենալու է այնպիսի կառուցվածք, որը թույլ է տալու սպասարկել ոչ միայն վարչապետի ամենօրյա աշխատանքը, այլև համապատասխան փոխվարչապետների աշխատանքը: Վերջիններիս սպասարկման համար ստեղծվելու են համապատասխան գրասենյակներ:
Վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է գրասենյակ, որն իրականացնելու է քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ կառավարությանը և համակարգող փոխվարչապետին վերապահված լիազորությունները:
Լինելու են ստորաբաժանումներ, որոնք զբաղվելու են տեսչական մարմինների բարեփոխումների, միջազգային տնտեսական ինտեգրման հարցերով:
Ուժեղացվելու են հեռանկարային վերլուծական գործառույթները, բացի այդ` շարունակելու են գործել բոլոր այն ստորաբաժանումները, որոնք ավանդաբար կատարել են որոշակի գործառույթներ:
Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ