Լրահոս
Օրվա լրահոսը

Կոսաչովը հայտարարեց, որ ՌԴ-ն Ադրբեջանին այլեւս այն մասշտաբներով զենք չի վաճառի, ինչ մինչեւ ապրիլյան պատերազմն էր

Մարտ 14,2018 12:55

Աշխատանքային այցով Հայաստանում է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությանը` Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ: Այսօր նա եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ասուլիս էին հրավիրել՝ ամփոփելու երկու հանձնաժողովների համատեղ աշխատանքը: Պարոն Աշոտյանն ասաց, որ այս ձեւաչափն ապացուցել է իր արդյունավետությունը՝ որպես հայ ռուսական քաղաքական երկխոսության համար կարեւորագույն եւ անկեղծ հարթակ:

Նա նշեց, որ շատ հագեցած օրակարգ են ունեցել, երկկողմ հարաբերություններն են քննարկել, տարածաշրջանային անվտանգություն, Եվրասիական ինտեգրում եւ այլն: Նաեւ համատեղ աշխատանքի արդյունքում հայտարարություն է ստորագրվել, որտեղ անդրադարձ կատարելով տարածաշրջանային անվտանգային խնդիրներին՝ կարեւորվել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ պետք է կյանքի կոչել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Ժնեւում կայացած հանդիպման արդյունքները:

Իսկ Կոնստանտին Կոսաչովը հայկական կողմին շնորհակալություն հայտնեց բաց, անկեղծ եւ արդյունավետ քննարկման համար: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին այս խորհրդարանական աշխատանքների ձեւաչափը հաշվի առնելով՝ Հայաստանի հետ շատ արդյունավետ համագործակցում են. «Մենք չունենք այսպիսի ձեւաչափ, օրինակ, Ադրբեջանի հետ»:

Նա ասաց, որ դա պայմանավորված է մեր երկու երկրների մտերմությամբ եւ շատ հարցերում հետաքրքրությունների համընկնման հետ: Կոսաչովը նշեց, որ հայկական կողմի հետ քննարկել են մի շարք հարցեր համատեղ հանդիպումների ժամանակ եւ իրենց մեջ փակ հարցեր չկան:

Լրագրողները Կոսաչովից հետաքրքրվեցին՝ անցյալ տարվա սեպտեմբերին Վլադիմիր Պուտինը Չինաստանում մեկնաբանելով ամերիկյան զենքի վաճառքը Ուկրաինային, հայտարարել էր, որ չի կարելի հակամարտող երկրին զենք վաճառել, սակայն հայտնի է, որ 2011-ից ՌԴ-ն Ադրբեջանին վաճառել է մոտ 5 մլրդ-ի զենք, այս հակասությունը ինչպե՞ս է հնարավոր, որ կարելի է մի դեպքում հակամարտող երկրի զենք վաճառել, իսկ մեկ այլ դեպքում ասել, որ չի կարելի դա անել: Կոսաչովը պատասխանեց, որ խոսքը վերաբերում է զինված հակամարտություններին, որոնք «թեժ» փուլում են գտնվում, ինչպես Ուկրաինայում էր, որտեղ զենքով կրակում են. «Բարեբախտաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այդ փուլում չէ: Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակը պայթյունավտանգ է, եւ 2016-ի ապրիլյան իրադարձությունները այդ ողբերգական իրադարձությունների եւս մեկ ապացույցն են: Ռուսաստանը կատարում է այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչեւ 2016-ի ապրիլը, եւ մենք պարտավոր ենք դա անել՝ այդ պայմանագրերի համաձայն: Դա այն իրավիճակն էր, որը գոյություն է ունեցել մինչեւ այդ պահը, եւ իմ տեղեկություններով՝ հետագայում այն չի իրականացվի այն մասշտաբներով, ինչ իրականացվել է մինչ այդ: Անխոս, մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որը եղել է 2016 -ի ապրիլին: Այս մասին ոչ մի կասկած չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031