Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրության մեջ գրված է երկրի գլուխ, բայց գլուխ չէ, անգլուխ ձիավոր է». Արթուր Սաքունց

Մարտ 13,2018 13:58

«Այս սահմանադրության մեջ չեմ գտնում այն կետը, որտեղ իմպերատիվ երևում է, որ ԱԺ-ն իշխանության բարձրագույն մարմինն է»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ըստ նրա՝ երկրի գլուխը շարունակում է մնալ նախագահը, բայց երկրի կառավարումն ամենօրյա աշխատանք է և դա անելու է վարչապետը:

Ըստ տիկին Խառատյանի՝ այս նոր սահմանադրությամբ ԱԺ-ն որևէ նոր լիազորությամբ օժտված չէ և որևէ նոր գործառույթ չունի: Եթե կառավարությունը կարիք համարի դիմել ԱԺ-ին, կարող է դա անել:

Այս առիթով հղում կատարելով սահմանադրությանը՝ տիկին Խառատյանն ասաց. «Կառավարությունը՝ վարչապետը, կարող է արտակարգ դրություն հայտարարել, որից հետո դիմել ԱԺ-ին: ԱԺ-ն կարող է այդ արտակարգ դրությունը հանել: Իմպերատիվ բան չկա, ամենը հայեցողական է: Երևում է, որ մեկ անձի վրա ձևած սահմանադրություն է, և այն հնարավորություն է տալիս, որ եթե այդ մեկ անձը չլինի, ապա հնարավոր լինի նաև մեկ այլ անձի վրա իրացնել դա»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, դիմելով իշխանության ներկայացուցիչներին, ասաց. «ՀՀ կառավարության անդամները, ՀՀԿ-ի ներկայացուցիչները թող ինձ ցույց տան որևէ խորհրդարանական հանրապետության օրինակ, որտեղ վարչապետն ունի նման լիազորություններ»:

Դիմելով ՀՀԿ անդամներին՝ պարոն Իշխանյանը հայտարարեց, թե նույնիսկ իրենց 60 տոկոսանոց ԱԺ-ն վստահություն չունի. «ԱԺ-ն վերահսկողություն չի ունենում ոստիկանության, ԱԱԾ-ի քննչական մարմինների նկատմամբ, քանի որ դրանք ուղղակի վարչապետի անձնական ծառայություններն են: 2008-ի մարտի 1-ի ողբերգության պատճառն այն էր, որ մեզ մոտ ուժային կառույցները իշխանության հիմնական հենարանն են, և չկա որևէ վերահսկողություն: Սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո ԱԺ-ն, որ կողմ քվեարկեց դրանց, այդպիսով արդարացնում է 2008-ի մարտի 1-ի դեպքերը: Չի բացառվում առաջիկայում հերթական մարտի մեկեր լինեն»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ հիշեցնելով 2005-ի սահմանադրությունը, փաստեց. «19 լիազորություններ, որոնք 2005-ի սահմանադրությամբ ուներ ՀՀ նախագահը, այժմ դրանցից 13-ն անցել է վարչապետին: Մնացած վեցը վերաբերում է դատական իշխանությանը, որն ԱԺ-ի կողմից է նշանակում, բայց վերստին նույն քաղաքական մեծամասնությունն է ձևավորում դատական մարմիններին: Այն, որ մինչ հիմա իշխանության հիմնական հենարանը իրավապահ մարմիններն են, նրանք շարունակում են մնալ, և անվերահսկելի հենարան է: Այն շարունակում է մնալ հանձին վարչապետի»:

Հիշեցնելով, որ ներկայիս սահմանադրության մեջ ամրագրված է, որ նախագահը երկրի գլուխն է, պարոն Սաքունցը հեգնեց. «ՀՀ նախագահ հասկացությունը կարելի է դնել որպես ՀՀ թագուհու կերպար, քանի որ ինքը բացարձակապես որևէ նշանակություն չունի: Սահմանադրության մեջ գրված է երկրի գլուխ, բայց գլուխ չէ, անգլուխ ձիավոր է, մեռյալ դիակ: Սակայն այս դեպքում էլ նույնիսկ մարդիկ չեն կարողանում պատշաճ իրավական նորմերը պահպանելով՝ ընտրության խնդիրը լուծել: Արմեն Սարգսյանի ընտրության հետ կապված ունենք դժգոհություն, բայց լուծումը սահմանադրությունը չի տալիս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031