Ի՞նչ է հուշում Մարիա Զախարովայի հայտարարությունը
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի վստահեցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին ընդամենը հռետորաբանություն է եւ ոչ ավելին, ինչն այդպես էլ պետք է լիներ:
Հիշեցնենք՝ Մարիա Զախարովան հայտարարել էր. «Մենք գնահատական տվել ենք նաեւ անմիջապես այդ պայմանագրին, քանի որ Ռուսաստանի պատվիրակությունը եղել է Ցյուրիխում եւ ակտիվ մասնակցություն ունեցել: Այդ գնահատականները տրվել են, եւ մեր վերաբերմունքը մնում է ակտուալ: Մենք ելնում ենք այդ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման կարեւորությունից՝ ի շահ այդ երկու երկրների: Մեր կողմից, ինչպես գիտեք, մենք արել ենք ամեն բան՝ այդ նպատակին հասնելու համար»:
«Առավոտի» հարցին՝ քանի որ Մարիա Զախարովան հայտարարեց, որ պաշտոնական Մոսկվան մնում է նույն դիրքորոշմանը՝ կողմ է արտահայտվում երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, հետեւաբար նոր քայլեր Ռուսաստանի կողմից հնարավո՞ր է ակնկալել անգամ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Իրականում ակնհայտ է, որ Ռուսաստանն այնքան էլ շահագրգռված չէր ցյուրիխյան արձանագրությունների իրագործմամբ, քանի որ դա չի բխում իր շահերից: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը միանշանակ ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ եթե երկու երկրների հարաբերությունները կարգավորվեն, ապա ՌԴ-ն կզրկվի ՀՀ-ի վրա ազդելու իր որոշ լծակներից:
Հանուն ճշմարտության պետք է ասել, որ այս արձանագրությունների՝ կյանքի չկոչվելու մեջ ՌԴ-ն մեծ դեր չի ունեցել. գլխավոր դերն ունեցել է Ադրբեջանը: Այդ երկիրը շատ լուրջ ազդեցություն ունի Թուրքիայի վրա: Թուրքիան այսօր էժան նավթ եւ գազ է ստանում Ադրբեջանից, Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարում այդ երկրի տնտեսության մեջ, բացի դրանից՝ համատեղ մի շարք խոշոր ծրագրեր են իրականացվում` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ եւ այլն: Այնպես որ, չեմ ասի, թե ՌԴ-ն է մեղավոր այդ արձանագրությունների կյանքի չկոչվելու մեջ, բայց վստահ եմ, որ այդ արձանագրությունների չիրականացման շահառուներից մեկն էլ Ռուսաստանն է»:
Դառնալով Ռուսաստանի կողմից ակնկալվող քայլերին՝ պարոն Վարդանյանն ասաց. «Վստահ եմ, որ ՌԴ-ն քայլեր չի ձեռնարկի. 2008-ին էլ դա ռուսական նախաձեռնություն չէր: Ռուսաստանի համար այս վիճակը ձեռնտու է, եւ այդ հարաբերությունների կարգավորման համար որեւէ ճնշում ՀՀ-ի վրա չի գործելու, քանի որ ստեղծված ստատուս քվոն միանգամայն ձեռնտու է պաշտոնական Մոսկվային»:
Փորձագիտական շրջանակներում ժամանակին տարածված էր այն մոտեցումը, որ ֆուտբոլային դիվանագիտությանը զուգահեռ ՌԴ-ն առաջ էր մղում կազանյան պլանը, հետեւաբար կարո՞ղ ենք ասել, որ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը կազանյան պլանի վերջին էջն էր, պարոն Վարդանյանն արձագանքեց. «Դրանք երկու տարբեր գործընթացներ են՝ մեկը մյուսի հետ կապ չունեցող: Ֆուտբոլային դիվանագիտության պարտությունը, կյանքի չկոչվելն ի սկզբանե կանխորոշված էր, ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը: Եթե Թուրքիան պատրաստ լիներ եւ իրականացներ այն բոլոր պարտավորությունները, որոնք Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ այդ երկիրը վերցրել էր իր վրա, եւ դրանից հետո ՀՀ-ն տապալեր դրա իրականացումը, ապա այդ դեպքում կարող էինք ասել՝ ՌԴ-ն ճնշումներ էր գործադրել: Հիմա հանուն արդարության պետք է ասել, որ Արեւմուտքը լավ հասկացել է, թե ով է արձանագրությունների տապալման մեղավորը, եւ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի որոշմանն ըմբռնումով են մոտենում, քանի որ հասկանում են՝ մեղավորը Թուրքիան է: Եթե ՌԴ-ի ճնշմամբ արձանագրությունների վավերացումը տապալվեր ՀՀ-ի մեղքով, ապա վստահ եմ, որ ճնշումներ կլինեին արդեն Հայաստանի վրա»:
Մեր հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները նախաձեռնեց, որպեսզի լուծի իր լեգիտիմության խնդիրը եւ հիմա իր նախագահության եզրափակման հետ եզրափակեց նաեւ այդ է՞ջը, պարոն Վարդանյանն արձագանքեց. «2008-ին Սերժ Սարգսյանն այդ գործընթացը սկսեց, քանի որ երկրի ներսում եւ արտաքին աշխարհում ուներ լեգիտիմության խնդիր: Արեւմուտքը չէր ճանաչել ընտրությունների արդյունքները: Նրա լեգիտիմությունը կասկածի տակ էր դրված Արեւմուտքի կողմից, եւ Սերժ Սարգսյանը այդ գործընթացը սկսեց, որպեսզի Արեւմուտքի կողմից լեգիտիմություն ձեռք բերի: ԱՄՆ-ը երկար տարիներ ջանքեր էր գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Այդ գործընթացը դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք էր սկսվել, եւ Սերժ Սարգսյանը շարունակեց այն: Նրա՝ 2008-ի նախընտրական ծրագրում որեւէ կետ չկար Թուրքիայի հետ արձանագրությունների ստորագրման, սահմանը բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Միայն որպեսզի իր լեգիտիմության խնդիրը լուծի միջազգային հանրության մոտ, նա նախաձեռնեց այդ գործընթացը, բայց շատ լուրջ ճնշումների ենթարկվեց Սփյուռքի հայկական համայնքների կողմից, իսկ նրա կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը հետագայում դուրս եկավ կոալիցիոն համաձայնագրից: Այժմ, երբ նրա նախագահության շրջանն ավարտվում է, եւ բացի դրանից՝ այդ արձանագրությունները վաղուց արդեն մահացած են, Սերժ Սարգսյանը գնաց այդ արձանագրությունների չեղարկմանը: Եթե մի փաստաթուղթ չի գործում, ապա այն պետք է նետել պատմության աղբարկղը եւ փորձել հետագայում նոր՝ ավելի կենսունակ փաստաթուղթ ստորագրել»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
10.03.2018