Լրահոս
Օրվա լրահոսը

Եգիպտոսում հերքում են, որ հայ կանանց ուղտ են նստեցնում ու փախցնում

Մարտ 09,2018 18:13

Ինչպես տեղեկացրել ենք, մարտի 1-8-ը հայաստանյան ԶԼՄ-ների 30 ներկայացուցիչներ ճանաչողական այցով Շարմ էլ Շեյխում էին:

 

Այնտեղ այցի ժամանակ նկատեցինք, որ անչափահաս երեխաները մեծերի հետ աշխատում են: 4-5 տարեկան մի աղջիկ խանութում փաթեթավորում էր վաճառվող ապրանքները, Բեդվինների գյուղում երեխաները այցելուներին համոզում էին ուղտ նստել, իսկույն ծնկի էին բերում ուղտին, վաճառում թեյ եւ այլ իրեր:

Aravot.am-ը այցի ժամանակ գիդ-էքսկուրսավար Ահմեդ Աբբասից հետաքրքրվեց՝ այստեղ չի՞ արգելվում անչափահասներին աշխատել: Նա պատասխանեց, որ օրենքով դա չի թույլատրվում, բայց ամեն քաղաք ունի իր ավանդույթները. «Եթե ծնողները որեւէ բիզնես են դնում, նրանք այնպես են անում, որ անպայման իրենց երեխաներն այդ բիզնեսում մասնակցություն ունենան, որ գնահատեն աշխատանքը: Նրանք գտնում են, որ պետք է աշխատանքի վարձատրությունը երեխաներն էլ հասկանան, որ կարողանան ճիշտ մարդ դառնալ ու ապրել ինքնուրույն: Երեխաներին ծնողները վարձատրում են այդ աշխատանքի դիմաց, որ գնահատեն եւ աշխատեն: Կան քաղաքներ, որտեղ աշխատանք չկա, կան քաղաքներ, որտեղ տան բոլոր անդամներն աշխատում են»:

Մեր հարցին՝ եթե օրենքով դա արգելվում է, ոստիկանները չե՞ն բռնում, պատժում՝ Ահմեդ Աբբասը պատասխանեց, որ կան կազմակերպություններ, որ վերահսկում են, բայց ինչպե՞ս բռնեն ու պատժեն, երբ ծնողների հետ է երեխան, իր հոր հետ է:

Ահմեդ Աբբասը հերքեց նաեւ, որ Եգիպտոսում առհասարակ թրաֆիքինգ կա, որ այնտեղ կանանց գողանում են: Երբ պատմեցինք Հայաստանում հայտնի դարձած այն պատմությունը, որ նորապսակ զույգը այցելել է Եգիպտոս, փեսան ուղտի վրա է նստեցրել հարսնացուին ու արաբը ուղտով տարել է նրան, հետ չի բերել, Ահմեդը զարմացավ, ասաց, որ առաջին անգամ է լսում նման բան: Ըստ նրա, այդ հարսնացուն ինքը կամովի է գնացել հավանաբար, որովհետեւ առանց իր կամքի որեւէ արաբ չէր համարձակվի նման բան անել: Նա ասաց, որ կանայք համաձայնում են, գնում են, հետո սուտ պատմություններ են տարածում, իբր իրենց գողացել են:

Առհասարակ Եգիպտոսի խանութներում հայ կանանց տեսնելով՝ միանգամից սեր էին խոստովանում, խնդրում էին իրենց կնության գնալ, ասում էին, թե քանի ուղտ են պատրաստ տալ:

Ահմեդ Աբբասն ասաց, որ Եգիպտոսում ամուսնանալը բարդ ընթացակարգ է, հաճախ ամուսնանում են՝ առանց իրար տեսնելու, ամենաժամանակակից տարբերակի դեպքում ծնողների հետ հարսնացուն ու փեսացուն նստում են մի սեղանի շուրջ, միասին ճաշում ու այդ ճաշի ընթացքում էլ որոշում կայացնում: Դրանից հետո դեռ երկար ժամանակ փեսան իրավունք չունի հարսին դիպչելու, լավագույն դեպքում կարող է ձեռքը բռնել, այն էլ՝ ծնողներից թաքուն: Մի տղամարդը կարող է մինչեւ 4 կին ունենալ, ընդ որում, առաջին կինը պետք է մյուս հարսնացուների համար հավանություն տա: Առանց նրա համաձայնության ամուսինը չի կարող երկրորդ անգամ ամուսնանալ, նախ պիտի բաժանվի առաջին կնոջից, իսկ դա շատ թանկ է նստելու նրա վրա, քանի որ իր ամբողջ ունեցվածքն անցնելու է առաջին կնոջը:

Շարմ էլ Շեյխում շատ խաղատներ կային, բայց դրանք միայն ու միայն զբոսաշրջիկների համար էին, տեղի բնակիչներն իրավունք չունեն մտնել խաղատուն՝ խստագույնս կպատժվեն:

Այստեղ գողության համար մահապատժի կարող են մարդիկ ենթարկվել, այդ իսկ պատճառով գողություն գրեթե չի լինում, ոչ ոք չի ուզում իր մարմնի որեւէ մաս կտրեն կամ մահապատժի ենթարկեն՝ գողության պատճառով: Ահմեդ Աբբասն ասաց, որ տան դռներն իրենց մոտ բաց են թողնում, գիտեն, որ գողություն չի լինի: Իսկ Շարմ էլ Շեյխում հատկապես, որովհետեւ այնտեղ մուտք գործելու համար բնակիչները պետք է իրենց անձնագրից բացի ունենան հատուկ քարտ, որը վկայում է տվյալ մարդու անցած ուղու մասին՝ հանցագործ չէ, «մաքուր» է:

Հիշեցնենք, որ Media trip-ը կազմակերպել էր AIR CAIRO ավիաընկերությունն ու Հայաստանում այդ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը՝ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031