2016 թվականին պաշտոնական տվյալներով Հայաստանում 0-5 տարեկան երեխաների 9 %-ը թերսնված է: Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:
Ըստ նրա, աղքատության եւ թերսնվածության միջեւ ուղղակի կոռելյացիա չկա, այսինքն՝ թերսնուցումը միշտ չէ, որ աղքատության հետեւանք է:
Մինասյանի դիտարկմամբ՝ թեեւ հայկական ընտանիքներում երեխաների համար ամեն ինչ անում են, սակայն հաճախ սննդային վարքագիծն է սխալ. «Շատ կերակրելն ու ճիշտ կերակրելը տարբեր բաներ են: Պետք է ճիշտ կերակրել երեխային եւ ընտանիքում ունենալ ճիշտ վարքագիծ՝ սննդապահովման տեսանկյունից, որպեսզի խնդիրները ոչ միայն 5 տարեկանների մոտ չառաջանա, այլ նաեւ՝ հետագայում»:
Մանրամասն տեսանյութում
Ըստ Մինասյանի, նախարարությունը ուղեցույց է մշակում սոցաշխատողների համար, որոնք հենց ընտանիքներում կարողանան խնդիրը բացահայտեն, հետեւապես նաեւ նման երեխաներին համապատասխան աջակցություն ցուցաբերեն:
Քննարկմանը ներկա մանկաբույժ, «Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանն էլ ասաց, որ այդ 9 % թերսնուցում ունեցողներն այն երեխաներն են, որոնք հիմնականում ունեն քրոնիկ թերսնուցում եւ հասակով թերաճ են, այսինքն՝ հասակը չի համապատասխանում իր տարիքին. «Նաեւ շատ կան երեխաներ, որոնք չունեն աճի խնդիր, բայց ունեն տարբեր միկրոէլեմենտների պակաս: Օրինակ՝ մեզ մոտ շատ են սակավարյունություն ունեցող երեխաները, որոնց հասակը կարող է նորմային համապատասխան լինել, սակայն նրանց դիմադրողականությունը ցածր է: Այդ պատճառով էլ այս երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում, նրանց մահացությունը բարձր է, զարգացումը դանդաղ է ընթանում»:
Տիկին Հարությունյան ասաց, որ դպրոցահասակ երեխաների շրջանում էլ կա բավականին արտահայտված թերսնուցում:
Մանրամասն՝ տեսանյութում
Հարությունյանի դիտարկմամբ՝ երեխաների թերսնուցման պատճառը հաճախ ծնողների գիտելիքների պակասից է. «Եվ նույնիսկ բավարար ֆինանսական միջոցներ են ունենում, բայց երեխան լավ ու ճիշտ սնունդ չի ստանում: Սկսած շատ վաղ հասակից՝ մի քանի ամսական երեխաների դեպքում ծնողները չարաշահում են քաղցրավենիքը: Գրեթե բոլոր ընտանիքներում է այսպես: Շվեդիայում երեխաները շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ օրերին են ուտում քաղցրավենիք: Իսկ մեզ մոտ ամեն օր եւ նույնիսկ մի քանի անգամ»:
«Save The Children» կազմակերպության ներկայացուցիչ Գրիգորի Գրիգորյանցն էլ նկատեց. «Նույն ֆինանսական զամբյուղով կարելի է երեխաների համար կանաչեղեն, բանջարեղեն գնել երեխաների համար, այլ ոչ թե՝ քաղցրավենիք»: Բացի այս, Գրիգորյանցը անդրադառնալով ծնողների գիտելիքներին, թերսնուցմանն ու աղքատությանը հիշեցրեց մի ուսումնասիրության տվյալ. «Որքան ընտանիքում կրթական ցենզը ցածր է, այնքան այն հակված է աղքատության»:
Մանրամասն՝տեսանյութում
Սուսաննա Հարությունյանն էլ ծնողների՝ երեխաներին կերակրելու սխալ ու վտանգավոր վարքագծի օրինակ բերեց. «Մայրը 5 օրական երեխային պարբերաբար կերակրել է խտացրած, ապա նոսրացրած կաթով, հետո նրան մահամերձ տեղափոխել են հիվանդանոց»:
Բանախոսներից World Vision-Հայաստան «Վաղ մանկության զարգացման» ծրագրի ղեկավար Կարինե Աբելյանն էլ նկատեց՝ ասենք՝ գյուղերում մայրը խնձորը վաճառում է, որպեսզի երեխային կոլա կամ չիփս գնի:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ