Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միապետական համակարգից անցում կատարեցինք միակուսակցական կառավարման համակարգի». Ավետիք Իշխանյան

Փետրվար 20,2018 18:15

«Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկմանը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հայտարարեց՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահական միապետական համակարգից անցում կատարեցինք միակուսակցական կառավարման համակարգի:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խմբի կողմից կազմակերպված քննարկմանը իրավապաշտպանը հայտնեց՝ ինքը միշտ կողմ է եղել խորհրդարանական համակարգին, այլ հարց է՝ արդյոք մենք խորհրդարանակա՞ն համակարգի ենք անցնում. «Մենք ունենում ենք ոչ այնքան կուսակցական կառավարում, որքան միապետ նախագահի փոխարեն ունենում ենք միապետ վարչապետի ինստիտուտ»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ մտահոգություն հայտնեց՝ իրական մասնակցային, բազմակարծության ապահովման գործընթացները խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ժամանակ մեզանում չի ապահովվում. «Եթե իշխանության տարանջատման և հակակշռման սկզբունքը հերթական անգամ չենք ապահովելու, մենք անընդհատ լինելու ենք պերմանենտ ճգնաժամերի ռիսկի ներքո»:

Փաստաբան Հայկ Ալումյանը մտահոգություն հայտնեց, որ չեն ընդունվել իրենց ներկայացրած հատկապես այն առաջարկները, որոնք վերաբերում էին դատավորների անկախությանը և քաղաքացիական հասարակության իրավունքներին՝ կապված դատարան դիմելու հետ. «Դատավորի անձեռնմխելիությունը պետք է լինի շատ ավելի բարձր մակարդակի վրա, քան ցանկացած այլ չինովնիկի անձեռնմխելիությունը: Դատական օրենսգիրքը մի հնարավորություն էր մեր իշխանությունների համար, որ իրավիճակ շտկվեր, բայց դա չարվեց»:

Փորձագետ Դավիթ Խաչատուրյանը փաստեց՝ բարձրացված խնդիրները լուծելու համար մի շարք մոդելներ կան աշխարհում, սակայն ՀՀ-ում այդ մոդելները չեն գործում. «Այստեղ խնդիրը ոչ թե եվրոպական, ԵԱՏՄ մոտեցման հետ է կապված, այլ դա կախված է նրանից, որ առանց որևէ հսկողության ուզում են՝ ապահովվի վայրի կապիտալիզմի զարգացումը»:

Անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշմանը՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշեց. «Այստեղ խնդիրը ոչ այնքան կառավարության նիստերը բաց կամ փակ անցկացնելն է, այլ իրավաստեղծ գործունեության ոչ թափանցիկ անցկացնելը: Որևէ հանրային քննարկում այս որոշմանը չնախորդեց: Այն չտեղադրվեց edraft կայքում»:

Փաստաբան Կարեն Թումանյանը մտահոգություն հայտնեց փաստաբանին տուգանելու մասին դրույթի վերաբերյալ. «Առաջարկվում է տուգանել փաստաբանին դատավորին վիրավորելու և ոչ պատշաճ վարքագծի համար: Այն ոչ իրավաչափ է: Այս գործառույթը, որը ստանձնել է կառավարությունը, միջամտություն է առնվազն երկու ինստիտուտի նկատմամբ՝ դատական իշխանության և փաստաբանության որպես առանձին միավորների»:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ցավով նշեց՝ փորձագիտական հանրությունն ուղղակի վստահ է, որ սահմանադրական փոփոխություններից հետո՝ կառավարման խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո որևէ բան խոսքի ազատության ոլորտում չի փոխվելու. «Հանրային հեռուստառադիոհեռուստատեսության համակարգն է: Խորհուրդն ու իր տիրապետության տակ գտնվող ԶԼՄ-ները, եթե այժմ նախագահական վերահսկողության տակ են, այս փոփոխություններից հետո դրանք երևի կլինեն վարչապետական վերահսկողության ներքո»:

Ըստ Լևոն Բարսեղյանի՝ չորրորդ իշխանությունն այդպես էլ մնաց երազանք Հայաստանում: Պարոն Բարսեղյանի համոզմամբ՝ իշխանություններն այդպես են կոչում լրատվամիջոցներին ծաղրելու համար, քանի որ ՀՀ-ում իրականում մեր ձեռքին իշխանություն չկա, այլապես հարյուր հազարավոր պաշտոնյաներ պետք է պաշտոնանկ լինեին ու դատվեին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728