Քիչ առաջ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ ցույց է մեկնարկել` ի պաշտպանություն ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանի: Ուսանողները վանկարկում են` «Բարսեղյան, Բարսեղյանը մնալու ա»։
Այնուհետև ուսանողները շարժվեցին դեպի ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի մասնաշենք:
Պատճառը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիրքորոշումն է` կապված փոխդեկանի շուրջ բարձրացած սկանդալին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ փոխդեկանը ծեծի է ենթարկվել։ Դեպքի շուրջ շրջանառվում է հիմնականում երկու վարկած։
Ըստ առաջին վարկածի` (որը Գևորգ Բարսեղյանի կողմից հերքվել է) Բարսեղյանն ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկություններ է արել։ Ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, որոնք եկել են ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որ այլեւս նման պահվածք չցուցաբերի, սակայն տեսնելով, որ Գ. Բարսեղյանը հակառակվում է, հարվածներ են հասցրել:
Երկրորդ վարկածի համաձայն` փոխդեկանը նկատողություն է արել միջանցքում աղմկող մի խումբ տղաների, որից հետո էլ ծեծկռտուք է սկսվել։
Տեղեկացնենք՝ պաշտոնից ազատման դիմում գրելու խնդրանք-առաջարկով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստվում է դիմել Գևորգ Բարսեղյանին։
Ուսանողների պնդմամբ` պարոն Բարսեղյանը հրաշալի փոխդեկան է և շատ պարկեշտ ու օրինակելի անձնավորություն։
Aravot.am-ի հետ զրույցում ուսանողուհի Վերոնիկա Ավետիսյանը նշեց. «Պարոն Բարսեղյանը հազվադեպ լավ մարդկանցից մեկն է ռոմանոյում։ Միշտ ուսանողի օգտին աշխատող և ուսանողին աջակցող։ Չեմ կարող պատկերացնել, որ որևէ ազնիվ մարդ կարող է վարկաբեկել նրան»:
Այս պահին ուսանողները սպասում են Արամ Սիմոնյանի պատասխանին: Մասնավորապես նրանք սպասում են, որ որևէ մեկն իջնի ու իրենց վստահեցնի, որ ռեկտորը խնդրանք-առաջարկով չի դիմի Բարսեղյանին դիմում գրելու համար։
Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ