Այսօր լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը՝ «Երկիր Ծիրանիի» ակցիայի ժամանակ: Նա պատասխանեց. «Այսինքն, դուք դրան ակցիա՞ եք համարում»: Բաղդասարյանը հորդորեց խնդրի «ակունքներն ուսումնասիրել» ու պարզել, թե ինչ է եղել: Ըստ նրա, Նուբարաշենում դեպքից մեկ օր առաջ քաղաքապետարանի ներկայացուցիչները, ՔԿՀ-ի ներկայացուցիչները հանդիպել են բնակիչների հետ, տեխնիկա են տեղափոխել, որ աշխատեն: Բնակիչներն ասել են, որ եթե մեկ շաբաթում կարգի բերեն՝ բավարարված են, մինչդեռ խառնվել են «Երկիր Ծիրանիի» անդամները եւ բնակիչներին հրահրել, թե ի՞նչ մեկ շաբաթ, մենք ակցիա ենք անելու. «Դա ակցիա չի, միտում է, որ պարզապես ուշադրության կենտրոնում մնան: Իսկ ուշադրության կենտրոնում, ես ձեզ համեմատություն բերեմ՝ Հերոստրատը նույնպես տաճարը վառեց, որպեսզի պատմության մեջ մնա: Նրանք այլ ելք չունեին: Եվ ի՞նչ է նշանակում, ես զարմանում եմ, ասում են՝ կնոջ նկատմամբ, ես այնտեղ հայ կնոջ կերպարանք չտեսա»:
Լրագրողները հարցրեցին՝ իսկ հայ կինն ինչպիսի՞ն է, պետք է քաղաքական պայքար չտանի՞, նա պատասխանեց. «Ձեր պայքարները եթե այդ ձեւով պետք է լինեն, դա անընդունելի է՝ կեղտաջուրը շփեն մարդկանց վրա կամ փորձ կատարեն շփելու…Դա միտում էր՝ խանգարելու աշխատանքը, իրավապահները կզբաղվեն դրանով»:
Հարցին, թե ո՞նց եք ընդունում այն, որ կանանց ծեծեցին, մազերից քաշեցին՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այսինքն, եթե ես տղամարդ եմ, ձեռներս գրպանում, դուք գաք ինձ ապտակեք, ես էլ Աստվածաշունչ կարդացող մարդ եմ, մյուս երեսս է՞լ պետք է դեմ անեմ»:
Ինչ վերաբերում է Մարինա Խաչատրյանի հայտարարությանը, որ իր նկատմամբ սեռական ոտնձգություն է եղել՝ Բաղդասարյանն ասաց. «Լկտիությունը չափ պետք է ունենա, սա ամբողջ հայոց պատմության մեջ առաջին դեպքն է, որ նման հայտարարություն են անում…Աշխատեք սեռական բռնության չենթարկվել»,- այսպես ավարտեց հարցազրույցը պարոն Բաղդասարյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
սա կին-տղամարդ նկատողութիւնը, յատկապէս այս խնդրին մէջ, նիւթէ դուրս է
կամ ել, խնդրոյ առարկայ համեստափայլ Տիկիններին ի նպաստ չէ, այդ նկատողութիւնը
քանզի պարզ է որ եթէ այդ արմատական, գրգռիչ արարքը գործողները տղամարդ լինէին,
շատ աւելի վատն էր լինելու հակազդեցութիւնը
իսկ «իգական խաղաքարտը» խաղալով, այսպիսի գործիչները վնաս են բերում իսկական սեռական խոշտանգումի ենթարկուող կիներն ու աղջիկներին, անոնց հարազատ տագնապը շահագործելով որպէս քաղաքական գործիք