Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչ է մաֆիո՞զ է, ապօրինի զենք ու զրա՞հ է պահել, ոնց որ Լիսկան, կոռումպացվա՞ծ է, 11 տարի՝ հասկանո՞ւմ  եք». Արթուր Սաքունցը՝ Ժիրայր Սեֆիլյանի մասին

Փետրվար 15,2018 13:17

Գևորգ Սաֆարյանի և Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը վստահեցնում է՝ իր պաշտպանյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքներն արհեստածին ու հորինված են, դրանք չեն համապատասխանում իրականությանը:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Հայրապետյանը հիշեցրեց՝ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրում են երեք արարքների համար, որ նա իբր 2015-ին փորձել է զանգվածային անկարգություններ նախապատրաստել. «Ինձ թվում է՝ բոլորը գիտեն՝ Ժիրայր Սեֆիլյանի նպատակն էր իշխանափոխություն կատարել, ոչ թե մի քանի մեքենաներ հրկիզել, շենքերի ապակիներ կոտրել: Մեղադրանքի հիմքն էլ էր անհեթեթ: Հիմնավորում են մեկ տարի առաջ հրապարակային ելույթներով և ասուլիսներով կամ հավաքների ժամանակ հնչեցված կոչերով: Այսինքն՝ այս ամենը հիմնավորում է, որ ըստ էության մեղադրանք չկա»:

Ըստ փաստաբանի՝ այնքան լղոզված է զանգվածային անկարգություն կազմակերպելու մասին մեղադրանքը, որ այն որևէ մեկին չի մեղսագրվում. «Չի մեղսագրվում, թե կոնկրետ Սեֆիլյանը, Սաֆարյանն ի՞նչ պիտի անեին: Ուղղակի Վանաձորում մի քանի դրոշակի ձող են գտնում, բերում Սեֆիլյանի մեղադրանքի հիմքում դնում, կամ դեղին կասկաներ, որ օգտագործվել են Մաշտոցի պուրակի և Ծածկած շուկայի հետ կապված ակցիաների ընթացքում և բերվել դրվել է զանգվածային անկարգությունների հիմքում»:

Պարոն Հայրապետյանը փաստեց՝ Ժիրայր Սեֆիլյանին  մեղադրում են զենքի ապօրինի շրջանառություն կատարելու և շենք շինություններ գրավելու և պետությանը պահանջներ ներկայացնելու մեջ: Ըստ փաստաբանի՝ անգամ մեղադրանքում չի երևում, որ Ժիրայր Սեֆիլյանի նպատակն է եղել զավթել շենք շինություններ և հետո պետությանը ներկայացնել ինչ-որ պահանջներ: Ընդհակառակը, կես ցուցմունք չկա, որ նրանք հեռուստաաշտարակը պետք է գրավեին, զորամասի վրա հարձակում պիտի լիներ: Փաստաբանը նշեց. «Ժիրայր Սեֆիլյանից հեռու՝ տարածության վրա գնում է երկու գործակալների միջև հեռախոսային խոսակցություն, որոնցից մեկը մի քանի տեղ զենք է տեղափոխել, նա այսօր ազատության մեջ է, իսկ Ժիրայր Սեֆիլյանն ու մնացածը՝ կալանավորված»:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը փաստեց՝  ԱԱԾ-ն ամիսներ շարունակ հետապնդել է Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին և նրանց գաղափարական գործընկերներին: Նրանց բոլորի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են, նամակագրությունը, փոստը և այլն ևս վերահսկվել է. «Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքը դասական քաղաքական հետապնդման օրինակ է: Մեղադրում են, թե կատարել են կազմակերպված հանցանք: Մինչդեռ խմբում կան շուրջ 10 անձինք, որոնցից միայն մեկին է Ժիրայր Սեֆիլյանը ճանաչում, իսկ նրանցից շատերն անգամ միմյանց չեն ճանաչում»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի բնորոշմամբ՝ սա անձնական վրեժ է: Նա վրդովվեց. «Անձնական վրեժով նման ծանր պատիժներ. արդեն սկսում եմ անհարմար զգալ, որ այս երկրում եմ ապրում: Այս ամենից փչում է 37 թվի հոտ, քանի որ Հայաստանում քաղաքական բանտարկյալների ճակատագրին հետևել եմ 90-ականներից, քաղբանտարկյալներ ունեցել ենք 95-ից, բայց եղել են գործողություններ, որտեղ ոչ համաչափ, երբեմն հնարովի, մարդկանց նկատմամբ եղել են պատիժներ, բայց ինչ-որ ժամանակ հետո նրանք ազատ են արձակվել, քանի որ իշխանությունները հասկացել են՝ ամոթ է: Բայց զրոյից գործ հարուցել ինչպես 37-ին էր, գործ սարքել, սա մեր քաղաքական կյանքում նորություն է: ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն պետական կառույցներ չեն, այլ սեփական, սրանք կատարում են հանձնարարություն: Այդ ամենն արվեց Ժիրայր Սեֆիլյանին մեկուսացնելու համար, բայց հանձնարարությունը  փնթի ձևով կատարվեց, և դաժան պատժաչափ ՝ 11 տարի»: Ավետիք Իշխանյանն  ընդվզման կոչ արեց և հորդորեց այս գործով քննիչների, դատախազների, դատավորների  ցուցակ կազմել, քանի որ նրանք բոլորովին չեն տարբերվում 30-ականների եռյակներից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մտահոգություն հայտնեց, որ քաղաքական գործունեությամբ զբաղվողների նկատմամբ քննչական կամ օպերատիվ գործողություններ իրականացնում է ԱԱԾ-ն. «Ուղղակի ամրագրվում է այն հանգամանքը, որ ԱԱԾ-ն քաղաքական ընդդիմադիրներին հետապնդող մարմին է: Ոստիկանությունը և մնացածը գործիքներն են, որ կարող են լրացուցիչ աշխատանք կատարել: Բայց ԱԱԾ-ի առարկա համարել քաղաքական ընդդիմադիրների գործողությունների նկատմամբ օպերատիվ աշխատանքի կատարումը, դա միանշանակ բռնապետական ռեժիմներին բնորոշ վարքագիծ է: Երևի թե արդեն պետք է դադարենք օգտագործել ընտրովի արդարադատություն ասվածը և օգտագործենք թիրախային արդարադատություն արտահայտությունը»:

Արթուր Սաքունցը հայտարարեց՝ պահանջը հստակ է. հետապնդումը  դադարեցնել և անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին ու Գևորգ Սաֆարյանին: Իրավապաշտպանը վրդովվեց. «11 տարի, հասկանո՞ւմ եք… ինչ է մաֆիո՞զ է, ապօրինի զենք ու զրա՞հ է պահել, ոնց որ Լիսկան, կոռումպացվա՞ծ է: Մարդն ունի միայն մի բան՝ ազատություն, դրանից էլ են զրկում: Ուրիշ ոչ մի բան՝ ունեցվածք, բիզնես չունեն մարդուց վերցնելու, ընդամենն ունի խոսքի, կարծիքի ազատ արտահայտում, դա էլ խլում են նրանից»:

Գևորգ Սաֆարյանի և Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Եգորյանը վստահեցրեց՝ սա դատական իշխանության միջոցով իրականացվող արդարադատություն չէ. «Սա ոչ այլ ինչ է, քան Սովետական Միության ժամանակահատվածից հայտնի այդ տրոյկաների դատավարությունը, որը գաղտնի ձևով ընթանում է, որոշումը կայացվում է, հետո ընդամենը բեմադրվում է այդ որոշման ֆորմալ մասը: Քրեական գործի նյութերի հիման վրա արդարադատություն իրականացնելու դեպքում այս քրեական գործը պետք է կարճվեր, հետապնդումը դադարեցվեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728