Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիվանագետի գրառումները»՝ ընթերցողի սեղանին

Փետրվար 15,2018 13:00

Լույս է տեսել ճանաչված խորհրդային դիվանագետ Համազասպ Հարությունյանի «Դիվանագետի գրառումներ» գիրքը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում։

Հանդիսավարը, ով արարողակարգի ծառայության գործակալության վարչության պետն էր՝ նախկինում Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը՝ Արմեն Եգանյանը, ասաց, որ Համազասպ Հարությունյանը այն դիվանագետներից էր, ով որտեղ որ աշխատել է, խոր հետք է թողել։ Չնայած կես դար էր անցել նրա՝ Կանադայում դեսպան լինելուց, բայց նրան հայերը բարի խոսքով են հիշում, որովհետեւ նա համախմբեց նրանց, խոսեց Հայոց ցեղասպանության եւ նրանց ցավերի մասին։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նշեց, որ չնայած չհասցրեց անձամբ ծանոթանալ Համազասպ Հարությունյանի հետ, բայց ուսանեց նրա որդու՝ Հովիկի հետ, եղավ նրանց հյուրընկալ տանը, վայելեց Համազասպ Հարությունյանի տիկնոջ՝ Հովհաննես Թումանյանի թոռնուհու՝ Անահիտի հյուրընկալությունը։ Իսկ այսօրվա հետադարձ հայացքը թույլ է տալիս տեսնել խորհրդային մեծ դիվանագետին, իր ժողովրդի նվիրյալ զավակին ու հայրենասերին, ընտանիքի հոգատար հորը։

Համաձայն լինելով բերված գնահատականներին՝ Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ավելացրեց, որ մոսկովյան հայկական իրականությունում նա մեծ հեղինակություն էր վայելում եւ նրա մոտ էին գնում խորհուրդ հարցնելու, ինչը եւ արեցին իրենք, թե ինչպես Մոսկվայում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց կազմակերպեն, որ այն լսելի լինի։ Գնացին, խորհուրդ հարցրին, խորհուրդ ստացան եւ բարեկամներ դարձան։ Իսկ Համազասպ Հարությունյանի հյուրընկալ օջախը ամեն հինգշաբթի սիրով ընդունում, հյուրասիրում էր հայ ուսանողներին։

Պատահական չէր եւ այն իրողությունը, որ Համազասպ Հարությունյանը արձագանքեց եւ բարձր գնահատեց Ջոն Կիրակոսյանի՝ «Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը» գիրքը՝ հատուկ նամակ հղելով հեղինակին, ընդգծելով, որ «գիրքն օգնում է պատմական ճշմարտության հաստատմանը։ Սա արվում է գիտականորեն, օբյեկտիվ, համոզիչ»։

ՀՀ լեզվի պետական տեսչության պետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն ասաց, որ Համազասպ Հարությունյանը մեր առջեւ մեծ աշխարհ է բացում։ Իսկ այդ աշխարհում եւ՛ խելացի տնտեսագետն է, եւ՛ ճկուն դիվանագետը, եւ՛ նվիրյալ հայը։ Նա իր գրառումներում մեծ նրբությամբ է ներկայացնում իր դիվանագիտական գործունեությունը, երբեք զուգահեռաբար չմոռանալով հայկականը եւ Հայաստանը։ Օրինակ, երբ նա գրում է մշակույթի մասին, դարձյալ որեւէ կերպ անդրադարձ կա հայկականի մասին։


Պատահական չէ, որ հեղինակը ներկայացնում է իր այն մեծ բարեկամությունը, որ նա ուներ մշակույթի հայ գործիչների հետ՝ Արամ Խաչատրյանից սկսած մինչեւ սփյուռքահայ նկարիչներ։

«Ցավոք, նոր սերունդը այնքան էլ ծանոթ չէ Համազասպ Հարությունյանին,- իր ելույթը եզրափակեց Սերգո Երիցյանը,- ուստի մտադրություն կա գիրքը թարգմանել նաեւ մայրենիով՝ ավելի շատ ընթերցողների հասանելի լինելու նպատակով»։
Շնորհանդեսին ներկա էին տարբեր երկրների դեսպաններ, նախարարության եւ հանրության ներկայացուցիչներ։ Այստեղ ավելացնենք նաեւ, որ գիրքը ծնունդ է առել ընդհանուր ջանքերով։ Գրքի ստեղծմանը եւ հրատարակմանն աջակցել են Համազասպ Հարությունյանի որդին՝ Հովիկը, Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը, խմբագիր Ալբերտ Նալբանդյանը, «Էդիթ-Պրինտ» հրատարակչությունը (ղեկավար՝ Մկրտիչ Կարապետյան), «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը (նախագահ՝ Սերգո Երիցյան)։

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ

«Առավոտ»

14.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728