Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմնորոշվեք՝ սանձարձակի՞ են սանձել, թե՞ ավանդապահ հայ կնոջ. Ի՞նչ են գրում ավագանու ծեծկռտուքի մասին ֆեյսբուքյան օգտատերերը

Փետրվար 14,2018 10:46

Երեւանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքը սոցցանցերում տարաբնույթ մեկնաբանությունների, քննարկումների առիթ է դարձել: Տարոն Մարգարյանի կողմնակիցները «Երկիր Ծիրանիի» անդամներին քննադատում են՝ «վայ քեզ կին ասողի» տրամաբանությամբ, իսկ մյուսները դատապարտում են կանանց նկատմամբ բռնությունն ու անթույլատրելի պահվածքը՝ ավագանիում: Ֆեյսբուքում պտտվում են Գոռ Վարդանյանի ֆիլմերը, մասնավորապես՝ «Հրեշների գայլը»: Հիշեցնենք, որ ծեծկռտուքի ժամանակ Գոռ Վարդանյանը կարատեական հնարքով «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին դուրս էր հանել սրահից ու շպրտել:

Միջադեպին անդրադարձել են ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի մեծ մասը:

Կոնստանտին Տեր-Նակալյանը գրում է՝ «Կնոջ վրա ձեռք բարձրացնել չի կարելի: Վերջակետ: Անգամ ամենավերջին մարմնավաճառի դեպքում դա անթույլատրելի է: Ի դեպ, ես որքան նայեցի, չտեսա, որ Գոռ Վարդանյանը խփի, տեսա, որ հետևից գրկեց ու տեղափոխեց, տեսա, որ հրեց, բայց չի հարվածել ու առավել եւս` չի ծեծել: Խփողներ էլ կային, բայց Գոռը չէր: Հուսամ, այս ամենին կտրվի իրավական գնահատական»:

Ուշագրավ է, որ գրառումներն ուղեկցվում են սրամիտ հեշթեգերով: Կոնկրետ այս գրառման հեշթեգն է՝ «#ԾիրաններիԳայլը»

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Գոռ Վարդանյանի ավագանիում կիրառած «հնարքի» կադրերը տեղադրել է ու գրել՝ «Յաիսնիչա, նո ս պամիդորոմ վազվրաշյաետսյա»: Ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը Բրյուս Լիի կինոյից կադրեր էր դրել եւ գրառում արել. «Իրավիճակի դուալիզմը կայանում է նրանում, որ «ինչպե՞ս կարելի է կնոջը հրել» թեզը առաջ են քաշում հայրենի ֆեմինիստները #դուք_ֆեմինիստ_եք_թե_որսորդ
#լայքն_ու_շեյրը_խառնվել_է:

Դերասան Հովհաննես Ազոյանը գրել է՝ «Տարոն Մարգարյանը Նուբարաշենում ստացել է 85% ձայն , ի դեպպպպ… յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»: Նա նաեւ տարածել է կանանց ծեծող ՀՀԿ-ականների՝ մազ քաշողների նկարները եւ գրել՝ ճանաչե՛ք:

Ազոյանը ֆեյսբուքում նաեւ սարկազմով հետաքրքրվում է՝ բա ՀՀԿ «արվեստագետ» ավագանիները ի՞նչու չեն մասնակցում կին ծեծելու գործին: Ըստ նրա, «ՀՀԿ-ի ղեկավարությունը պետք է հեռացնի սրանց իրենց կուսակցությունից»:

Լրագրող Լեւոն Սարդարյանը գրում է՝ «Երբ Ալեքսանդր Մակեդոնացուն մարտահրավեր նետեցին ամազոնուհիները, Ալեքսանդրը հրաժարվեց ճակատամարտից: Հարցին, թե` ինչո՞ւ, Ալեքսանդր Մեծը պատասխանեց` եթե ես նրանց հաղթեի, ապա դրանից փառքս չէր ավելանա: Իսկ եթե պարտվեի, ապա կասեին` կանայք Ալեքսանդրին ծեծեցին:
Դրա համար էլ ինքը Ալեքսանդր ՄԵԾ ա, իսկ դուք` ուռո գլուխ»:

Ակտիվիստ Դավիթ Սանասարյանն էլ այսպիսի գրառում է արել՝ «Նայեցի ավագանու «նիստի» քուչի իրարանցումը, էն տաս գոռվարդանյանների պահվածքը ու էդ նողկալի վիճակներն իմ համար նորություն չի. նազիր-վեզիրները պետք է էդպես էլ պահեին իրենց, բա հո դրական պահվածքով չէին աչքի ընկնելու…Եթե դուք կարծում եք, որ ՀՀԿ-ականների նպատակն ապտակել, մազ քաշել կամ վիրավորելն էր, ապա դուք չգիտեք իշխանության ծառայամիտների հոգեբանությունը։ ՔԾՆԱՆՔ, այ սա է նպատակը, ուրիշ ոչինչ»:

Իսկ լրագրողների տարբեր գրառումների մեկնաբանություններում Տարոն Մարգարյանի թիմակիցների պահվածքը արդարացնում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները:

«Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանն «Ազատության» եթերում հայտարարել էր, որ ՀՀԿ-ական Էդմոն Կիրակոսյանը սեռական բռնության է ենթարկել իրեն, կրծքերին եւ մարմնի այլ մասերին է ձեռք տվել, ինչին ի պատասխան էլ ապտակել է Կիրակոսյանին: Քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն այս առնչությամբ մեկնաբանությանն արձագանքել է. «Լո՞ւրջ, էդ երբ հասցրեց էդքան գործողություն անել, իմ աչքի առջև էր: Ամեն ինչ տեսանյութում երևում ա: Նա ապտակում է Էդմոնին, ձգում է փողկապը, Էդմոնն էլ համարժեք պատասխան է տալիս: Մնացածը՝ իրավապահ մարմինները կմեկնաբանեն: Ես չեմ մեկնաբանում #ԵրկիրԾիրանիի#գարշահոտության օպերացիան, որն էլ ձախողվեց»:

«Արմքոմեդիի» Նարեկ Մարգարյանն էլ գրում է « Maria Baraghamyan Ապտակող կնոջը հարվածելը ե՞րբ դառավ համարժեք պատասխան։ Ես ինչ-որ էդ պահը բաց թողեցի»:

Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն էլ պահանջում է,որ տեսանյութերով ներկայացնեն տվյալ անձի մարմնի նշված մասերին «ձեռք տալու» «ապացույցները»:

Երբ օգտատերերը նշում են, որ մարդիկ իրենց ակցիան էին անում, ինչո՞ւ ծեծեցին՝ Արթուր Գեւորգյանը հակադարձում է՝ «փաստորեն որեւէ չափ ու սահման չճանաչող սանձարձակությունը կոչվում է ակցիա՞»: Գեւորգյանը հավելում է՝ «Անկախ ամեն ինչից, Երեւանի քաղաքապետարանը եղել ու միշտ էլ լինելու է Երեւանի բնակչի կողքին: Իսկ սանձարձակ ակցիաները միշտ էլ ընդամենը այսրոպեական էժանագին դիվիդենտներ շահելու նպատակ են հետապնդել, ինչն այս դեպքում, ուղղակի ձախողվեց»: Գեւորգյանի մեկնաբանությամբ՝ «Գուցե կողմնորոշվե՞ք ի վերջո, սանձարձակ ակցիա կատարողի՞ն են սանձել, թե՞ իրապես հայ, ավանդապահ կնոջը, ինչն, անշուշտ, որեւէ բանական մարդ, առավել եւս հայ տղամարդ, երբեք չի՛ արդարացնի»:

Ի դեպ, «Արմքոմեդին» շուտով պատրաստվում է անդրադառնալ «Բեթմեն Գոռ Վարդանյան vs Երկիր Ծիրանի» մենամարտին, ֆեյսբուքում արդեն պտտվում է անոնսը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728