Այսօր լրագրողները ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցին՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ աղքատությունը կարելի է հաղթահարել՝ աշխատատեղեր բացելով, ներդրումներ անելով, դա նախագահի թեկնածուի գործառույթների մե՞ջ է մտնում ներդրումներից խոսելը: Սամվել Ալեքսանյանը պատասխանեց.«Ճիշտ ա ասել: Էս երկրում որեւիցե մի մարդ որ կարում է 5-10 աշխատողի տեղ բացի, խի՞ չանի խոսքի հիմա, ինչի՞ համար չանի»:
Երբ խոսք գնաց իր բիզնեսների, արտոնությունների մասին՝ Սամվել Ալեքսանյանն ասաց. «Էլի սկսա՞ք, ես ոչ մի հատ մոնոպոլիա չունեմ, քելեք»:
Լրագրողները փոխանցեցին «Երեւան սիթիի» հետ կապված դժգոհությունը, որ աշխատակիցներն առանց հանգստի են աշխատում: Նա ասաց. «Ո՞վ ա ասում, մի հոգի կա՞, որ ասի»: Դիտարկմանը, որ ձեր մոտ չեն ասի, բայց մասնավոր զրույցներում բողոքում են՝ Ալեքսանյանն արձագանքեց. «Էէէէ, լավ էլի, չկա էդ ձեւ բան»: Նա վստահեցրեց, որ մարդկանց ինքը չի շահագործում:
Մեր դիտարկմանը, որ անչափահաս երեխաներ էլ են աշխատում ձեր սուպերմարկետներում՝ Սամվել Ալեքսանյանն ուշագրավ պատասխան տվեց. «Իմ տղեն էլ ա գնացել Նոր տարում աշխատել սուպերմարկետում»: Թե կոնկրետ ի՞նչ գործ է արել, նա ասաց. «Գնացել ա օգնել ա, ինչ ա եղել, երեխայա: Անշահախնդիր, առանց փողի գնացել օգնել ա: Նոր տարուն էդ 2-3 օրը միշտ իմ երեխեքը էթում աշխատում են, կարող ա մարդիկ տեսած լինեն: Կարող ա մեր երեխեքը եղած լինեն, ինչ կա որ, Նոր տարվա օրը օգնում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ