Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին

Հունվար 27,2018 15:30

Հարցազրույց «Հայացք» կիրառական քաղաքականության եւ հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանի հետ:

– ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Արցախի հարցի լուծման ժամանակը հասունացել է: Ի դեպ, մինչ այդ Ֆրանսիայի նախագահն էր հայտարարել, որ կողմերից պահանջվելու են համարձակ փոխզիջումներ: Ի՞նչ է թաքնված այս ամենի տակ: Արցախի հարցի կարգավորման առումով ակտիվ գործողությունների ականատեսը կլինե՞նք առաջիկայում:

– Հայաստանն ու Արցախը միշտ հանդես են եկել հակամարտության հնարավորինս արագ խաղաղ կարգավորման օգտին, եւ դա նորություն չէ: Հակամարտությունը կյանքեր է խլում, խոչընդոտում է տարածաշրջանի կայուն զարգացմանը, ստեղծում է մի շարք մարտահրավերներ: Եվ ԵԽԽՎ-ում էլ ՀՀ նախագահը եւս մեկ անգամ հայտարարեց, որ իրոք անհրաժեշտ է, որ հակամարտությունը լուծվի: Բայց խնդիրն այն է, որ այդ լուծումը չի կարող լինել ի վնաս հայկական կողմերի անվտանգության, չի կարող ոտնահարել մարդու հիմնարար իրավունքները: Արցախի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման իրավունքի համար, իր անվտանգության համար, եւ հակամարտության վերջնական կարգավորումը պետք է ապահովի այդ պահանջները: Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ստանա որոշելու իր ճակատագիրը, եւ այդ որոշումը պետք է ճանաչվի ու հարգվի թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային հանրության կողմից:

Ինչպես ԵԽԽՎ ամբիոնից նշեց Սերժ Սարգսյանը, այսօր բանակցային գործընթացի առաջընթացին խոչընդոտում է Ադրբեջանի մոտ իրատեսականության պակասը, առավելապաշտությունը, եւ միջազգային հանրության մեծագույն ներդրումը հակամարտության կարգավորման հարցում կլինի հենց Ադրբեջանին իրատեսականության դաշտ բերելը: Հայաստանն ու Արցախը չեն կարող զիջումներ քննարկել, եթե Բաքվից միայն սպառնալիքներ են հնչում, սահմանին շարունակում են զինվորներ ու խաղաղ բնակիչներ սպանվել, իսկ Ադրբեջանի իշխանություններն էլ հայտարարում են, որ Արցախն ուզում են ստանալ առանց հայերի: Բացի այդ, Սերժ Սարգսյանը հստակեցրեց՝ դա չի լինելու:
Ուստի այսօրվա պայմաններում, երբ Ադրբեջանը պատրաստ չէ կատարել նույնիսկ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները, կարգավորման առումով ակտիվ գործողություններ սպասել չարժի: Եթե Բաքուն նույնիսկ այդ հարցերում չի կատարում այն, ինչի շուրջ տվել է իր համաձայնությունը, ի՞նչ վստահության մասին կարող ենք խոսել, այդ մթնոլորտում ինչպե՞ս սկզբունքային հարցեր բանակցենք:

– Ուշագրավ էր նախագահի պատասխանն ադրբեջանցի պատվիրակի հարցին` Արցախը երբեք Ադրբեջանինը չի լինելու, այն էլ առանց հայերի: Զիջումների ի՞նչ չափի են պատրաստ հայկական կողմերը՝ ըստ Ձեզ:

– Այսօր գործընթացը ցույց է տալիս, որ կողմերից ոչ մեկն էլ պատրաստ չէ իրական զիջումների, քանի որ խոսքը պետք է լինի ոչ թե զիջումների, այլ փոխզիջումների մասին: Իսկ այսօրվա Ադրբեջանի քաղաքականությունը որեւէ փոխզիջման հույս չի ներշնչում: Բաքվից միայն սպառնալիքներ են հնչում ու դիվերսիաներ սահմաններին, որոնք արժանի պատասխան են ստանում ու զսպվում:

Հայկական կողմերը պատրաստ կլինեն փոխադարձ զիջումների միայն այն դեպքում, եթե կարողանան վստահել Ադրբեջանին, եւ եթե կատարվեն նվազագույն պայմանավորվածությունները: Սկզբունքայնորեն Հայաստանը ժամանակին իր համաձայնությունը տվել է, այսպես կոչված, Մադրիդյան, հետագայում Կազանյան դարձած սկզբունքներին: Ճիշտ է, դրանք, այսպես ասած, «մեր երազանքի» փաստաթուղթը չեն, բայց մենք պատրաստակամություն ենք հայտնել բանակցել դրանց շուրջ (դա արդեն իսկ կարելի է համարել հայկական կողմերի բավական մեծ զիջում): Բայց դա միայն սկզբունքայնորեն: Բանակցված եւ համաձայնեցված չեն դետալները: Բացի այդ, այսօրվա պայմաններում Հայաստանը չի կարող ասել, որ պատրաստ է փոխզիջումներ անել այլ հարցերում, քանի որ որեւէ վստահություն չկա, որ Ադրբեջանը նախնական «այո»-ն ասելուց հետո չի հրաժարվի իր պարտավորություններից եւ կճանաչի Արցախի ժողովրդի կամարտահայտման արդյունքում Արցախի վերջնական կարգավիճակի ընտրությունը:

– Նախագահի ելույթի հիմնական մեսիջները որո՞նք էին:

– Հիմնական մեսիջները կառանձնացնեի ըստ ոլորտների:
Ժողովրդավարություն: Շեշտադրելով վերջին տարիների ընթացքում Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումներն ու Ընտրական օրենսգրքի փոփոխման, ընտրությունների կազմակերպման գործընթացը, այդ գործընթացի նպատակները, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը՝ նախագահը հստակ ցույց տվեց, որ Հայաստանը հաստատակամ է առաջ շարժվել ժողովրդավարության կայացման ու զարգացման ուղով: Հիմնական մեսիջն այն էր, որ մենք գիտակցում ենք, որ այդ բարեփոխումները մեզ համար, մեր պետության համար են, եւ Եվրոպայի հետ համագործակցելով՝ պատրաստ ենք առաջ ընթանալ:

Ղարաբաղյան հակամարտություն: Սերժ Սարգսյանը հստակ հասկացրեց, որ Հայաստանն ու Արցախը կարեւորում են խաղաղ կարգավորումը, բայց դրան հասնելու համար պետք է զսպել Ադրբեջանի առավելապաշտությունն ու վերադարձնել վերջինիս պրագմատիկ դաշտ: Բացի այդ, կարեւոր շեշտադրում էր Արցախի կայացվածությունը՝ որպես ժողովրդավարական պետություն, որտեղ հարգում են մարդու իրավունքներն ու նույնիսկ միակողմանի միանում մարդու իրավունքների վերաբերյալ ԵԽ կոնվենցիաներին, ուստի շատ տրամաբանական կլինի, որ միջազգային կառույցները, այդ թվում՝ ԵԽ-ում, ուղղակիորեն աշխատեն Արցախի հետ եւ աջակցեն մարդու իրավունքներին առնչվող կարեւոր հարցերում՝ անկախ Արցախի ճանաչված կամ չճանաչված պետություն լինելուց:
Ինտեգրացիոն գործընթացներ: Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել ինտեգրացիոն գործընթացների համադրման եւ ոչ թե հակադրման սկզբունքին եւ հաջողել է իր այդ քաղաքականության մեջ: Սերժ Սարգսյանը շատ պարզ հիմնավորեց, որ ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունն ու ԵԱՏՄ երկրների հետ տնտեսական հարաբերությունների կառուցումը կենսական անհրաժեշտություն են, բայց դրա հետ մեկտեղ մենք մեր արժեհամակարգով եվրոպացի ենք եւ մասնակից ենք եվրոպական օրակարգի կարեւորագույն խնդիրների լուծմանը, այդ թվում՝ շահագրգիռ ենք ԵԽ բարեփոխումներով:

– Նախագահը խոսեց նաեւ ՀՀ-ի` եվրաինտեգրման մասին եւ ասաց, որ Հայաստանը հաջողել է եւ յուրօրինակ մոդել է ձեւավորում «եւ-եւ»-ի համագործակցության: Արդյո՞ք հաջողել ենք: Արդյո՞ք Հայաստանում քաղհասարակությունն ունի այն դերը, որի մասին խոսեց նախագահը, մանավանդ՝ կոռուպցիայի դեմ պայքարում: Չէ՞ որ կոռուպցիայի դեմ պայքարող պատգամավորների մեծ մասը երկրի օրենսդիր մարմնում հայտնվեց ձայներ գնելով, ու քաղհասարակությունը չկարողացավ պայքարել սրա դեմ: Այսքանից հետո որքանո՞վ են արժանահավատ նախագահի հայտարարությունները:

– Կարծում եմ՝ միանշանակ հաջողել ենք, որովհետեւ եվրաինտեգրումն իր արտացոլումն ու արդյունքներն է գտել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթությունից մինչեւ գյուղատնտեսություն: Հայաստանը Եվրամիության հետ մշտապես ունեցել է քաղաքական երկխոսության, տարբեր ոլորտներում համագործակցության շատ բարձր մակարդակ: Եվ դրա շնորհիվ է նաեւ, որ չնայած ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը սուր արձագանքներ առաջացրեց եվրոպացի որոշ պաշտոնյաների մոտ, hետեւողական աշխատանքի արդյունքում Հայաստանին հաջողվեց ապացուցել, որ մենք չենք շեղվել մեր եվրաինտեգրման ուղուց եւ պատրաստ ենք առաջ շարժվել: Դրա ապացույցն էր 2017թ. նոյեմբերին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության դերին, ապա անշուշտ այն բավական մեծ է այսօր, եւ միանշանակ շատ ավելի մեծ, քան տարիներ առաջ: Բավական է միայն հիշել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փուլում իշխանություն-ընդդիմություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունն ու այն բավական մեծ ձեռքբերումները, որոնք ունեցավ քաղհասարակությունն այդ գործընթացում: Բացի այդ, վերջին շրջանում քիչ չեն օրինակները, երբ առանձին հարցերի լուծման համար հասարակությունն իր պահանջն է ներկայացրել ու հասել արդյունքի:
Քաղհասարակության համար հատուկ դեր է նախատեսվում նաեւ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրով: Ինչպես գիտեք, դրանով նախատեսվում է մի շարք ոլորտներում համաձայնագրի իրականացման բավական խիստ վերահսկողություն քաղհասարակության կողմից: Կարծում եմ՝ գործընթացը դրական է, եւ ժամանակի ընթացքում մենք իսկապես կունենանք կայացած ու ամուր քաղհասարակություն, բայց դրա համար պետք է նաեւ մի շարք խնդիրներ կարգավորել հենց քաղհասարակության ներսում՝ հաղթահարելով քաղաքական պառակտվածությունը, թուլացնելով կախվածությունն արտաքին գործոններից եւ այլն:

– Ինչո՞ւ ԵԽԽՎ ամբիոնից խոսելով Արցախի հարցի մասին՝ նախագահ Սարգսյանը չխոսեց ՌԴ-ի մասին եւ ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին, մանավանդ, որ Դավոսում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց նոր ռազմատեխնիկական բանակցությունների մասին: Խոսքը հինգ միլիարդ դոլարի նոր ռազմատեխնիկայի մասին է: Ի դեպ, տեղեկություններ էլ կան, որ ռուս ինստրուկտորներն այլեւս Ադրբեջանում ուսուցանելու են, թե ինչպես օգտվել այդ զենքից: Իսկ զենքը կրակելու է հայկական պետությունների ուղղությամբ:

– Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն իսկապես Հայաստանի համար բավական ցավոտ հարց է, դրա մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել ու խոսվել է: Մեզ համար իսկապես խնդրահարույց է, որ մեր ռազմական դաշնակիցը զենք է վաճառում մեզ հետ հակամարտող երկրին, եւ այդ զենքը կրակում է մեզ վրա: Բայց չեմ կարծում, որ այդ հարցի բարձրաձայնման լավագույն հարթակը եվրոպական ամենաբարձր խորհրդարանական ամբիոններից մեկն է: Դա Հայաստան-Ռուսաստան օրակարգի հարց է, եւ բնականաբար այն բարձրացվում է ռուսական կողմի գործընկերների հետ քննարկումների ընթացքում՝ ամենատարբեր մակարդակներով: Սերժ Սարգսյանն անձամբ բազմիցս հրապարակայնորեն խոսել է այդ մասին:

– Ոչ պակաս մտահոգիչ է նաեւ այն, որ Ադրբեջանը զենք եւ զինամթերք է ձեռք բերել Ուկրաինայից, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ Բելառուսից: Խոսքը բելառուսական «Պոլոնեզների» եւ ուկրաինական «Սկիֆների» մասին է: ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ Ղազախստանի հետ էլ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնություններ կան: Ստացվում է՝ ոչ միայն մեր ռազմավարական գործընկերը, այլեւ անվտանգության նույն համակարգում գտնվող երկրներն են մեր դեմ աշխատում: Պաշտոնական Երեւանը պե՞տք է վերանայումներ անի իր նախասիրություններում:

– ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը նախասիրություն չէի անվանի, դա աշխարհաքաղաքական, ռազմական անհրաժեշտություն է: Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ երկիր է, եւ անդամակցությունն այդ կառույցին մեզ համար իսկապես կարեւոր է: Այլ հարց է, որ իսկապես կա ՀԱՊԿ ներքո արտաքին քաղաքական հարցերում դիրքորոշումների կոորդինացման, որոշ մոտեցումների ներդաշնակեցման կամ առնվազն միմյանց շահերին հակասող գործողություններն ու հայտարարությունները բացառող քաղաքականության մշակման անհրաժեշտություն: Դա իսկապես օրակարգային խնդիր է, եւ դրա մասին նույնպես հայկական կողմը պարբերաբար բարձրաձայնում է:

Մեզ համար անշուշտ մտահոգիչ է, որ Բելառուսն ու Ղազախստանը պարբերաբար իրենց հայտարարություններում աջակցում են Ադրբեջանին կամ Հայաստանի շահերի դեմ են արտահայտվում: Եվ դա, բնականաբար, մեր կողմից բարձրաձայնվում է, ու քայլեր են ձեռնարկվում նման դեպքերը բացառելու ուղղությամբ: Այդ հարցում, կարծում եմ, իրենց հատուկ դերակատարումը պետք է ունենան իշխանության բոլոր ճյուղերը՝ թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր: Շատ հարցեր, որ բարդ է առավելագույնս բաց ու անկեղծ քննարկել երկրների ղեկավարների մակարդակով, պետք է քննարկել այլ հարթակներում, այդ թվում՝ խորհրդարանական, որտեղ պատգամավորների անկախության աստիճանը դա թույլ է տալիս:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

26.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031