Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ կարագը թանկացել է, որովհետեւ հիմա այն ավելի օգտակար են համարում, քան ձեթը. Ջավադյանը՝ թանկացումների մասին (Տեսանյութ)

Հունվար 23,2018 12:06

Այսօր ԱԺ-ում թանկացումների վերաբերյալ լսումների ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ո՞րն է մեթոդաբանությունը, որով ստացվել է ԿԲ-ի եւ ԱՎԾ-ի գնահատականով 2.6 տոկոս գնաճ՝ 2017-ի համար. «Կարագ սերուցքային գինն աճել է 41 տոկոսով, խոզի բուդ՝ 38 տոկոսով, խոզի միս՝ 36 տոկոսով, միս գառան՝ 28 տոկոսով, կարտոֆիլ՝ 28 տոկոսով, Կա գնանկումների ցանկը՝ խառը կանաչի՝ -40 տոկոս, սխտոր-22 տոկոս, հնդկացորեն -21.9, կանաչ սոխ -18.2 տոկոս, տաքդեղ՝ -12.1: Ճի՞շտ եմ հասկանում, որ մի նժարին դրել ենք թանկացումները, մյուս նժարին դրել ենք էժանացումները եւ ստացել ենք մի հատ թիվ ու ստացվում է, որ ՀՀ քաղաքացին ներկա գնաճի պայմաներում ստանալով 200 հազար դրամ, ամսական ծախսի տարբերությունը ստացում է մոտ 5000 դրամ»:

Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ մեթոդաբանությունը ԱՎԾ-ինն է, որի տակ հիմք են ընդունվել բոլոր միջազգային կառույցների կողմից տված մեթոդները. «Ես չեմ կարծում, որ մեր մոտ գնաճի հաշվառումն այլ ձեւով է գնում, քան ցանկացած այլ երկրում: Մենք հիմնվում ենք վիճծառայության ցուցանիշների վրա»:

Նա ասաց, որ կարագը, մսերի տեսակները թանկացել են. «Կարագի համար առանձին ուսումնասիրություններ են կատարվել եւ հայտարարություն եղել է, դեռ մայիս-հունիսին հրապարակվեց մի քանի զեկույց Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ մի քանի ինստիտուտների կողմից, վնասակարությունը, որը խոսվում էր կարագի մասով, այնքան էլ ճիշտ չի գնահատվել: Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարագը օգտակար է, ձեթի օգտագործումը կոնցեռոգեն բնույթ է կրում եւ կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթինը: Դրա հաշվին ավելացավ կարագի սպառումը կտրականապես մի քանի երկրներում, Եվրոպայում կարագի դեֆիցիտ եղավ, գները կտրուկ բարձրացան եւ կար իրավիճակ, որ կարագը խանութներում գնելը շատ խնդրահարույց էր»:

Ջավադյանը նաեւ բացատրեց, թե ինչ է գնաճը: Նրա խոսքով՝ «Գնաճը, ճիշտ է, գոյական է, որը նշանակում է գների աճ, բայց բացի դրանից, գնաճը սպառողական ինդեքսների տարբերության մակարդակն է: Եթե մենք խոսում ենք այդ գնաճի մասին, այո 2.6 տոկոս է այն կազմել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031