Իջեւան քաղաքի բնակիչ, Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության հիմնարկում հավաքարար աշխատող, 1977թ. ծնված Ժաննա Խեմչյանը մեղադրվում էր այն բանի համար, որ նա իր ընկեր`Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ Անդրանիկ Խոշյանից վերցրել է վերջինիս անվամբ հաշվառված «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Նուռ քարտ» վարկային քարտը, նույն քարտի գաղտնաբառի պարունակությամբ թղթյա ծրարը եւ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել «Արդշինբանկ» ՓԲԸ Իջեւանի մասնաճյուղի Մելիքբեկյան 10 հասցեում գտնվող պահեստարան հանդիսացող բանկոմատ եւ գաղտնի հափշտակել 296 հազար դրամ գումար:
Նախկինում դատված, դատվածությունը մարված, ամուսնալուծված, խնամքին անչափահաս 2 երեխա ունեցող Ժ. Խեմչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի hափշտակությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 500 հազարից 1 միլիոն դրամի չափով տուգանք, կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ժ. Խեմչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մինչ Իջեւան քաղաքում դատաքննությունը սկսվելը` ժ. Խեմչյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Գործով տուժողն ու մեղադրողը չեն առարկել այդ միջնորդության դեմ:
Հունվարի 12-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ժաննա Խեմչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ նրան դատապարտել 500 հազար դրամի չափով տուգանքի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ yn.am-ի