Թեեւ կարող են կատարելագործվել նաեւ Եվրոպայում
Երեւանի Կոմիտասի անվան 95-ամյա պետական կոնսերվատորիան հայաստանյան մշակութային բուհերից առաջինն է, որտեղ սկսած 1960-ականներից՝ ուսանում են մեծաթիվ սփյուռքահայ եւ արտասահմանցի ուսանողներ: Կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ արտերկրյա ուսանողների աշխարհագրությունը ընդգրկում է բոլոր մայրցամաքները, բացի Անտարկտիդայից:
«Առավոտը» զրույցի հրավիրեց ուսանողների, որոնք այն երկրներից են, որտեղ դասական երաժշտարվեստը մեծ ժողովրդականություն չի վայելում: Մեր զրուցակիցները՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Շահին Դանեշվարը եւ Լիբանանից Սեւան Ղարիբյանը, ուսանում են օպերային սիմֆոնիկ դիրիժորություն ճանաչված դիրիժոր, դոցենտ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Շահին Դանեշվարն ասաց, որ Թեհրանի երաժշտական ուսումնարանում, որը շուրջ 60 տարվա պատմություն ունի, ուսանել է երեք բաժիններում՝ շեփորի, դաշնամուրի եւ խմբավարության: Նշեց, թե շեփորի դասախոսը իրանահայ Տիգրան Մնացականյանն էր, որը մասնագիտական կրթությունը ստացել է Ֆրանսիայում: Հիշեց, որ ավարտական քննությանը հնչեցրել է Հարությունյանի շեփորի կոնցերտը: Շահինը ուսումը շարունակել է տեղի համալսարանի երաժշտական բաժնում, որն ունի շուրջ 20 տարվա պատմություն: Երաժիշտը կարճ ժամանակահատված որպես շեփորահար աշխատել է Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբում, դիրիժորներ Ռոհանի Սահբոյի եւ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ: Ասաց, որ Իրանի կոմպոզիտորական արվեստի հիմնադիրը Ամինօլլահ Խոսեինն է, իրենց սիմֆոնիկ նվագախումբը ամսվա կտրվածքով երկու ելույթ է ունենում, հրավիրվում են բարձրակարգ երաժիշտներ, օրինակ՝ 4-5 ամիս առաջ Իրանի սիմֆոնիկը ղեկավարել է Ռիկարդո Մուտին: Չորս տարի է, ինչ Երեւանում է: Մինչ օպերային սիմֆոնիկ դիրիժորության դասարանում ուսանելը սովորել է դաշնամուրային եւ խմբավարական բաժիններում:
«Վեց ամիս է՝ սովորում եմ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ եւ արդեն հասցրել եմ, իհարկե՝ դաշնամուրի նվագակցությամբ, ղեկավարել Շուբերտի թիվ 8 եւ Բեթհովենի թիվ 3 սիմֆոնիաները»,- հայտնեց Շահինն ու հավելեց, թե լրիվ դասընթացն անցնելուց հետո մտադրություն ունի կատարելագործվել Փարիզի կոնսերվատորիայում: Կանխելով մեր հարցը, ասաց նաեւ, թե արվեստի ցանկացած ոլորտում մինչեւ երկրային կյանքի ավարտ անընդհատ սովորելու ու կատարելագործվելու տեղ կա: Մեզ հասած տեղեկություններով՝ իրանցի երիտասարդը հեղինակ է «Արմենիա» TV-ով հեռարձակվող «Հետհաշվարկ» ֆիլմաշարի երաժշտության:
Այս առիթով մեր զրուցակիցը նշեց, որ կոմպոզիտորական ոլորտում թեեւ ինքնուս է, բայց Իրանում հինգ ֆիլմի երաժշտության հեղինակ է: «Բոլոր ֆիլմերի համար գրված երաժշտությանս, այդ թվում՝ նաեւ հայկականի հենքը դասականն է: Հայտարարված էր մրցույթ եւ մոտ 40 հեղինակների թվում ընտրվեց իմ մեղեդին: Դեռեւս Թեհրանում հեղինակել եմ ստեղծագործություններ, որոնցից բեմում հնչել է կվարտետս եւ դաշնամուրի սոնատը՝ իմ մեկնաբանմամբ»,- հայտնեց Շահին Դանեշվարը:
Մեր մյուս զրուցակիցը՝ Սեւան Ղարիբյանը, ծնվել է Հայաստանում, 10 տարեկանում ընտանիքով տեղափոխվել են հոր ծննդավայրը՝ Լիբանան: Ասում է, որ երկու հայրենիք ունի՝ Հայաստանն ու Լիբանանը: Ուսանել է Համազգայինի «Բարսեղ Կանաչյան» քոլեջի ջութակի դասարանում, հետո Բախի անվան երաժշտական ինստիտուտում: «Լիբանանում շատ խիստ է եւ որակյալ՝ հանրակրթական ուսումը: Նույնիսկ մտածում էի շարունակել գիտության գծով, դառնալ աստղաֆիզիկոս կամ քիմիկոս… Բայց երաժշտությունը հաղթեց: Նշեմ նաեւ, որ եթե չնվիրվեի երաժշտարվեստին, ապա բարձրագույն կրթություն կստանայի հենց Լիբանանում: Երեւանի կոնսերվատորիայում սովորում եմ նաեւ կոմպոզիտոր, պրոֆեսոր Վարդան Աճեմյանի դասարանում, հեղինակ եմ վոկալ-գործիքային, կամերային-անսամբլային գործերի, շուտով կփորձեմ նաեւ նվագախմբային ժանրում»,- հայտնեց մեր զրուցակիցը: Սեւանը 2017թ. մասնակցել է հայաստանյան երիտասարդ կոմպոզիտորների փառատոնին եւ Գյումրիի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին, որտեղ նրա՝ բարիտոնի եւ դաշնամուրի համար գրված «Ցոլք» ստեղծագործությունը՝ Բայրոնի խոսքերով, ճանաչվել է լավագույնը: Իսկ հպարտորեն էլ նշեց, իր խոսքերով՝ ընթացիկ ուսումնական տարուց դիրիժորական արվեստ ուսումնասիրել է զրոյից եւ արդեն դաշնամուրի ընկերակցությամբ ղեկավարել է Չայկովսկու Առաջին եւ Հայդընի Լոնդոնյան սիմֆոնիաները, ինչը մեծ առաջընթաց է:
Մեր զրուցակիցը առանց մանրամասնելու ասաց նաեւ, որ ժամանակին մասնակցել է եվրոպական դասընթացների, որոնք ավելի շատ վարպետության դասընթացներ էին: Սա հիմնական պատճառն է, որ ընտրել է Երեւանում հիմնական եւ հիմնավոր գիտելիք ստանալու տարբերակը: Այդուհանդերձ, չի բացառվում կոնսերվատորիան ավարտելուց հետո մեկնի Եվրոպա՝ մասնագիտանալու ավելի նեղ մասնագիտությունների, օրինակ՝ էլեկտրաակուստիկ երաժշտության ասպարեզում:
Հետաքրքրվեցինք լիբանանյան դասական երաժշտության ոլորտից: «Գործում է երկու սիմֆոնիկ նվագախումբ: Առաջինը պրոպագանդում է զուտ դասական երաժշտություն, երկրորդը՝ միջինարեւելյան: Մի նվագախմբի հիմնադիրը Ուալիթ Ղոլմիեն է, մյուսինը՝ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբինը՝ հայաստանցի հանդիսատեսին ծանոթ Հարություն Ֆազլյանը: Ասեմ, որ այնտեղ նվագախմբերը յուրաքանչյուր շաբաթ ունենում են մեկ-երկու համերգ, որոնց մուտքը ազատ է,- տեղեկացրեց Սեւանը, հետո էլ հավելեց,- Լիբանանն այն երկիրն է, որտեղ տարբեր տենդենցներ գալիս ու գնում են: Վերջին շրջանում ավելի շատ մոդայիկ է հաճախել դասական երաժշտության համերգներ: Հետեւաբար մրցակցությունը մեծ է: Ասեմ նաեւ, որ հայաստանցի երաժիշտների ներդրումը զգալի է հիմնականում մանկավարժության ոլորտում»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Ռուբեն Ասատրյանը (կենտրոնում)՝ Շահին Դանեշվարի (ձախից)
եւ Սեւան Ղարիբյանի հետ:
«Առավոտ»
18.01.2018