Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Տպավորություն ստացա, որ գողին թաքցնում են»․ օպերատորը դիմում է Վլադիմիր Գասպարյանին

Հունվար 16,2018 15:44

Դեկտեմբերի 16-ին Գյումրու Անի թաղամասում գտնվող «Վիկտորիա» հարսանյաց սրահից, որտեղ օպերատոր Հայկ Հակոբյանը հարսանիք է նկարահանել, գողություն է կատարվել․ անծանոթ անձը, մտել է երաժիշտների համար նախատեսված սրահ՝ քրքրել կախված հագուստների գրպանները ու Հայկ Հակոբյանի վերարկուի ծոցագրպանից տարել 450 հազար դրամ։ Հարսանյաց սրահի տեսախցիկներն արձանագրել են կատարվածը․ ակնհայտ երևում է գողություն կատարած անձի դեմքը։

Հայկ Հակոբյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ սկզբում դիմել է հարսանյաց սրահի տնօրինությանը, տեսախցիկների ժապավենը հանել ու տեսել, որ հարսանիքավորների հետ ոչ մի կապ չունեցող անծանոթ մի երիտասարդ մտնում է շենքից ներս, բարձրանում երկրորդ հարկ, մտնում զուգարան, հետո հարսանյաց սրահ, օղի է խմում ու սկսում քրքրել երաժիշտների համար նախատեսված սրահում գտնվող վերարկուների գրպանները։ Ոչ մեկի գրպանից փող չգտնելով՝ հանկարծ 450 հազար դրամ է հայտնաբերում Հայկ Հակոբյանի վերարկուի ծոցագրպանից։

«Ես այդ գումարը բանկից վերցրել եմ վարկով հենց նույն օրը՝ ժամը 14․30-ի սահմանում։ Այդ նույն օրը ժամը 9․30 դիմել եմ ոստիկանության «Մուշ» բաժին՝ իմ հետ տանելով տեսանկարահանումը, թե ինչպես է կատարվում գողությունը, ցույց եմ տվել, թե ով է գողություն կատարող անձը։ «Մուշ» բաժինը երկրորդ օրն արդեն իսկ պաշտոնապես ձեռք էր բերել այդ տեսաժապավենը հարսանյաց սրահից։Աբսուրդն այն է, որ որոնողական աշխատանք կատարելիս «Մուշ» բաժնից գողություն կատարած անձի հետ կապվել են հեռախոսով, նրան ոստիկանություն են հրավիրել հեռախոսազանգով։ Առաջին անգամ եմ իմանում, որ գողին հեռախոսով ասում են, թե արի, որ քեզ բռնենք։ Նա էլ ոստիկանների հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ ինքն է գողություն կատարած անձը, պարտավորվել է ներկայանալ ոստիկանություն, սակայն չի ներկայացել։ Խնդրեմ այն փաստաթուղթը, որի մի օրինակը ստացել եմ Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնի պետ Ա․ Մարտիրոսյանից (տես լուսանկարում)։

Ստացվում է, որ գողություն կատարած անձի հասցեն գիտեն, վերջինս խոստովանում է, որ ինքն է գողը, սակայն ոստիկանությունն այդպես էլ չի կարողանում բռնել գողին։ Բնական է, որ նա չպիտի գար ոստիկանություն․ գողի հասցեն պարզ է, հեռախոսահամարը կա ու թողնում են իր հայեցողությանը, հա՞, եկավ, եկավ, չէ, թող չգա, ի՞նչ է եղել, ի՞նչ է սա նշանակում, ո՞ւմ են ձեռ առնում․․․

10 օր հետո ինձ զանգում են ոստիկանությունից, թե բողոք ունե՞ս, որ ուղարկենք քննչական։ Ասացի՝ իմ բողոքը չի փոխվում։ Ինձ բազմիցս հասկացրել են՝ հույս չունենամ, թե գողությունը կբացահայտվի, միանգամից ասին՝ գիտես կնոջ հետ զագսված չէ ու վարձով են ապրում,կինն էլ պետական համակարգի աշխատակից է։ Ես չեմ հասկանում նման հովանավորչական վերաբերմունքը։ Հիմա գործը ուղարկվել է քննչական, ես անընդհատ գնում ու գալիս եմ։ Ամսի 29-ին ինձ կանչեցին քննչական բաժին, նորից նույն պատմությունը, նորից սկսում են զրոյից, նորից նույն գրառումները, որ պիտի հայտարարեն հետախուզում, բայց հետախուզում չեն հայտարարել։Պատճառն այն է, որ 1983 թվականին ծնված Հովհաննես Էդիկի Սիմոնյանն այլ անձանցից ևս գողություն է կատարել, ու քանի որ նույն մարդու հանցանքը տարբեր քննիչների մոտ չպիտի քննվի, գործերը տեղափոխվել են ավագ քննիչ Գևորգ Թորոյանի մոտ։ Ուրբաթ օրը ես եմ ավագ քննիչին այցելել՝ հերթագրվելով, թե վերջը ի՞նչ է լինելու։ Ինձ անընդհատ հասկացնում են, թե դիմացինն աղքատ տղա է, բացահայտման հույս մի ունեցի։ Պարզվում է՝ ես էլ հարուստն եմ էլի, որ վարկ պիտի փակվեմ բանկերում՝ չծախսածս գումարի դիմաց։ Երեկ 49 հազար դրամ տոկոս եմ մուծել վերցրածս 450 հազար դրամ վարկի համար։ Ես ուզում եմ անձամբ հանդիպել Վլադիմիր Գասպարյանին, ասել, որոնման աշխատաոճը պատիվ չի բերում իր գլխավորած կառույցին։

Երբ գողության լուրը գրեցին լրատվական կայքերը ու քննադատեցին ոստիկանության աշխատանքը, ոստիկանության պաշտոնական էջում միանգամից պարզաբանում ներկայացվեց, թե դեպք վայրում զննություն է կատարվել․ բացատրություն է վերցվել տուժողից և այլն։Ինձ ոնց որ ուզեին հասկացնել, թե աշխատում ենք, ինչ ես ուզում։ Ու մինչև օրս գողին հայտնաբերում եմ, նույն ոստիկանության պաշտոնական էջում կարդում ես ու նախանձում, էդ ինչպե՞ս է, որ Երևան քաղաքում կատարված բոլոր գողությունները միանգամից բացահայտվում են, իսկ Գյումրիում օրումեջ գողություն է ու ոչ մի բացահայտում»,-ասում է Հայկ Հակոբյանը։

Ոստիկանության պաշտոնական էջի «Պարզաբանում» բաժնում 18․12․2017թ․ընթերցում ենք․ «Լրատվական կայքերից մեկում «Գողության դեպք Գյումրիում…» վերնագրով հոդված էր զետեղվել, ուր ասվում էր, որ տուժողը Գյումրու քաղաքապետարանի աշխատակից է, գողությունը տեսանկարահանել են հարսանյաց սրահի տեսախցիկները, և այդ մասին տեղեկացվել է ոստիկանության Մուշի բաժին, սակայն բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչը ոչինչ չի ձեռնարկել տեսախցիկի արձանագրածն առգրավելու ուղղությամբ:

Նշվածի վերաբերյալ պարզաբանենք, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 22.30-ին, մի քաղաքացի ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Մովսես Խորենացու փողոցի թիվ 10/3 հասցեում գործող հարսանյաց սրահի երաժիշտների համար նախատեսված սենյակում գտնվող աթոռի թիկնոցին կախված իր կիսաբաճկոնի ծոցագրպանից գողացել են 450.000 դրամ:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում կատարել է օրենքով վերապահված իր գործառույթները. կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություն է վերցվել տուժողից, ուսումնասիրվել են սրահի տեսախցիկների ձայնագրությունները և վերցվել են հետագա պարզաբանումներ կատարելու համար:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանները ճշտել են գողության մեջ կասկածվողի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն»:

ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը պարզաբանեց հետևյալը․ «Հարուցել ենք քրեական գործ, նյութերն ուղարկել ենք քննչական բաժին,անձի ինքնությունը ճշտված է, այժմ ձեռնարկվում եմ օպերատիվ-հետախուզական-որոնողական միջոցառումներ գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Գլխավոր լուսանկարը` Հայկ Հակոբյանի FB էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Lilit says:

    Շիրակի մարզի իրավապահ մարմինները բացարձակ անգործության են մատված, անձամբ եմ առնչվել դատախազության, քննչականի և ոստիկանության հանցավոր անգործության հետ: Վերևիներին էլ դիմում ես, էլի պետքերը չէ: Սրանք վճարվում են անգործության համար:Փաստորեն, մեզանում կա անգործների կազմակերպված մաֆիա:

    • Մարգար Մախսուդյան says:

      Հարգելիներ, իզուր եք երևանցիներին նախանձում, նույն վիճակն էլ մեզ մոտ է, հնարավոր է, որ նույնիսկ ավելի վատթար: Եթե 100 կատարված գողությունից բացահայտված մեկ-երկուսը հեռուստատեսությամբ ցուցադրեն, կստացվի այն տպավորությունը, որն ունեք:
      2017 նոյեմբերի 27-ին Նյու-Յորք-Մոսկվա- Երևան չվերթով տուն վերադարձա և տանը նկատեցի, որ ճամպրուկիցս գողացել են երկու Samsung Galaxy Note 4 հեռախոսներս: Անմիջապես գնացի ՛՛Աէրոֆլոտի՛՛ գրասենյակ, հայտարարություն տվեցի ու գնացի Զվարթնոց օդակայան, դիմեցի ոստիկանություն: Արագ արձագանքելու փոխարեն, նրանք փորձում էին հավաստիացնել ինձ, որ հաստատ Շերեմետյեվո-ում են հանել, և որ դա անհույս գործ է: Առաջարկեցի սքանավորող սարքի գրանցումները ստուգել, սակայն չորս պատասխանատուներ, որոնց անունները դեռ չեմ տալիս, ինձ տվեցին իրարամերժ պատասխաններ.
      1. Սքանավորող սարքը պահպանում է ընդամենը 24 ՄգԲ
      2.Սքանավորող սարքը պահպանում է ընդամենը 24 կադր
      3.Սքանավորող սարքը ոչինչ չի պահպանում
      4.Սքանավորող սարքի պահպանած տեղեկությունը գաղտնիք է, և նույնիսկ ոստիկանները մատույց չեն կարող ունենալ այդ տեղեկությանը:
      Թեև մեկ օր ուշացումով, այնուամենայնիվ քրեական գործը հարուցվեց, և ես սպասում եմ, որ… նախաքննությունն ավարտվի՝ դիմեմ դատարան: Դատարանում, ճիշտ է, կա արդարության խիստ դեֆիցիտ, սակայն գոնե հետաքրքիր տեղեկություններ հրապարակելու արգելք չկա:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031