Հունվարի 6-ին, ժամը 02:10-ի սահմաններում նախնական տվյալներով՝ շմոլ գազի թունավորումից մահացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Զիրոյանին քիչ անց կհուղարկավորեն Մարալիկի գերեզմանատանը։
Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Զիրոյանները բնիկ մարալիկցիներ են, նրանց բարեկամները բնակվում են Մարալիկում, սակայն Մհերի ընտանիքը բնակվում է Գյումրիի «Գծի հետև» թաղամասում։ «Նրան Գյումրիից կտեղափոխեն Մարալիկ ու կհուղարկավորեն իրենց գերդաստանի գերեզմանոցում»,- ասաց Արտակ Գևորգյանը։
Նրա տեղեկացմամբ, Մհեր Զիրոյանի քույրը մահացել է երկրաշարժից, մնացել է փլատակների տակ, մայրը ևս տարիներ առաջ մահացել է ծանր հիվանդությունից, հայրը հիվանդ թոշակառու է։ Ունի իրենից մեծ մեկ եղբայր։ «Շատ ցավալի է, այս ընտանիքում վերքերը դեռ չսպիացած, նոր վերքեր են ավելանում։ Չգիտեմ ինչ է կատարվում․ Մհերն մասնակցել էր ապրիլյան քառօրյա պատերազմին, ծանր վիրավորվել էր, օրհասական վիճակից էր փրկվել։ Անտանելի է նրա մահվան վիշտը»,-ասաց Արտակ Գևորգյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ