Ինչպես արդեն նշել էինք, վստահելի աղբյուրից տեղեկություն էինք ստացել օրեր առաջ ուժային կառույցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հատուկ գործողություն իրականացնելու և մեր երկիր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի մուտքը կանխելու մասին:
Կատարվածի մանրամասները պարզելու համար դիմել էինք ԱԱԾ, որտեղից այսօր հաստատել են մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ «ԱԱԾ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստանի Հանրապետություն«:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու պատճառաբանությամբ ԱԱԾ-ն դեպքի հետ կապված այլ մանրամասներ չի հայտնել, բայց և տեղեկացրել է, որ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների մասին հավաստի տեղեկություններ ստանալու դեպքում կանխարգելիչ նման միջոցառումներ մշտապես են իրականացնում:
Մասնավորապես, միայն 2017թ. ընթացքում հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում արգելվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր առնչության մեջ կասկածվող այլ պետության 960 քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, ևս 95 օտարերկրացի վերցվել է սահմանային վերահսկողության՝ հատուկ հետախուզման ռեժիմով:
ԱԱԾ-ից հայտնել են նաև, որ Հայաստանի տարածք միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների ներթափանցումը նախականխելու նպատակով Ազգային անվտանգության մարմիններն ակտիվ համագործակցում են այլ պետությունների գործընկեր ծառայությունների հետ: