Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեորգի Կվիրիկաշվիլին հետաձգեց այցը Երեւան, իսկ Սերժ Սարգսյանը շտապեց Թբիլիսի

Դեկտեմբեր 26,2017 13:17

Նոր իրավիճակ՝ Երեւան-Թբիլիսի հարաբերություններում

Ե՞րբ կկայանա Գեորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան

Դեկտեմբերի 1-ին նախատեսված էր Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան, սակայն այն հետաձգվեց:

Վրաստանի կառավարության լրատվական ծառայության ղեկավար Սոֆո Մոսիձեն պարզաբանել էր, որ վարչապետի հայաստանյան այցը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել է. «Դեկտեմբերի 1-ին նախատեսված էր Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, սակայն վրացական կողմը հետաձգեց այցը անորոշ ժամանակով, եւ այցը, իհարկե, կկայանա այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը հաստատի կառավարության նոր կազմը»:

Հիշեցնենք, որ դրա նախորդ օրը Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունը երեկոյան հաղորդագրություն էր տարածել, թե դեկտեմբերի 1-ին, ժամը 11:45-ին, Հայաստանի կառավարությունում տեղի կունենան երկու երկրների վարչապետերի՝ Կարեն Կարապետյանի ու Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Այս հաղորդագրությունից քիչ անց ստացվեց նոր հաղորդագրություն, ըստ որի՝ «վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո»:

Թե երբ կկայանա Վրաստանի վարչապետի այցը Հայաստան՝ առայժմ տեղեկություններ չկան: Անցյալ շաբաթ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանին ներկայացրեց կառավարության «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն 2018-19թթ.» ծրագիրը: «Առաջիկայում կներկայացնենք այն ռազմավարությունը, որով պատրաստվում ենք կյանքի կոչել ապակենտրոնացման եւ որոշումներ կայացնելու ծանրությունը կենտրոններից շրջաններ տեղափոխելու ծրագրերը»,- նշել էր Գեորգի Կվիրիկաշվիլին: «Մենք նաեւ ուզում ենք, որ ֆինանսավորման ընթացքում շրջաններն ավելի շատ գումար ստանան, որպեսզի կարողանանք ավելի շատ մասնագետների ներգրավել եւ տեղում ավելի ծավալուն նախագծեր իրականացնել: Կունենանք 10-ամյա ռազմավարություն, թե ինչպես քայլ առ քայլ ավելացնել ներքին համախառն արտադրանքում տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորումը, որպեսզի տեղական ինքնակառավարումների ֆինանսավորման ուղղությամբ հասնենք եվրոպական մակարդակին»,- ասել էր Կվիրիկաշվիլին:

Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 22-ին արտահերթ լիագումար նիստում հաստատեց նախարարների կաբինետի կազմը եւ կառավարության «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» ծրագիրը: Կվիրիկաշվիլիի գլխավորած կառավարությանը վստահության քվե տալու օգտին քվեարկեց 103 պատգամավոր, դեմ՝ 17-ը: Վրաստանի նոր կառավարությունում 13 նախարարներ են եւ մեկ պետնախարար՝ 16 նախարարների եւ երկու պետնախարարների փոխարեն: Միավորվում են մի քանի նախարարություններ, մասնավորապես, էկոնոմիկայի նախարարության գործառույթներն անցել են էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությանը:

Նկատենք, որ կառավարության նորացված կազմի հաստատման օրը Վրաստանի խորհրդարանում աղմկոտ սկանդալ տեղի ունեցավ երկրի նախարարների կաբինետի անդամների լսումների ընթացքում, երբ խորհրդարանական ընդդիմության հարցերին էր պատասխանում վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Վարչապետին հավասարակշռությունից հանեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած՝ Միացյալ Ազգային շարժման առաջնորդ Նիկա Մելիան՝ ասելով, թե «վարչապետը տեղյակ չէ երկրում տիրող իրավիճակից»: Նա Կվիրիկաշվիլիին «պարզապես ֆիգուր» էր անվանել՝ նշելով, թե իսկ իրական կառավարողը Բիձինա Իվանիշվիլին է: Թեժացած մթնոլորտում Կվիրիկաշվիլին էլ ի պատասխան հայհոյել էր Նիկա Մելիային, սակայն միջադեպից հետո նա հասարակությունից ներողություն խնդրեց՝ պարզաբանելով. «Ցանկանում եմ ներողություն խնդրել։ Նախքան պատգամավոր, կառավարության անդամ կամ վարչապետ լինելը մենք բոլորս մարդ ենք եւ բոլորս պատիվ ունենք։ Հանրությունից ներողություն եմ խնդրում էմոցիաներիս համար, սակայն, ցավոք, «Ազգային շարժման» որոշ անդամներ, իհարկե բոլորին չի վերաբերում, կարողացան ինձ հունից հանել, եւ դա լավ տեսարան չէր»։

Իր հերթին Մելիան պարզաբանել էր, որ Կվիրիկաշվիլին իր քննադատություններին չի պատասխանել. «Ճգնաժամային է մարդ առեւանգելու մասին հարցը: Հարցնում ես՝ ինչպես է սա տեղի ունեցել, եւ ոչ մի պատասխան չես ստանում: Բնական է, դա աննամուսություն եւ անպատասխանատվություն է: Կոչ եմ անում կառավարությանն այս ընթացքում գոնե մի բան անել ժողովրդի համար»:

Նկատենք, որ խոսքը վերաբերում է այս տարի մայիսին Թբիլիսիում տեղի ունեցած մի աղմկահարույց առեւանգման դեպքի: Թբիլիսիի կենտրոնից անհետացել էր ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին, որը հայտնի է Ադրբեջանի իշխանությունների մասին իր քննադատական հոդվածներով, ապա ավելի ուշ Մուխթարլին ձերբակալվեց Բաքվում: 2015-ին Ադրբեջանում լրագրողների եւ իրավապաշտպանների նկատմամբ համատարած ճնշումների ֆոնին ստիպված նա լքել էր Ադրբեջանը եւ բնակություն հաստատել Թբիլիսիում:

Թբիլիսիի կենտրոնից լրագրողի առեւանգումը կոշտ քննադատության արժանացավ, հայտնի է, որ նրան առեւանգել էին քաղաքացիական հագուստով անձինք, լրագրողին գցել էին մեքենայի մեջ եւ դուրս հանել Թբիլիսիից, այնուհետեւ նրան դաժան ծեծի էին ենթարկել, կապել աչքերը եւ տեղափոխել այլ ավտոմեքենա, իսկ Ադրբեջանի սահմանին նրան վերցրել էր արդեն երրորդ ավտոմեքենան: Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի առեւանգելու, անարգելք Ադրբեջանին հանձնելու փաստը որակվեց որպես միջազգային իրավունքի խախտում եւ ընդդեմ Վրաստանի հայցով դիմելու միջադեպ, որը, շատերի համոզմամբ, վրաց իրավապահների կողմից մեծ բացթողում էր:

Նոր դեսպան, նոր սպասելիքներ, նոր խոստումներ

Վերջին ամիսներին Հայաստան-Վրաստան հարաբերություններում որոշակի բարդությունների թեման բավական քննարկվել է այս ընթացքում, հրապարակումների պակաս չէր զգացվում: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի թեկնածությունը՝ Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում չհաստատելու հարցը բերվող թեմաներից մեկն էր: Թեժ խոսակցությունների առիթ հանդիսացավ նաեւ օգոստոսին Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել սեպտեմբերին մեկնարկող Agile Spirit-2017 զորավարժությանը:

Նկատենք, սակայն, որ վարչապետ Կվիրիկաշվիլիի հայաստանյան այցի հետաձգումը որքան էլ անակնկալ էր, այնուամենայնիվ Վրաստանում անարձագանք մնաց, եւ, ըստ ամենայնի, մի քանի ամիս ներկայացվող թեմաները, որոնք մատնացույց էին արվում իբրեւ Հայաստան-Վրաստան հարաբերություններում «խնդրահարույց հարցեր», չափազանցված էին: Համենայնդեպս, այժմ կարծես ստեղծված իրավիճակը խոսում է Հայաստան-Վրաստան հարաբերություններում առավել դրական մթնոլորտի մասին:

Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանը նոյեմբերի 29-ին հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Վրաստանի նախագահը շնորհավորել էր դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նրան հաջողություն մաղթելով եւ հույս հայտնելով, որ դեսպան Սադոյանն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-վրացական հարաբերություններում: Վրաստանի նախագահը նաեւ իր շնորհավորանքներն էր փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: «Նախագահ Մարգվելաշվիլին եւ ՀՀ դեսպանը համակարծիք էին, որ վերընթաց զարգացող հայ-վրացական հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն»,- ասվում էր հաղորդագրությունում:

Անցյալ շաբաթվա սկզբին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը շնորհավորել էր Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյակի կապակցությամբ՝ Վրաստանի Առաջին ալիքով։ Դեսպանը նշել էր, որ Իլյա Երկրորդը հոգեւոր դասի այն ներկայացուցիչներից է, ով իր կենդանության օրոք արդեն լեգենդ է, եւ դրա վառ վկայությունն այն մեծ հարգանքն ու ակնածանքն է, որ կա այդ սուրբ մարդու նկատմամբ ողջ Վրաստանում եւ նաեւ նրա սահմաններից դուրս։ Անդրադառնալով Իլյա Երկրորդի գործունեությանը՝ դեսպան Սադոյանը ընդգծել է, որ նրա գահակալության ողջ ընթացքում քրիստոնեությունը մեծ ծաղկում է ապրել ողջ Վրաստանում, կառուցվել են նոր եկեղեցիներ, իսկ ժողովրդի կյանքում հավատքն ավելի մեծ տեղ է սկսել զբաղեցնել: «Իլյա Երկրորդը մեկ առիթով ասել է, որ Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են։ Դա շատ ճիշտ բնորոշում է, քրիստոնեական հավատքը մեր երկու բարեկամ ժողովուրդներին կապող կարեւորագույն երեւույթներից է, այն մեծ տեղ է զբաղեցնում ե՛ւ հայ, ե՛ւ վրացի ժողովրդի կյանքում»,- ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության՝ ասել է Ռուբեն Սադոյանը։

Դեկտեմբերի 20-ին տեղեկատվություն ստացվեց, որ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ։ ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Իլյա Երկրորդը, նշելով, որ վրացի եւ հայ ժողովուրդների հարաբերություններն ունեն բազմադարյա ավանդույթներ, ընդգծել է, որ երբ պատմական որեւէ ժամանակահատվածում մեր երկու ժողովուրդներից մեկի համար եղել է ծանր եւ փորձություններով լի շրջան, այդ ամենն իր ազդեցությունն է ունեցել նաեւ մյուսի վրա։ «Իլյա Երկրորդը, խոսելով ներկա իրողությունների մասին, նշեց, որ մենք բարդ ժամանակներ ենք ապրում, որը մեր երկու պետություններին թելադրում է, որ միշտ ունենանք սերտ հարաբերություններ։ Այս համատեքստում Իլյա Պատրիարքը ընդգծեց, որ դեսպան Սադոյանից շատ բան է կախված, եւ հույս հայտնեց, որ վերջինիս գործունեության ընթացքում մեր հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն»։ Ռուբեն Սադոյանն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է, որ իր դիվանագիտական առաքելությունը սկսում է Իլյա Երկրորդի օրհնությունը ստանալով: «Տեսնելով այն մեծ հարգանքն ու ակնածանքը, որ կա Ձեր հանդեպ, զգալով այդ անսահման սերն ու հեղինակությունը, որ Դուք վայելում եք Վրաստանում՝ ես ուղղակի պետք է արձանագրեմ, Դուք իրավամբ սուրբ մարդ եք»,- ասել է Հայաստանի դեսպանը՝ ընդգծելով, որ կանի ամեն ինչ, որպեսզի մեր եղբայրական ազգերի միջեւ կապը ավելի խորանա եւ ավելի ամուր հիմքերի վրա դրվի։

Դեկտեմբերի 23-ին տեղեկատվություն ստացվեց, որ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաեւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպումների ընթացքում կքննարկվեն բարեկամ երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր:

Հայաստանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը աներկբայորեն Հայաստան-Վրաստան հարաբերություններն էլ ավելի խորացնելու եւ երբեմն-երբեմն ի հայտ եկող խրթին հարցերը հարթելու ավելի մեծ հնարավորություններ է ստեղծել: Օրերս Վրաստանի վարչապետի մի ուշագրավ հայտարարություն, թերեւս, դրանցից առաջինը կարելի է համարել:

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի դեկտեմբերի 27-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.12.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031