Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերը Գյումրիում կոշկակարի են ձերբակալել․ մանրամասներ՝ 2 կանանց դանակահարությունից

Դեկտեմբեր 26,2017 12:24

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ուշ ժամի մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով Գյումրի բժշկական կենտրոն էին դիմել երկու կանայք՝ 1971 թվականին ծնված Ղ․Հ․-ն ու 1980 թվականին ծնված Ծ․Գ-ն։ Նրանցից մեկին՝ Ղ․Հ․-ին վիրահատել էին, մյուսին էլ վերակենդանացման բաժանմունք տեղափոխել։ Նախնական տեղեկություններով, նրանց դանակահարել էր կոշկակարը, որի մոտ կանայք կոշիկ էին պատվիրել․ վերջինս ոչ սթափ վիճակում է եղել։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ կասկածվող անձը ձերբակալվել է, վերջինս մասնագիտությամբ կոշկակար է՝ ծնված 1983 թվականին։ «Ծանր մարմնական վնասվածքներով Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու տուժողներ, կատարված անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական աշխատանքի արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցանք կատարած անձը։ Նույն պահին նշված անձը ձերբակալվել է, այժմ կատարվում է նախաքննություն։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդված 1-րդ մասի հատկանիշներով։ Այս պահին հանցագործության կատարման բոլոր հանգամանքները, դրդապատճառները, շարժառիթները պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ»։

Շիրակի դատախազը նաև նշեց, որ տուժող կանայք, ելնելով վնասվածքների բնույթից, ի վիճակի չեն եղել ցուցմունք տալ, այդ փաստը հիմնավորվել է նաև բժշկի կողմից տրված տեղեկանքով։

Մեր հարցին՝ ի՞նչ վիճակում է եղել ենթադրյալ հանցանք կատարած անձը, դատախազը պատասխանեց․«Համապատասխան նմուշներ են վերցվել սթափության վիճակը պարզելու ուղղությամբ․ նախնական տվյալները նույնպես վկայում են, որ ենթադրյալ հանցանք կատարած անձը եղել է ոչ սթափ վիճակում, բայց հիմնավոր եզրահանգության գալու համար վերցվել են համապատասխան նմուշներ»:

ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն էլ Aravot.am-ին փոխանցեց հետևյալը․ «Դեկտեմբերի 25-ին ժամը 21․50-ին հիվանդանոցից ոստիկանության «Մուշ»-ի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել երկու կին՝ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ։ Նրանից մեկը 1971 թվականին ծնված, մյուսը՝ 1980թ․-ին։ Մեկնած օպերատիվ խմբին կանանցից մեկը հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 20․00-ի սահմաններում Գյումրի Վազգեն Սարգսյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանության ժամանակ Գագիկ Կ․-ն դանակով հարվածել է իրենց և պատճառել վնասվածքներ, ապա իր հետ եղած կնոջը հրել ու գցել է շենքի շքամուտքի աստիճաններին։ Նույն օրը ժամը 23․00-ին, Վազգեն Սարգսյանի փողոցի թիվ 6 շենքի դիմացից ոստիկանության ծառայողները Գագիկ Կ․-ին բերման են ենթարկել բաժին։ Նա ձերբակալված է, հանցագործության գործիք դանակն առգրավված է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031