Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլանդացիները ձեռք են մեկնում հայաստանցի անապահովներին եւ մշակույթին

Դեկտեմբեր 21,2017 14:00

Վերջերս Աշտարակում, Արարատում «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում կայացած համերգներից հետո, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից կազմված «Նոր կամերատա» անսամբլը օրերս հանդես եկավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Հայաստանցի ունկնդրին 2008թ.-ից գործող «Նոր կամերատան» (առաջին ջութակ՝ Աննա Մարգարյան, երկրորդ ջութակ՝ Իվետա Կորկինա, ալտ՝ Գոռ Հովհաննիսյան, թավջութակ՝ Միքայել Նավասարդյան) ներկայացնելու կարիք չկա: Անսամբլի գործունեությունը իսկապես բուռն է, ծրագիրն էլ բազմազան: Նույնիսկ անսամբլի համար հատուկ ստեղծագործում են արտասահմանցի կոմպոզիտորներ, այդ թվում՝ հոլանդացի Ռոլֆ Ստրավերը, որին ժամանակին ներկայացրել է «Առավոտը»: Անսամբլի ծրագրերում էլ հաճախ են համաշխարհային պրեմիերաները: Օրինակ՝ Խաչատրյանի տուն-թանգարանում հնչած ստեղծագործություների թվում (Բախ, Պագանինի), առաջին անգամ հանդիսատեսն ունկնդրեց գերմանացի ճանաչված կոմպոզիտոր Կուրտ Վայլի եւ երիտասարդ ստեղծագործող Հովհաննես Մանուկյանի երկերը: Դրանք անսամբլային տարբեր կազմերով մեկնաբանման համար «Նոր կամերատան» հրավիրել էր սոպրանո Արմինե Վարդանյանին, ալտահարուհի Սեդա Օդաբաշյանին, հոբոյահար Հովհաննես Պապիկյանին եւ կոնտրաբասահար Արմեն Հովակիմյանին:

«Նոր կամերատա» անսամբլը: Հայաստանի մարզերում Յանսսենի հեղինակած լուսանկարներից:

«Նոր կամերատայի» ալտահար Գոռ Հովհաննիսյանը մեզ ծանոթացրեց հոլանդացի լուսանկարիչ, կինովավերագրող Յան Յանսսենի հետ, որը հատուկ ժամանել էր անսամբլի ելույթը տեսագրելու նպատակով:

Մեզ հետ զրույցում հոլանդացի հյուրը նշեց, որ իր երկրորդ այցն է Հայաստան, հետո էլ մանրամասնեց. «Առաջին անգամ Հայաստանում էի 5 տարի առաջ, Հոլանդիայում գործող «Սուրբ Ռաֆայել» կազմակերպության նախաձեռնությամբ: Սա անկախ կազմակերպություն է, որի ջանքերն ուղղված են աշխարհի տարբեր երկրներում սոցիալապես անապահով խավին օգնելուն: Կազմակերպությունն ունի մշտական դոնորներ Նիդեռլանդներից, Դանիայից, Շվեյցարիայից եւ Գերմանիայից: Կազմակերպությունը, որի նախագահը հայազգի Սուրեն Կարայանն է, համագործակցում է Լիմբուրգի հեռուստատեսության հետ, որի եթերում «Լիմբուրգը օգնում է» խորագրով (ռեժիսոր՝ Մարին Պոելս) ցուցադրվել է Պերուի, Եթովպիայի, Քենիայի, Գանայի, Հայաստանի մասին պատմող ֆիլմաշար: Իսկ նպատակն այդ երկրների անապահով ընտանիքներին ու հիվանդ երեխաներին ձեռք մեկնելու մղումով հանգանակությունն է: Նախորդ այցին եղել ենք Վանաձորում, Գյումրիում, Մեծամորում: Կարող է այս պահին չմտաբերեմ ազգանունները, բայց վանաձորցի Մայիսյանների եւ Ղարաբեկյանների ընտանիքներն արդեն ունեն նոր բնակարաններ»:


Անդրադառնալով իր այս այցին, Յան Յանսսենը հայտնեց, որ ալտահար Գոռ Հովհաննիսյանի հետ ծանոթացել է Հոլանդիայում, ընկերոջ՝ կոմպոզիտոր Ռոլֆ Ստրավերի միջոցով: «Լսելով հայաստանյան «Նոր կամերատա» անսամբլի ձայնագրությունները, միտք հղացավ երիտասարդներից կազմված այս կոլեկտիվի համար պատրաստել վավերագրական ֆիլմ: Այսօր, քան երբեւէ, վստահ եմ, որ բարեգործական տարբեր նախագծեր անհրաժեշտ է իրականացնել աշխարհի տարբեր երկրներում՝ նաեւ մշակույթի ոլորտում: Չեմ թաքցնի, որ հայաստանյան այցիս քաջալերողը Ռոլֆն է, որի ստեղծագործությունները իրենց մշտական տեղն ունեն «Նոր կամերատայի» նվագացանկում»,- ասաց մեր զրուցակիցը:


ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Գոռ Հովհաննիսյանն
ու Յան Յանսսենը:

«Առավոտ»

20.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031