Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում ուրախ կլինեն, եթե Սերժ Սարգսյանը ցանկանա ստանձնել այդ բեռը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2017 10:50

Անցած շաբաթ օրը, համայնքների միության 6-րդ համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը համարում է նախագահի եւ ՀՀԿ-ի բաց գործելաոճի ու հրապարակային ե քննադատական խոսքի, շարունակություն:

Հիշեցնենք, նախագահը խոսել էր գողացող համայնքապետերի մասին: Ասել, որ հունվարից այլեւս թույլ չեն տալու նման բաներ:

Ռուզաննա Մուրադյանը չի ժխտում, մեր հասարակությունում դեռեւս կան արատավոր երեւույթներ: Եվ այն, որ իշխող ՀՀԿ-ն եւ հանրապետության նախագահն են այդ մասին բաց ու հրապարակային խոսում, ինքը համարում է խնդիրները լուծելու ճանապարհ, քանի որ լուծման հիմնական ճանապարհը հարցերի հստակ ձեւակերպումը եւ բացահայտումն է:

Մեր զրուցակիցը հիշում է կուսակցության համագումարում, դրանից առաջ եւ հետո նախագահի հորդոր-հանձնարարականները`պետք է իրականությունը փոխենք`փոխելով ինքներս մեզ, պետք է մեր կատարած աշխատանքին ամենայն պատասխանատվությամբ մոտենանք, պետք է կարողանանք պատասխաններ տալ բացթողումների համար: Ասում է`նախագահի գնահատականներին միշտ էլ հաջորդել է գործողություն, այդ թվում նաեւ քրեական գործեր են հարուցվել, կարգազանցները պատժվել են:

Ռուզաննա Մուրադյանը չի կիսում ընդդիմադիր-ընդդիմախոսների այն մոտեցումները, որ համայնքապետերը մինչ այժմ գողացել են եւ չեն պատժվել, քանի որ իշխող ՀՀԿ-ի համար ընտրությունների ժամանակ ձայներ են ապահովել: Ասում է. «Համայնքը մեր տունն է, երկրի զարգացումը սկսվում է համայնքից»: Այսպես են աշխատելու. կառավարությունն այլեւս ձուկ չի տալու, կարթ է տալու եւ ձուկ որսալ սովորեցնելու:

Մանրամասները` տեսանյութում

Մեր զրուցակիցը համաձայն չէ, որ իշխանության վերին օղակներում պատրաստ չեն փոփոխություններին. «Ոչ միայն պատրաստ են, այլ իշխանությունն է առաջարկել այդ փոփոխությունները, որի ամբողջական ծրագիրը ներդրված է սահմանադրական բարեփոխումներում»: Ասում է`իշխանության եւ ընդդիմության`երկրի զարգացման այլընտրանքային մոտեցումներն, ի վերջո, պետք է ծառայեն մեկ նպատակի`երկրի զարգացմանը եւ նոր Սահմանադրությունն այդ հնարավորությունները ստեղծել է: Նկատում է`արդեն այդ փոփոխությունների իրականացման փուլում ենք:

Մանրամասները` տեսանյութում

Հետաքրքրվեցինք`իշխող ՀՀԿ-ի առաջարկած փոփոխությունների լիարժեք իրականացման համար կապ ունի՞, թե 2018-ին ով կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը: Ռուզաննա Մուրադյանն ասում է`այո. վարչապետ պետք է լինի մարդ, որը կոմպետենտ է, փորձառու է, արդյունավետ կառավարման ունակություններ ունի եւ ի զորու է այդ ծրագիրն իրականացնելու: Հարցին ի պատասխան`Ձեր կարծիքով Կարեն Կարապետյա՞նն ավելի արդյունավետ կիրականացնի այս փոփոխությունները, թե՞ Սերժ Սարգսյանը, Ռուզաննա Մուրադյանն անուններ չտվեց: Միայն ասաց, որ ինքն ուրախ կլինի, եթե նախագահ Սերժ Սարգսյանը ցանկություն հայտնի ստանձնել այդ ծանր բեռն ու պատասխանատվությունը:

Օրերս ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հայտարարեց`նախագահի իր թեկնածուն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն է: ՀՀԿ-ական պատգամավորը նորմալ է համարում, որ քաղաքական ուժերն արդեն հայտարարում են այս կամ այն պաշտոնում իրենց նախընտրած թեկնածուների մասին: Ինքը ոչ ոքի չի թերագնահատում, ոչ էլ գերագնահատում է. մնացածը`ժամանակը ցույց կտա:

Ամփոփելով անցնող տարին, Ռուզաննա Մուրադյանն ասում է`շատ բան է արվել: Կան նաեւ չարվածները, որոնց մասին հենց իշխող ուժն է բարձրաձայնում`քննարկումների հրավիրելով հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին: «Ընդհանուր առմամբ, բոլոր ոլորտներում առաջընթաց կա: Փաստ է, որ տեղում չենք դոփում: Օրինակ, սոցիալական ոլորտում շատ կարեւոր է աշխատող մայրերի համար դայակների ինստիտուտի ներդրումը: Դա պետության կողմից օգնող ձեռք է: Պաշտպանական ոլորտում «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը լավագույն նախաձեռնություններն են, որպեսզի կարողանանք արժեւորել մեր սպաներին`պետության պաշտպանության համար իբրեւ կարեւոր ռեսուրսի, ուսումնառության պահից մինչեւ թոշակի գնալու ժամանակ տարբեր սոցիալական ծրագրերով աջակցելով նրանց կայացմանն ու ապահովված կենցաղին: Կարեւոր քայլեր եղան նաեւ կրթության ոլորտում: Մասնավորաբար, մասնագիտական կրթության առաջնահերթությունը: Կարեւոր է ԵՄ-ի հետ ստորագրված նոր համաձայնագիրը: Հայաստանը նպատակաուղղված գնում է ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ կամուրջ դառնալուն`հստակ առաջ տանելով մեր երկրի զարգացման եւ անվտանգության շահերը»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nairi Urartatsi says:

    Երկիր կառավարելը իրոք ծանր բեռ է: Եւ ոչ ոք, չխորշելով անգամ կրակել սեփական
    ժողովրդի վրա, նման ծանր բեռի տակ չի ուզենա մտնել: Ինչպիսի հայրենասեր ու երկրին,ժողովրդին սիրող մարդ պետք է լինի այն անձը, ով տասը տարի լինելով այդ
    ծանր բեռի տակ, որն ավելի է ծանրացել այժմ՝ ամեն կերպ ուզենա 3-րդ անգամ
    փորձարկել այդ անտանելի բեռը: Միայն երկիր կառավարելու հիրավի ծանր բեռը
    տեղ հասցնելուն անպատրաստ ու անպատասխանատու քաղաքական ուժը կարող է
    տանուլ տված գործը նորից ստանձնել: Պարզ է, որ բեռը իրականում ժողովուրդն է
    կրում իր ուսերին՝ բռնապետական երկրներում:

  2. Ժողովուրդ զգում ե՞ք ՀՀԿ-ը նույն ՍՈՎԵՏԻ Կոմունիստական կուսակցության կրկնօրինակն է,ՇՏԱՄՊԸ վրան….Սովետի ժամանակ նույնպես էտ կուսակցության խայտառակ անդամները գտնում էին,որ առանց Ստալինի,Խրուշչովի,հետո առանց Բրեժնեւի,հետո Անդրոպովի,(մեկն էլ կար է՞,քվեարկության օրը մեջքին «դայաղ»էին արել,որ փուլ չգար),գորբաչովի ելցինի,Էսօր էլ Պուտինի՝ երկիրը փուլ կգար ,ուստի եւ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՒ ԵՐԿՐԻ ՀԱՆԴԵՊ ՈՒՆԵՑԱԾ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ առաջարկում էին նշածս ղեկավարների թեկնածությունը:
    Այսօր, ՀՀԿ-ի անդամները մեկը մյուսին հերթ չտալով,մեկը մյուսից առաջ անցնելով ,իսկ իրականում՝ մեկը մյուսից ԶԻԼ ՍԱՊՈՆՎԵԼՈՎ գտնում են,որ առանց…….(էս ինչի)մենք քուն ու հանգիստ չենք ունենա:
    ՈՉԻՆՉ ՉՓՈԽՎԵՑ……Չէ,փոխվեց՝ ԽԱԲՆՎԵՑԻՆՔ,ՔԱՇՎԵՑԻՆՔ…..ու ոնց որ թե ԱՆՎԵՐԱԴԱՐՁ…
    Եւ ի՞նչ եղավ,ինչ՞ի հասանք,ժողովուրդ,
    Աթոռները գրավված են,ԳՈՐԾԸ՝ բուրդ,
    Հին կարգերը նոր մարդկանցով,Նոր թալան՝
    Նրանց հոգում նստած է Նույն Սատանան,
    Շահը,շահը,որ տիրել է աշխարհին
    Չշրջանցեց նաեւ մեր ՀՀԿ-ին:
    Էլ ինչ «երդում»,ինչ «խոստումներ»,էլ ինչ«գործ»,
    Մեկը հարցնի,-ՍԱ ՓՈՐՁԱՆ՞Ք ԷՐ,ԹԵ՞ ՆՈՐ ՓՈՐՁ:

    Արա էս ինչ օրն ենք ընկել,էլ ընչի վեր կացանք,ոտքի կանգնեցինք վայ մամա ջան էՍ ԻՆՉ ՍԽԱԼ ԷՐ….ապրում էինք էլիիիի,ԴԱՐՁԱՆՔ ՏՆԱՔԱՆԴ,ԴԱՐՁԱՆՔ ԹԱՓԱՌԱԿԱՆ……
    Ողբամ զմեզ…..

  3. Սա՝ «մեր սեղանից տիկին Մուրադյանի սեղանին»

    Մուրացանի զինհոսպիտալը ծայրահեղ պայմաններում է
    «Հարգելի ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարներ, փորձում եմ գտնել կոռեկտ բառեր, արտահայտություններ` ձեզ հասցնելու համար այն սարսափը, որ տիրում է Մուրացանի զինհոսպիտալում, որտեղ բուժում են ստանում մեր սահմանները պահպանող զինվորները:

    Եթե նրանք արժանի են իրենց նկատմամբ նման վերաբերմունքի, ուրեմն երբեք չենք կարողանա մեր երկիրը ոտքի հանել; Այս ամենաթողության մեջ, երբ ձեր պատգամավորներն ու նախարարները ամբողջ բժշկական բիզնեսի սեփականատերերն են, ստանում են գերշահույթներ հասարակությունից, ձեր իսկ կողմից ստեղծված 1000 դրամների ֆոնդը, որը գրեթե 1 միլիոն դոլար է կազմում ամսական, ինչպես կարելի է աչք փակել այս ամենի վրա:

    Թափ տվեք ում որ պետք է, կարգի բերեք Հայաստանի միակ պետական զինհոսպիտալը, այլապես ձեր բոլոր բարձրագոչ խոսքերը փառքի ու պատրիոտիզմի մասին կարժենան ճիշտ այնքան, ինչքան այս հաստատության մեռյալ պատերը»:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031