Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում անպատժելիություն է տիրում համատարած, ապատիան դրանում է, անելանելիության վիճակ է». Սաքունց

Դեկտեմբեր 10,2017 17:03

«Դրական միտում Հայաստանում կարող ենք արձանագրել, եթե Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով ձեռք բերված պարտավորությունները կատարելու ուղղությամբ քայլեր լինեն, որոնք չենք տեսել: Դրա համար որեւէ դրական տեղաշարժի մասին նույնիսկ աբսուրդ է խոսել»,- Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության մասին՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության օրն է:

Ըստ Արթուր Սաքունցի՝ Հայաստանը 2015-ի սահմանադրական փոփոխություններով հետընթաց է արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում՝ հենց սահմանադրական ձեւակերպումներով եւ դրանից հետո նաեւ ձեւավորված օրենսդրական փոփոխություններով. «Բայց առավել մտահոգիչ է, որ իշխանության ներկայացուցիչները, ընդհուպ ամենաբարձր մակարդակում, հանձինս Սերժ Սարգսյանի, իրենց հատկապես վերջին ժամանակահատվածում հրապարակային ելույթներում, մեկնաբանություններում արտահայտում են մոտեցումներ, որոնք որեւէ ընդհանուր եզր չունեն մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ, նույնիսկ գիտակցումը այդ հասկացությունների իսպառ բացակայում է նրանց խոսքում: Սա շատ ավելի մտահոգիչ է եւ փաստում է, որ մենք ընթանում ենք պետության դեգրադացիայի ճանապարհով:

Այդ ճանապարհին մենք անընդհատ արձանագրում ենք ակնհայտ հետընթաց մարդու իրավունքների բնագավառում՝ թե՛ իրավական հարթության վրա՝ օրենսդրական դաշտում, թե՛ գործնականում, մարդու իրավունքների խնդիրների նկատմամբ վերաբերմունքում: Այն եզակի քայլերը, որ կատարում են մարդու իրավունքների բնագավառում պայմանագրերի կնքման կամ եվրոպական դատարանների որոշումների կատարման առումով, դրանք ոչ թե բովանդակային իմաստով են կատարում, այլ՝ զուտ որպես ստիպված քայլեր, որը բացարձակապես որեւէ ազդեցություն չի ունենում իրավիճակի փոփոխության վրա»: Հարցին՝ ո՞ր ոլորտներում է առավել խոցելի մարդու իրավունքների պաշտպանությունը՝ Սաքունցը պատասխանեց, որ մարդու իրավունքների ամբողջ ցանկով եթե նայենք, բոլոր առումներով էլ ՀՀ-ում մարդը խոցելի է՝ թե՛ հիմնարար իրավունքների առումով՝ խոսքի ազատություն, հավաքների ազատություն, կարծիքի արտահայտման ազատություն, արդար դատավարություն, սոցիալ-տնտեսական իրավունքներ, թե մնացած բոլոր բնագավառներում, մենք խոցելի ենք:

Մեր հարցին՝ դուք դժգոհություններ եք ներկայացնում, երբ ՀՀԿ-ականներին փոխանցում ենք, անմիջապես հակադարձում են, թե այդպես ապատիա եք տարածում, մի հատ Ադրբեջանին նայեք, տեսեք մենք ինչքան առաջ ենք հետ: Արթուր Սաքունցն արձագանքեց. «Ադրբեջանը, Բելառուսը, Թուրքմենստանը շատ ավելի հետ են, իսկ մենք հետ ենք ոչ թե նրանց համեմատ, այլ առհասարակ, մարդու իրավունքների ստանդարտներն են կարեւոր: Ապատիան վերաբերվում է հենց անպատժելիության այն մթնոլորտով, որը գոյություն ունի: Իսկ ՀՀ-ում անպատժելիություն է տիրում համատարած, խախտումների ծավալներին համարժեք չենք տեսնում խախտում կատարողների այդ պատասխանատվության ինստիտուտը: Ապատիան դրանում է, այսինքն, անելանելիության վիճակ է: Դրանով հասարակության նոր շերտեր են ներգրավում այդ խոցելի խմբերում: Եթե 900 հազար մարդ աղքատ են համարվում, նրանք ոչ թե միայն սոցիալապես են աղքատ, նրանց հիմնարար իրավունքներն են խոցելի: Մենք տեսանք ԱԺ ընտրությունների ժամանակ, թե համատարած ընտրակաշառքը ինչ ազդեցություն թողեց, այնպես որ, ապատիան տարածում են նրանք՝ իրենց գործողություններով»:

Արթուր Սաքունցի խոսքով՝ այն, որ քաղաքական հետապնդումներ կան ՀՀ-ում քաղբանտարկյալներ՝ արդեն խոսում է ՀՀ-ում մարդու իրավունքների անպաշտպանության մասին. «Ամենավերջին օրինակը Գեւորգ Սաֆարյանի դեպքն էր, երբ ոչ միայն նախորդ անհիմն քրեական հետապնդումն իրականացրեցին նրա նկատմամբ, այլ նաեւ մինչեւ ժամկետն ավարտելը նախկին պատժաչափի, նոր ավելացում եղավ կալանքի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031