«Հարցվածների 26.7 տոկոսը դրական է գնահատում ՀՀ նախագահի աշխատանքը, 26.2 տոկոսը՝ ՀՀ վարչապետինը»,-Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով իրենց կատարած հետազոտության արդյունքները՝ նշեց Gallup International Association-ի՝Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նա տեղեկացրեց, որ հարցումն իրականացվել է նոյեմբերի 11-22-ը ամբողջ ՀՀ-ում՝ ներկայացուցչական ընտրանքով: Մասնակցել է 1108 հոգի:
Պարոն Նավասարդյանի փոխանցմամբ՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետ կապված հասարակական տրամադրությունները մեկ տարվա կտրվածքով գրեթե նույնն են մնացել:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշի փոփոխությանը՝ պարոն Նավասարդյանը մանրամասնեց. «Համեմատած վարչապետի գործելաոճի գնահատման այն բարձր ցուցանիշի հետ, որ գրանցվել էր մեկ տարի առաջ՝ 85.1 տոկոս, հիմա դրական գնահատականը դարձել է 57 տոկոս: Այսինքն՝ 28 տոկոսի անկում կա: Բայց, միևնույն է, փաստենք, որ անգամ այս պարագայում վարչապետի վարկանիշը մյուս պաշտոնյաներից դեռ բարձր է»:
Արամ Նավասարդյանը հավելեց, որ դեռ չեն անդրադարձել այլ քաղաքական գործիչների, բայց քանի որ ունեն հետազոտության բավականին մեծ փորձ, այս պարագայում կարող են նշել, որ վարչապետի վարկանիշը դեռ մնում է բարձր. «Այստեղ պետք է խոսենք այն մասին, որ 85 տոկոսից վարկանիշն իջել է 57-ի: Բացասական դինամիկան ինքը՝ որպես քաղաքական գործիչ, պետք է հաշվի առնի»:
Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է նման մեծ անկման պատճառը, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Սկզբից ոգևորություն մտավ քաղաքացիների մեջ, իսկ հիմա քաղաքացիները դեռ արդյունքները չեն զգում: Մարդիկ կարող են կես տարի սպասել, որ արդյունքներ կլինեն, բայց երբ մեկ տարին անցնում է, և իրենց ընտանիքի սոցիալ- տնտեսական իրավիճակի վրա դրական փոփոխություն չեն զգում, էյֆորիան անցնում է և միայն դրական իլյուզիաներով չեն կարող ապրել, ուստի գնահատում են՝ ըստ արդյունքների»:
Անդրադառնալով վարչապետի և նախագահի գործունեության վերաբերյալ հարցվածների գնահատականին՝ պարոն Նավասարդյանը հիշեցրեց, որ վերջին 5-6 տարվա կտրվածքով դրական գնահատականների հերթականությունը հետևյալն էր. «Հարցվածների կողմից ամենաբարձր գնահատական էր ստանում նախագահը, հետո վարչապետը, հետո ԱԺ-ն՝ գործունեության հետ կապված: Վերջին երկու փուլում, որ հարցումներ էինք իրականացնում՝ անցյալ նոյեմբերին և այս տարի հուլիսին, փոքրիկ խզում էր տեղի ունեցել: Հատկապես այս խզումը մեծ էր անցյալ տարի նոյեմբերին: Կառավարության գնահատականն ավելի էր բարձրացել, քան նախագահինը: Հուլիսին ցուցանիշները գրեթե հավասարվել էին: Սակայն մեր վերջին հարցման ցուցանիշներով՝ իրավիճակը հանգել է ստանդարտի: Հիմա ՀՀ նախագահի աշխատանքն ավելի բարձր են գնահատում, քան վարչապետինը»:
Մեր այն հստակեցմանը՝ փաստորեն, հիմա Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Կարեն Կարապետյանինը, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Ավելի շուտ պիտի խոսենք, որ վարչապետի վարկանիշն է նվազել: Այն ֆոնին, որ երբ բարձր էր վարչապետի վարկանիշը, դա ինչ-որ կերպ ազդել էր նրա վրա, որ կառավարության գնահատականն ավելի բարձր էր եղել: Հիմա վերադարձանք սովորական իրավիճակի: Մենք հարց ենք տվել՝ ինչպե՞ս եք գնահատում ներքոշարադրյալների աշխատանքը: Այս պարագայում մի փոքր ավելի է նախագահի վերաբերյալ դրական գնահատականը՝ 26.7, իսկ վարչապետինը 26.2 տոկոս»:
Ըստ հարցումների արդյունքների՝ աճել է նաև եվրոպական երկրների հետ միավորվել ցանկացողների թիվը: Արամ Նավասարդյանը հայտնեց. «Շեշտեմ, որ հարցումներն իրականացրել ենք մինչև ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը: ՌԴ-ի հետ կապված ինտեգրման վեկտորը նվազել է, դեպի Եվրոպա ինտեգրման վեկտորն՝ աճել: ՌԴ-ի հետ միավորվելու տեսանկյունից ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 2012-ին՝ 63 տոկոս, իսկ այժմ այդ ցուցանիշն իջել է մոտ 45 տոկոս: Եվրոպական երկրների հետ 7 տոկոսն էր նախկինում ուզում միավորվել, հիմա ցուցանիշը 14 տոկոս է: Նկատենք, որ ՌԴ-ի հետ կապված նվազումը զգալի է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ