«Ելք» խմբակցությունը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու գործընթացի վերաբերյալ խորհրդարանական լսումներ է կազմակերպել: Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը ներկայացրեց այն հետընթացը, որ ապրել է ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով: Նա նշեց, որ տնտեսական հետընթացին զուգահեռ՝ նաեւ ՀՀ անվտանգությունը չի պահպանվել. ԵԱՏՄ անդամակցության 3 տարում ՀՀ ՀՆԱ-ն կրճատվել է դոլարային հաշվարկով 8 տոկոսով, զբաղվածության մակարդակը 13 տոկոսով, միջազգային պահուստները՝ 40 տոկոսով, պետական պարտքն աճել է 10 տոկոսով, ԵԱՏՄ անդամակցությամբ առաջնային անհրաժեշտության շուրջ 900 ապրանք անխուսափելիորեն թանկանալու են, 750 անուն ապրանք թանկանալու են 2018-ից, դա է պատճառը, որ շուկայում արդեն սկսել են թանկացումները»:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ ԵԱՏՄ-ում չի ապահովում աշխատուժի, ֆինանսական միջոցների ազատ տեղաշարժը, ինչը ամրագրված է օրենքներով, ՀՀ գործընկեր ՌԴ-ն շարունակում է զինել Ադրբեջանին՝ գերժամանակակից, հզոր, հակամարդկային զինատեսակներով, Ադրբեջանի կողմից դրա հետեւանքով զինադադարի ռեժիմի խախտումներն ու ծավալներն ավելացել են: Ուսի այս ամենը հաշվի առնելով՝ Մարուքյանն ասաց, որ ծայրահեղ վտանգավոր է այս գործընթացի շարունակականությունը, ուստի ԱԺ-ն պետք է հայտարարի, որ ՀՀ-ն պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական գիծ:
Այս նախագիծը դրվել է շրջանառության մեջ: Ըստ Մարուքյանի, այս ԱԺ հայտարարությունը բավարար կլինի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար: Էդմոն Մարուքյանն ասաց, որ ԵԱՏՄ անդամակցությունը սահմանափակել է ՀՀ հնարավորությունները՝ երրորդ երկրների հետ համագործակցության համար, այդ պայմանագիրը թույլ չի տալիս ազատ առեւտրի պայմանագրեր կնքել այլ երկրների հետ՝ հարեւան երկրներից սկսած՝ մինչեւ հեռավոր Չինաստան. «Մեզ ասում են՝ արդեն մտել ենք, եկեք աշխատենք, ինչ կարողանում ենք՝ քաղենք…Եթե ԵԱՏՄ պայմանագիրը գործեր, միգուցե մեր փաստարկները թույլ լինեին: Բայց պետք է արձանագրենք, որ ԵԱՏՄ համաձայնագիրը չի գործում, սա ՌԴ-ի կողմից նախաձեռնած հերթական փաստաթուղթն է, որ չի գործում»: Նա, որպես օրինակ, նշեց ՀՀ քաղաքացիների մասսայական դեպորտը՝ ՌԴ տարածքից, վարորդական իրավունքի հարցը. «Օրինակ, երկու անգամ ՀՀ քաղաքացին եթե կարմիր լույսի, կամ այլ ճանապարհային երթեւեկության կանոն է խախտում, մուծում է տուգանքը, կարող է դեպորտացիայի ենթարկվել: Ունենք դեպքեր: ԵԱՏՄ-ի հետ կապված ասում են՝ ճիշտ է, պրոբլեմներ կան, բայց պետք է շուստրի լինենք, կարողանանք օգտվել դրանից, ասում են՝ բաշարեք, դուք էլ գնացեք, մի բան տարեք-բերեք, բան…Մենք չենք ուզում լինել մի միության անդամ, որտեղ պետք է շուստրի լինես, որ շահ ստանաս, պետք է բաշարես, որ օգուտ քաղես»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ