«Ճամփորդ» հիմնադրամի կազմակերպած՝ «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն՝ օնլայն եւ օֆլայն պատերազմական իրավիճակում» դասընթացի մասնակից-լրագրողների հետ հանդիպմանը ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը հստակեցրեց, որ տարկետման իրավունքի սահմանափակմամբ պայմանավորված՝ առաջիկայում Գեւորգյան հոգեւոր ճեմարան ընդունվածներն այլեւս տարկետման իրավունք չեն ստանա (ասել է թե՝ 18 տարին լրանալուն պես կզորակոչվեն.-խմբ.):
«Առաջիկա ուսումնական տարում Գեւորգյան հոգեւոր ճեմարանի համար տարկետում չենք նախատեսում: Իսկ ներկայիս ուսանողները շարունակելու են ուսումնառությունը»,-տեղեկացրեց Սասուն Սիմոնյանը:
Նրա փոխանցմամբ՝ կառավարության 2000 թ. որոշմամբ՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանը, Սեւանի Վազգենյան դպրանոցը եւ եւս երեք քոլեջներն են միայն օգտվում տարկետման իրավունքից: Սիմոնյանը նշեց, որ այս օրենսդրական ակտն ուժը կորցրած է ճանաչվելու, քանի որ ԱԺ վերջերս ընդունած օրինագծով տարկետման իրավունքը սահմանափակվում է եւ տրվում միայն ՊՆ «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերին դիմածներին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ